Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ 4 հայ թեկնածու է անցել. «Նոր Յառաջ»

Կիրակի՝ հունիսի 11-ին, Ֆրանսիայում տեղի է ունեցել խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը: Ազգային ժողովում 577 տեղի համար իրենց թեկնածությունն էր առաջադրել 7.882 թեկնածու: Ինչպես գրում է «Նոր Յառաջ» թերթը, 4 հայ թեկնածու հավաքել է անհրաժեշտ քանակությամբ ձայն երկրորդ փուլում մրցապայքարը շարունակելու համար։

Նախնական արդյունքների համաձայն՝ նախագահ Էմանուել Մակրոնի հիմնած «Առաջ, հանրապետություն» (La République en marche) կուսակցությունը ջախջախիչ հաղթանակ է տարել՝ ստանալով ձայների 32,3 տոկոսը, ինչը նշանակում է, որ նա կարող է հավակնել 445 տեղից 390-ին: Այնուամենայնիվ, խորհրդարանի մանդատ ստացած թեկնածուների թիվը հստակ կլինի միայն ընտրությունների երկրորդ փուլից հետո, քանի որ միայն չորս թեկնածուի է հաջողվել ընտրվել առաջին փուլում: Դրա համար անհրաժեշտ է երկու պայման, որոնցից մեկն է առնվազն 50 տոկոս ձայն ստանալու անհրաժեշտությունը: Երկրորդ պայմանի համաձայն՝ թեկնածուի հավաքած ձայների քանակը պետք է առնվազն հավասար լինի ընտրատարածքում գրանցված քվեարկողների թվի 25 տոկոսին:

Նախագահի կուսակցությանը հաջորդում են հանրապետականները՝ 21,6 տոկոս ձայնով, նախագահի նախկին թեկնածու Մարին լը Պենի «Ազգային ճակատ» կուսակցությունը՝ 13,2 տոկոս ձայնով, «Չնվաճված Ֆրանսիա» կուսակցությունը՝ 11 տոկոս ձայնով, և Սոցիալիստական կուսակցությունը՝ 9,5 տոկոս ձայնով:

Օ դը Սեն դեպարտամենտի 7-րդ ընտրատարածքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցության թեկնածու Ժակ Մարիլոսյանը 48,48 տոկոս ձայնով առաջին տեղն է զբաղեցրել: Երկրորդ փուլում նա մրցելու է հանրապետականների թեկնածու Էրիկ Պերտոաթիի (27,91 տոկոս) հետ:

Ռոնի 13-րդ ընտրատարածքում «Առաջ, հանրապետություն» կուսակցության թեկնածու Դանիել Ղազարյանն առաջին տեղն է զբաղեցրել՝ ստանալով 33,99 տոկոս ձայն: Նա երկրորդ փուլում մրցելու է հանրապետականների թեկնածու Ֆիլիպ Մեոնյեի հետ, ով ստացել է 20,81 տոկոս ձայն:

Պուշ դիվ Ռոնի առաջին ընտրատարածքում «Առաջ, հանրապետություն» կուսակցության թեկնածու Պասկալ Շամասյանը լավագույն արդյունքն է գրանցել՝ 29,43 տոկոսով: Նրան հաջորդում է հանրապետականների թեկնածու Վալերի Բուայեն՝ 24,38 տոկոսով: Նրանք կմրցեն երկրորդ փուլում:

Շեր դեպարտամենտի 2-րդ ընտրատարածքում «Դեմոկրատական շարժում» կուսակցության թեկնածու Նաթիա Եսայանը ստացել է առավելագույն թվով ձայներ՝ 33,6 տոկոս, նրան 24,40 տոկոս ձայնով հաջորդում է համայնքի ղեկավար Նիկոլա Սանսիվը: Նրանք մրցելու են ընտրությունների երկրորդ փուլում:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ 4 հայ թեկնածու է անցել. «Նոր Յառաջ»"

Leave a comment

Your email address will not be published.


*