ԱրժեքներԳլխավոր

Այսօրվա գիտակ հասարակությունը վաղվա կրթված սերնդի երաշխիքն է. Վ. Հակոբյան

7.9kviews

ՀՀ գիտությունների գլխավոր օջախներից մեկը՝ Մեխանիկայի ինստիտուտը, որը գործում է ԳԱԱ-ին կից, հիմնադրվել է 1955թ.-ին: Ինստիտուտում գործունեության հիմնական ոլորտներն են՝ առաձգականության մաթեմատիկական տեսություն, անիզոտրոպ սալերի և թաղանթների տեսություն, պլաստիկության, սողքի և առաձգամածուցիկության տեսություն, մագնիսաառաձգականություն, ձևափոխվող պինդ մարմնի մեխանիկայի կոնտակտային և խառը եզրային խնդիրներ, միջավայրերի և տարբեր ֆիզիկական դաշտերի փոխազդեցությունը բարակապատ համակարգերի հետ, ալիքների տարածումը հոծ միջավայրերում, կոմպոզիցիոն նյութեր և կոնստրուկցիաների օպտիմալ նախագծում, գետնահողերի, հիմքերի և հիմնատակերի մեխանիկա, երկրաշարժի օջախի մեխանիկա և սեյսմիկ ալիքների տարածումը շերտավոր միջավայրերում, հեղուկների, գազերի և խառնուրդների մեխանիկա, ռոբոտատեխնիկակա նհամակարգերի մեխանիկա:

Իր գործունեության երկար տարիների ընթացքում այստեղ իրականացվել են մի շարք բարձրակարգ հիմնարար հետազոտություններ, որոնց արդյունքները միջազգային գիտական հանրության կողմից արժանացել են բարձր գնահատականի: Մասնավորապես՝ կառուցվել են շերտավոր, անիզոտրոպ սալերի և թաղանթների դասական, ճշգրտված և ասիմպտոտիկ տեսությունները, բարակ մարմինների մագնիսաառաձգականության տեսությունը, համասեռ ևանհամասեռ ծերացող մարմնի սողքի տեսությունը և այլն:

Տպագրվելեն 30-ից ավելի մենագրություններ, որոնց զգալի մասը թարգմանվել է այլ լեզուներով:

Ստորև ներկայացնում ենք Մեխանիկայի ինստիտուտի տնօրեն, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վ.Հակոբյանի հետ մեր հարցազրույցը, որի շրջանակներում անդրադարձել ենք գիտական այս օջախի հիմնական գործունեությանը, համագործակցություններին, միջազգային ծրագրերին, հեռանկարներին, նաև՝ խնդիրներին:

Պարոն Հակոբյան, ի՞նչ դեր է ունի Մեխանիկայի ինստիտուտը հայաստանյան գիտության զարգացման որորտում:

Մեխանիկայի ինստիտուտը հիմնադրվել է 1955թ.-ին՝ որպես Մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտ, այնուհետև բաժանվել է երկու ինստիտուտների և սկսած 1971թ.-ից գոյություն ունի որպես առանձին միավոր՝ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտ: Այն հանդիսանում է մեխանիկայի ամենամեծ կենտրոնը Հայաստանում և ունի որոշիչ դեր մեխանիկայի զարգացման ասպարեզում: Այստեղ, ՀՀ-ում առաջին անգամ, ձևավորվել են մեխանիկայի 2 դպրոցները՝ Մեխանիկայի ինստիտուտի հիմնադիրներ Նագուշ Խաչատուրի Հարությունյանի և Սերգեյ Ալեքսանդրի Համբարձումյանի գիտական ուղղութjուններով, որոնցից մեկը վերաբերվում է սողքի հատկությամբ օժտված դեֆորմացվող պինդ մարմինների մեխանիկայի հարցերին, իսկ մյուսը՝ անզիոտրոպ թաղանթների, սալերի, ինչպես նաև մագնիսաառանձգականության հարցերին: Նշեմ նաև, որ մեխանիկայի ինստիտուտի աշխատակից Կ Չոբանյանի կողմից է գրանցվել Հայաստանում առաջին հայտնագործությունը միացությունների թերլարվածության հետ կապված: Այդ դպրոցները առաջացել են սովետական, ավելի ճիշտ ռուսական մեխանիկայի դպրոցների ազդեցության ներքո, որովհետև հիմնադիրներն ու նրանց աշակերտների մի մասը ուսանել են ռուսական գիտական փայլուն կենտրոններում և գալով այստեղ՝ զարգացրել են իրենց գիտելիքներն ու փոխանցել այն իրենց աշակերտներին:

Այժմ Մեխանիկայի ինստիտուտում, բացի նշված ուղղություններից, զարգանում են նաև մեխանիկայի այլ արդիական ուղղություններ, որոնք էլ իրենց հերթին առաջընթաց են գրանցում այսօրվա մեր գիտնականների կողմից:

Նորից անդրադառնալով ինստիտուտի դերին ու նշանակությունը ուզում եմ շեշտել, որ դա նույն է ինչ հիմնարար հետազոտություններով զբաղվող ցանկացած գիտական հիմնարկինը՝ գիտության տվյալ ուղղության զարգացում և բարձրակարգ գիտական կադրերի պատրաստում:

