Առաջին իսկ օրվանից լծվել ենք գյուղի մաքրման և բարեկարգման աշխատանքներին. Վ. Սիմոնյան

Անցած տարի՝ 2016թ.-ին ՀՀ մի շարք մարզերի գյուղական և քաղաքային համայնքներում տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ: ՀՀ Կոտայքի մարզի Զովունի համայնքում ևս ընտրություններ էին, որի արդյունքում համայնքի ղեկավար ընտրվեց Վրույր Սիմոնյանը:

gmpress.am-ը հետաքրքրվեց, թե գրեթե մեկ տարվա ընթացքում նորընտիր գյուղապետն ինչ աշխատանքներ է հասցրել անել համայնքի և բնակիչների համար, որին ի պատասխան վերջինս մեզ հետ զրույցում պատմեց, որ առաջին իսկ օրվանից լծվել են գյուղի մաքրման և բարեկարգման աշխատանքներին.  ‹‹40 փողոցի ներքևում մի ահավոր վիճակ էր. ամբողջ գյուղի կոյուղին լցվում էր այդտեղ՝ մարդկանց նկուղները, դա ենք կարգավորել, խողովակներն ենք բոլոր փոխել՝ կատարելով մոտ 25 մլն.-ի աշխատանք: Մանակապարտեզի շենքի հետևում գտնվող՝ երեխաների խաղալու համար նախատեսված տարածքն ամբողջությամբ  ճահիճ էր դարձել՝ դա էլ ենք վերացրել, կարգավորել: Գյուղի մոտ 40% ը գազաֆիկացված չի, մեր ուշադրության կենտրոնում առաջնահերթ հարցերից մեկը նաև սա է եղել, որի ուղղությամբ աշխատանքներն արդեն տարվում են, նախահաշիվը պատրաստ է,   3 մլն. գումար ենք փոխանցել դրա համար, ժողովրդին էլ ասել ենք, որ իրենք էլ իրենց միջոցները պետք է ներդնեն, որ միահամուռ ուժերով  այս կարևորագույն գործընթացն իր ավարտին հասցնենք: Ունենք նաև լուսավորության խնդրի հետ կապված նախահաշիվը (գյուղի մոտ 50%-ը լուսավորված չի), մոտ ժամանակներս, գումար լինելու դեպքում, դա էլ կարվի:

Հուշարձանն ենք վերանորոգել, սալիկապատել՝ կատարելով մոտ 5մլն.-ի աշխատանք, բայց բյուջեից ընդամենը 1մլն. դրամ ենք տրամադրել. մեր համայնքի ժողովուրդն է հավաքվել, աջակցել մեզ, որ միասնական ուժերով այս կարևորագույն կոթողը ոտքի կանգնեցնենք: Նշեմ, որ հուշարձանի բացումը եղել է  1985 թ-ին, այն ժամանակ նվիրված է եղել Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին, որի ժամանակ Զովունիից 99 զոհ ենք ունեցել, հետո արդեն Արցախյան հերոսամարտի մեր զոհվածներին  այնտեղ հուղարկավորեցինք, որը դարձավ զոհերի հիշատակի հուշարձան, այս տարի մայիսի 9-ին Քառօրյա պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշաքարի բացումը կատարեցինք:

Մեծ թվով ծառատնկման աշխատանքներ ենք կատարել`  մոտ  800 ծառ: Մանկապարտեզում չորրորդ խումբը բացեցինք, գույք ձեռք բերեցինք: Այժմ այն շատ լավ, կարելի է ասել, ընտրագույն վիճակում է գտնվում, վերանորոգված է և գազաֆիկացված:

Հիմա մանակապարտեզի հենց դիմացի հատվածում խաղահրապարակ ենք սարքում երեխաների համար, որի նմանը մարզում ոչ մի մանկապարտեզ չունի՝ յուրահատուկ տեխնոլոգիայով, անվտանգ, համասեռ, ռետինապատ, տրավմոանվտանգ, որի բացումը շուտով կանենք: Մշակույթի տան այգին աղբանոց էր դարձել, ծառեր ենք տնկել, ցերեկային լույսեր անցկացրել, նստարաններ դրել, դարձել է իրոք զբոսայգի, ժողովուրդը նույնիսկ ասում է, թե նստարանները քիչ են, մի քիչ էլ պետք է ավելացնենք:

