Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, ետ են շպրտվել ելման դիրքեր, փոխհրաձգությունը շարունակվում է․ ՊՆ
Հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Փոխհրաձգությունը շարունակվում է։
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Հայ-ադրբեջանական սահմանի մնացած հատվածներում իրադրությունը կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։
Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, իրականացնում են յուրային դիրքերի պաշտպանություն՝ թույլ չտալով հակառակորդի առաջխաղացումը։
Հայկական կողմը ունի 3 զոհ, 2 վիրավոր։