ԱԺ-ում առաջարկվում է քննարկում կազմակերպել Ադրբեջանի ապօրինի գործողությունների թեմայով

ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը ԱԺ նիստում առաջարկեց քննարկում կազմակերպել Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական զինված ուժերի ապօրինի գործողությունների հարցով:
«Ելնելով նրանից, որ մենք խորհրդարանական կառավարման երկիր ենք, «Հայաստան» խմբակցությունը պահանջում է անպայման գտնել ձևաչափ՝ քննարկում կազմակերպելու, որպեսզի մենք կարողանանք, ի վերջո, հավուր պատշաճի հասկանալ, թե ինչ է կատարվում, մանավանդ որ ԱԱԾ-ի հայտարարությունն արդեն ամբողջական օգտագործում է ադրբեջանական տերմինաբանություն»,- ասաց խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նույն խմբակցության անդամներից Գեղամ Մանուկյանն էլ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հարցրեց՝ արդյոք իշխանությունը պատրաստվո՞ւմ է արձագանքել առաջարկին և ԱԱԾ տնօրենին հրավիրել ԱԺ:
«Իմ կողմից աշխատելաոճ է որդեգրվել՝ հնարավոր բոլոր դեպքերում որևիցե ձևով չմերժել և բոլոր հնարավորություններն օգտագործել: Ինչպես Արծվիկ Մինասյանն առաջարկեց, մենք այդ հարցը կքննարկենք ձևաչափի առումով: Չեմ բացառում, որ առաջարկը կընդունենք»,- ասաց Ալեն Սիմոնյանը: