ԳլխավորԿյանքը de facto

Ադրբեջանում օգտագործվում է ցանկացած առիթ՝ խորացնելու ատելությունը էթնիկ հայերի նկատմամբ. ՀՀ ՄԻՊ

1.7kviews

Ադրբեջանում օգտագործվում է ցանկացած առիթ՝ խորացնելու համար ատելությունը էթնիկ հայերի նկատմամբ։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ ՄԻՊ-ը:

Ադրբեջանական լրատամիջոցների ու սոցիալական մեդիայի ուսումնասիրությունները, հավաքագրած ապացույցները ցույց են տալիս, որ ատելությունը համատարած է և ունի բարձր խրախուսում, այդ թվում՝ իրականացվում է Ադրբեջանում հայտնված հայերի լուսանկարներ ու տեսանյութեր տարածելու միջոցով։

«Մենք կապի մեջ ենք մեր գերիների ընտանիքների հետ։ Մեր մասով՝ Մարդու իրավունքների պաշտպանի  իրավասության սահմաններում արվում է առավելագույնը՝ առաջնահերթ կապ ապահովելով նաև միջազգային կառույցների հետ»,-նշում է ՄԻՊ-ը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 23-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 206 անօդաչու թռչող սարք, 588 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6539 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 927 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում:

Leave a Response