Մշակույթի տան սպորտդահլիճը, սանհանգույները, հանդերձարանը վերանորոգել ենք, մոտ օրերս նախատեսում ենք ջեռուցում անցկացնել, իսկ հարևանությամբ շուտով նաև շախմատի դպրոցի շինարարությունը կսկսենք:

Մեր ուժերով գերեզմանատանը մոտ 300 մետր ջրագիծ ենք անցկացրել, այնտեղ հիմա ջուր կա: Դպրոցի խաղահրապարակի ֆուտբոլի դաշտը ևս անմխիթար վիճակում էր, հիմա արդեն հողալցումն ենք անում, որ  կանաչապատենք››:

Խոսելով խնդիրների մասին, պ. Սիմոնյանն առաջնահերթ առանձնացրեց համայնքի ամենախոցելի՝ խմելու ջրի հարցը, որը սպասարկում է ‹‹Վեոլիա ջուր››-ը, նշելով, որ թաղամաս կա նույնիսկ, որ օրվա մեջ ընդամենը երկու ժամ է ջուր ստանում: Այս հարցով բազմիցս դիմել են վարչապետին, Ազգային ժողով, Ջրային կոմիտե, ‹‹Վեոլիա ջրի›› ներկայացուցչի հետ քննարկումներ են արել, առաջարկել Քանաքեռավանից ինքնահոս նոր ջրագիծ բերենք՝ փոխարինելով պոմպակայանին, բայց իրենք էլ ասում են, թե ներքին ցանցն է շարքից դուրս եկել և ավելի լավ է դա փոխվի: Գրությանն ի պատասխան էլ համապատասխան ատյաններ, պատասխանել են, որ պետք է սպասեն մինչև հարցը մտցվի ծրագրի մեջ: Իսկ թե ինչքան պետք է սպասեն՝ անհայտ է:

Ոռոգման ցանցի հետ գլոբալ առումով խնդիր չկա, ինչպես փաստում է համայնքի ղեկավարը՝ գարնանը մոտ 300 մետր վթարային խողովակներ են վերանորոգել, 5 նոր փականներ դրել, դպրոցի և մանկապարտեզի տարածքում ևս ոռոգման ցանց է անցկացվել: Այս ամբողջ գործընթացի իրականացման համար համայնքի բյուջեից է գումար տրամադրվել:

Ասֆալտապատման խնդիր ևս շուտով չի լինի, դրանից զուրկ նոր թաղամասում՝ կրկին համայնքի բյուջեի հաշվին մոտ օրերս կսկվեն աշխատանքները:

Աղբահանությունը կատարվում է մեկ շաբաթական մեկ անգամ, բայց որոշում կա արդեն այն հասցնելու  երկուսի:

Հարկ է ընդգծել, որ Զովունի համայանքում ուսանողներին տեղափոխող անվճար երկու ավտոբուս կա:

Անդրադառնալով հետագա ծրագրերին՝ համայնքի ղեկավարը խոսեց նոր՝ կարևորագույն  ծրագրի մասին. ‹‹Արդեն պայմանագիրը կնքված է, ծրագրել ենք իրականացնել կերարտադրություն՝ նոր տեխնոլոգիաներով, որի շահույթի 15%-ը  համայնքինն է լինելու: Դա նոր տեխնոլոգիա է, որի արդյունքում բարձրացվում է կաթնատվությունը, ասենք՝ եթե հիմա մեր տեղական կովերը տալիս են 5 լիտր կաթ, արդեն 10 լիտր են տալու: Մնում է միայն, որ բոլորս գիշեր ու ցերեկ աշխատենք, որ կարողանանք մի քիչ հոգսերը թեթևացնենք››, -ավարտեց իր զրույցը Զովունի համայնքի ղեկավարը:

Համայնքի ղեկավարի զրույցից անմիջապես հետո, զրույցի հետքերով եղանք նաև մանկապարտեզում և Մշակույթի տանը, որտեղ, ինչպես արդեն նշել էր պարոն Սիմոնյանը, բավականին աշխատանքներ են կատարվել, զրուցեցինք տնօրենների հետ, նրանց հետ միասին շրջեցինք համապատասխան հաստատություններում:

‹‹Առաջին աշխատանքը, որ մեր նոր գյուղապետը կատարել է՝ դա մանկապարտեզի հարակից այգում կոյուղաջրերի հեռացման աշխատանքն էր, ինչը նպաստեց, որ մանկապարտեզի շենքի  հիմքը ավելի ամրացավ, պատերը չորացան և ամեն ինչ արդեն սկսեց իր բնականոն հունով ընթանալ: Վերաբացվեց չորրորդ խումբը, ինչը մեծ օգնություն էր համայնքի ընտանիքներին՝ ևս 22 երեխա ընդգրկվեցին մանկապարտեզում, նոր գույք ձեռք բերվեց՝ կրկինհամայնքապետարանի աջակցությամբ: Այսօր մանկապարտեզ են հաճախում մոտ 110 երեխա, հագեցած աշխատում ենք, կարիք կա ևս մեկ խմբի բացման, ծնողները շատ գոհ են, քաղաքի մանկապարտեզներից էլ նույնիսկ վերադարձեր են լինում: Երեխաները շատ որակյալ սնունդ են ստանում, բոլոր ստանդարտներին համապատասխան, սննդակարգի մեջ անպայման ներառված են մրգեր, քաղցրավենիք: Պարոն Սիմոնյանի գլխավորությամբ ձեռք ենք բերել նաև սառնարան, համակարգիչ, երաժշտական կենտրոն՝ բարձրախոսով, մեծաքանակ խոհանոցային, կենցաղային տեխնիկա, լվացքատունն ենք շահագործել: Խաղահրապարակը, որ դեռևս կառուցման փուլում է, ևս նորություն է, աջակցում է մեր համայնքի ղեկավարը, այսպիսին ամբողջ հանրապետությունում, կարծում եմ,  չի լինելու: Ես միայն գոհունակություն եմ լսում թե աշխատակիցների և թե ծնողների կողմից և շնորհակալ եմ մեր ղեկավարներից, որովհետև ինչի կարիք ունենում ենք՝ աջակցում են››,- մեզ հետ զրույցում ասաց Զովունիի մանկապարտեզի տնօրեն Ն. Մխիթարյանը:

Զովունիի Մշակութային կենտրոնում ևս բավականին աշխատանքներ են կատարվել: Նշենք, որ  2012-13 թթ կենտրոնը Մշակույթի նախարարության կողմից կազմակերպած ‹‹Լավագույն մշակութային տներ›› նախագծի ժամանակ առաջին մրցանակին է արժանացել: Այստեղ գործում են  Զովունիի ‹‹Նոր սերունդ›› պարային խումբը՝ 4-5խմբով, մոտավորապես 100 սան,  ‹‹Բյուրակն›› երգի-պարի համույթը, կարատեի, բոքսի  երկու  խմբակներ, նախատեսվում է նաև նկարչության խմբակ բացվել, համագործակցելու են ‹‹Ռադուգա›› արվետի կենտրոնի հետ:

Մշակութային կենտրոնի տնօրեն Ն. Արշակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վերջին մեկ տարում՝ հունվարից սկսած բավականին աշխատանքներ են կատարվել այստեղ.  ‹‹ Բակում տեղադրվել են նստարաններ, ցերեկային լուսավորություն է անցկացվել, որի արդյունքում մշակույթի կենտրոնի կից պուրակը բնակիչների համար դարձել է երեկոյան զբոսայգի, վերանորոգել ենք երկու սանհանգույցները, սպորտդահլիճը, տանիքը: Շենքում մշտական ջուր ապահովվելու նպատակով տեղադրվել են խմելու ջրի բաքեր: Առաջիկա ծրագրերի մեջ է մտնում շենքի հետևի այգում երեխաների համար նոր կարուսելներ, նստարաններ տեղադրելը: Ներկա դրությամբ շենքում գազաֆիկացման աշխատանքներ են տարվում››:

Համայնքում կատարվող հետագա զարգացումների մասին կտեղեկացնենք մեր հետագա հրապարակումներում:
 

 

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Առաջին իսկ օրվանից լծվել ենք գյուղի մաքրման և բարեկարգման աշխատանքներին. Վ. Սիմոնյան"

Leave a comment

Your email address will not be published.


*