Միասնական քննությունների համար ձևավորվել է 47 քննական կենտրոն, որից 17-ը Երևանում, մնացածը՝ մարզերում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր աշխատանքային քննարկում է անցկացրել հուլիսի առաջին տասնօրյակում անցկացվելիք ընդունելության քննությունների կազմակերպչական հարցերի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Մինչև քննարկման բովանդակային մասին անցնելը, ԿԳՄՍ նախարարը շնորհակալագրեր է հանձնել դիմում-հայտերի առցանց հարթակի` dimord.am կայքի ստեղծման մասնագիտական թիմի ներկայացուցիչներին: Նախարարը շնորհակալություն է հայտնել Գնահատման և թեստավորման կենտրոնի մասնագետներին` նշելով, որ չնայած սեղմ ժամկետներին, նրանց հաջողվել է ստեղծել տեխնիկական բավարար լուծումներով կայք, որի շնորհիվ հնարավոր է եղել համավարակի պայմաններում ապահովել դիմորդների հայտերն առցանց եղանակով համակարգ մուտքագրելն ու բուհերի ընդունելության գործընթացը բնականոն կազմակերպելը:

ԳԹԿ պատասխանատուները ներկայացրել են ընդունելության միասնական քննությունների կազմակերպչական աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ կենտրոնացված քննությունների անցկացման համար ձևավորվել է 47 քննական կենտրոն, որոնցից 17-ը՝ Երևանում, մնացածը՝ մարզերում: Համեմատության համար նշենք, որ անցյալ տարի հանրապետությունում ստեղծվել էր 33 քննական կենտրոն, որից 10-ը՝ Երևանում:

Քննություններից մեկ օր առաջ Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ծառայությունը կախտահանի քննական բոլոր կենտրոնները, քննական օրերին դիմորդներն ու կազմակերպչական աշխատակազմը պարտադիր կջերմաչափվեն: Համապատասխան վերահսկողություն կիրականացնեն նաև առողջապահության նախարարության և ոստիկանության ներկայացուցիչները:

Ա.Հարությունյանը հանձնարարել է նաև ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները քննությունների ընթացքում դիմորդների և կազմակերպչական աշխատանքներ իրականացնող անձնակազմի վարակման ռիսկերը չեզոքացնելու և անվտանգության կանոնները պահպանելու ուղղությամբ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Միասնական քննությունների համար ձևավորվել է 47 քննական կենտրոն, որից 17-ը Երևանում, մնացածը՝ մարզերում"

Leave a comment

Your email address will not be published.


*