Մարդիկ առավոտյան արթնանում են և մինչև քնելը թալանվում. Զոհրաբ Զոհրաբյան

  Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական համապետական ընտրությունների շրջանակներում օրերս զրուցեցինք «Ծառուկյան» դաշինքով թիվ 2 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Զոհրաբ Զոհրաբյանի հետ:

 

Պարոն Զոհրաբյան,  ինչու՞ որոշեցիք առաջադրել Ձեր թեկնածությունը, նախընտրական ի՞նչ խոստումներ եք տվել ընտրողներին:

 Այդ հարցի պատասխանը ասել և ասում եմ ամեն Աստծո օր, որովհետև այսօր սոցիալական այնպիսի ծանր իրավիճակում է գտնվում մեր ժողովուրդը, որ անհնար է անտարբեր մնալ, թշնամի էլ չէ, «այլմոլորակային» պետք է լինես առնվազն, որ անտարբեր լինես քո ժողովրդի ցավին: Միայն դրա համար:

 

Ի՞նչ բացթողում կա այժմյան իշխանություններում , որը Դուք կցանկանայիք «Ծառուկյան դաշինք»-ի միջոցով ուղղել, վերացնել:

Բավականին շատ բացեր կան, թող ամպագոռգոռ խոսքեր չթվան, բայց յուրաքանչյուր ոլորտում հսկայական բացեր ու ճեղքվածքներ ունենք: Եթե ես հիմա սկսեմ մատնանշել այդ ամենը՝  երևի թե օրեր են պետք, որ կարողանանք հասկանալ, որովհետև մենք ամեն ոլորտի համար ունենք վերլուծված ծրագիր, բանաձև, որ պիտի մատուցենք և շատ արագ կերպով դրական արդյունք ստանանք:

 

«Ծառուկյան դաշինք»-ն առաջադրել է 15 կետեր, առաջնային քայլեր երկրի սոցիալտնտեսական վիճակը բարելավվելու.  ի՞նչ եք կարծում՝ դրանք բավարա՞ր են երկիրը ստեղծված իրավիճակից դուրս հանելու համար և ո՞րն եք առաջնահերթ համարում:

Այդ կետերը հենց հիմնախնդրի լուծման մեխերն են, դա ծրագիր է, որը պետք է 1,2 օրում իրականացնենք, որովհետև դրանք այն կետերն են, որոնք ամեն օր ծանրացած են մեր ժողովրդի ուսերին: Այսօր մարդիկ առավոտյան արթնանում և մինչև քնելը թալանվում են, մտածում են որտեղից փող ճարեն, որ այդ տուգանքները, վճարումները կատարեն, նույնիսկ չեն էլ հասցնում օրվա հացը վաստակել:

Ամենաառաջնային կետը դա թոշակառուների և բյուջետային աշխատողների աշխատավարձի բարձրացումն է, որը իրատեսական է և կա հստակ ծրագիր՝ շատ արագ կերպով իրականացնելու համար:

 

Դուք նաև Արաբկիրի սպորտ դպրոցի տնօրենն եք եղել և, չնայած պարոն Ծառուկյանը սպորտի ոլորտին մեծ ուշադրություն է դարձնում, այդուհանդերձ, Դուք  այդ ուղղությամբ որևէ բան մտածե՞լ եք իրականացնել, բարեփոխել:

 Իհարկե, հենց հիմա ունենք հստակ ծրագիր և ոչ միայն Արաբկիրի, այլ նաև ամբողջ Երևանի համար: Մենք ունենք կրթական օջախներ, սպորտային մարզադպրոցներ, որոնք պետք է վերակառուցվեն եվրոպական չափանիշներին համահունչ և բացի այդ կա նաև  պատմամաշակությային ծրագիր՝ հուշարձանների վերաբերյալ: Շատ բարձիթողի վիճակում են դրանք գտնվում, մենք ունենք գեղեցիկ հուշարձաններ, որոնք ոչ ոք չի տեսնում և չի կարողանում օգտվել դրանց հասանելի լինելուց, որովհետև զբոսաշրջիկները շատ քիչ բան են տեսնում այստեղ, բայց նրանց բացի մեր կոլորիտից և խոհանոցից նաև պատմամշակութային կոթողներն են գրավում: Ուզում եմ ասել, որ ունենք հստակ ծրագրեր, որոնք պետք է իրականացնենք շատ արագ: Էլի եմ ասում, ինչ մասին որ մենք խոսում ենք օրերի, ամիսների հարց է լինելու, որովհետև արդեն հստակ ուսումնասիրված է, թե ինչ ենք անելու, որտեղ և երբ:

Բավականին տարածված տեղեկատվություն և նույնիսկ խոսուն փաստեր կան ընտրակաշառքների վերաբերյալ, այս դեպքում ի՞նչ կասեիք իրենց ձայնը վաճառել ցանկացող կամ գուցե արդեն վաճառած քաղաքացուն:

Սա շատ պատասխանատու ընտրություն է լինելու ամբողջ մեր ժողովրդի, պետության և պետականության համար: Նմանօրինակ ընտրություն մեզանում դեռ չի եղել, որովհետև Ազգային ժողովի ներկայացված լինելու պարագայում պատգամավորների ձայնը լինելու է որոշիչ բոլոր ոլորտների համար, որը պետք է օգտագործվի ի շահ ժողովրդի և պետության: Սրանով արդեն ամեն ինչ ասված է:

 

«Ծառուկյան դաշինք»-ը ամփոփում կատարեց իր նախընտրական քարոզարշավը և Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ շահել են ժողովրդի վստահությունը, այս առումով Դուք ի՞նչ կասեք:

 Ես հստակ կարող եմ ասել, որ մենք հզոր ուժ ենք ներկայացնում, մենք բոլորս ՝Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ բաց ենք ժողովրդի առաջ, որովհետև ամենօրյա աշխատանքով, հանդիպումներով այդ մարդը և մենք երբևիցե ժողովրդից հեռու չենք եղել: Ամեն օր մարդկանց կողքին ենք՝ անկախ նրանից, թե որտեղ ենք գտնվում, ինչ իրավիճակում: Դրա համար կարող եմ ասել, որ ժողովուրդն արդեն լուրջ վստահություն ունի մեր հանդեպ և չկողմնորոշված մարդիկ էլ այսօր արդեն ուզում են իմանալ մեր ծրագրերը և հասկանալ, թե դրանք իրականում որքան իրատեսական են, որը մենք արդեն կապացուցենք կոնկրետ գործով:

 

Պարոն Զոհրաբյան, ինքներդ, դաշինքից զատ, կարգախոս ունե՞ք:

«Ես ձեզանից մեկն եմ», որը եղել է իմ ամբողջ հասկացողական կյանքի կարգախոսը: Ես միշտ փորձել եմ ժողովրդի կողքին լինել, իմ հարազատների, մտերիմների, հետո ամբողջ իմ հայ ազգի:

 

Որպես ամփոփիչ խոսք ի՞նչ կցանկանայիք ասել ընտրության գնացող ժողովրդին:

Ես կխնդրեի հույսն ու հավատը չկորցնել, բոլոր խնդիրները լուծելի են, անխտիր բոլոր, միայն պետք է հավատով ապրենք, առաջնորդվենք Աստծով և անենք բարի գործեր:

 

Զրուցեց՝ Մերի Եղիազարյանը

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Մարդիկ առավոտյան արթնանում են և մինչև քնելը թալանվում. Զոհրաբ Զոհրաբյան"

Leave a comment

Your email address will not be published.


*