Կարծում եմ, որ երկրի զարգացման գործում, այս կամ այն չափով, իրենց տեղն ու դերն ունեն գիտության բոլոր ճյուղերը, հատկապես՝ եթե խոսում ենք այնպիսի կրթված հասարակության մասին, ինչպիսին մերն է: Մենք նավթ կամ այլ օգտակար հանածոներ չունենք, բայց ունենք բարձր ինտելեկտով օժտված ժողովուրդ, որի համար գիտությունը խիստ և խիստ անհրաժեշտ է: Այսօրվա գիտակ հասարակությունը վաղվա կրթված սերնդի երաշխիքն է:

Միջազգային ինչպիսի՞ համագործակցություններ և համատեղ ծրագրեր ունեք:

Մեխանիկայի ինստիտուտը սովետական ժամանակրջանում մեծ կապեր է ունեցել ռուսական, ուկրաինական և մյուս խորհրդային հանրապետություններում գործող մեխանիկայի դպրոցների հետ: 1988-95թթ.-երին պատերազմական տարիներից, սովետական միության փլուզումից հետո, կապերը խզվել էին, բայց հետո կարողացանաք կամաց-կամաց վերականգնել և կրկին ակտիվորեն սկսեցինք համագործակցել Մոսկվայի, Լենինգրադի, Ռոստովի, Ուկրաինայի, Վրաստանի մեխանիկայի դպրոցների հետ: Բացի այդ նոր կապեր ստեղծեցինք և այժմ արդեն համագործակցում ենք եվրոպական մի շարք երկրների, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների գիտական կենտրոնների և գիտնականների հետ: Պայմանագրեր ունենք Ռուսաստանի Մեխանիկայի Պրոբլեմների ինստիտուտի, Մոսկվայի Պետական համալսարանի, Ռոստովի Պոլիտեխնիկական համալսարանի հետ: Վերջինս իր մեջ ներառում է մոտ 40-45 հազար ուսանող և դասախոս, այսինքն՝ այն մի կենտրոն է, որը միավորում է հարավ- կովկասյան տարածաշրջանում գործող ռուսաստանի բոլոր տեխնիկական ինստիտուտները:

Համագործակցության պայմանագրեր ունենք Աթենքի Տեխոնոլոգիական համալասարանի և Իտալիայի Պվիայի համալսարանի հետ: Ինստիտուտի աշխատակիցները սերտ համագործակցում և համատեղ աշխատանքներ են տպագրում նաև անգլիայի ու ամերիկայի միացյալ նահանգների գիտնականների հետ:

Նախանցած տարի սկսեցինք աշխատել ռուսական Միացյալ Ավիոկորպորացիայի հետ՝ կոմպոզիցիոն նյութերի մեխանիկական հատկությունների ուսումնասիրության ասպարեզում: Ինչպես գիտեք, այսօր ինքնաթիռաշինության ասպարեզում ինքնաթիռի քաշը փոքրացնելու, ամրությունը մեծացնելու և այլ և այլ նկատառումներով օգտագործում են կոմպոզիցիոն նյութեր: Եվ, քանի որ ինքնաթիռի հիմնական տարրերը մնում են մետաղյա, ապա հարց է առաջանում՝ մետաղ-կոմպոզիտե միացությունների տարբեր եղանակների ամրություն և երկարակեցության ուսումնասիրության ու դրանց հաշվարկային հիմնավորված բանաձևեր ստանալու վերաբերյալ:

Ահա այս բանաձևերի արտածմանն ու ստուգմանն էին վերաբերում պայմանագրային աշխատանքները:

Ցավոք սրտի այս համագործակցությունը տևեց մեկ տարի, որից հետո, ինչ-ինչ պատճառներով, գուցե ուկրաինական հայտնի դեպքերի հետ կապված, չշարունակվեց: Բայց հույս ունենք, որ շատ մոտ ապագայում այն կշարունակվի: Այնպես որ այսօր դրսից ֆինանսական աղբյուրներ չունենք, աշխատում ենք ներքին աղբյուրների հաշվին, հիմնականում բազային ֆինանսավորմամբ և ունեք 5 թեմա, որոնցից մեկը հայ- ռուսական է:

Իսկ ի՞նչ կասեք ինովացիոն տեխնոլոգիաների մասին, այս առումով ինստիտուտում ինչպիսի՞ աշխատանքներ են տարվում:

Մեխանիկա բառից մարդկանց թվում է, թե այստեղ գործ ունենք հաստոցների, մեքենաների հետ, բայց, իհարկե, դա այդպես չէ: Մեխանիկան հիմնարար գիտություն է, որը ունի բազմաթիվ ուղղություններ՝ տեսական մեխանիկա, դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա, հիդրոմեխանիկա և այլն: Մեր ինստիտուտը հիմնականում զբաղվում է հիմնարար հետազոտություններով: Իհարկե, այն ունի մեծ պոտենցիալ և կարող է նաև պրակտիկ գործունեություն ծավալել: Մենք ունենք բավական լավ և հագեցված փորձարարական լաբորատորիա: Չնայած որ այն շատ վաղուց է ստեղծվել և հագեցված է հին տեխնիկայով, բայց մինչ այսօր ծառայում է մեզ: Ինչ վերաբերում է ինովացիոն տեխնոլոգիաներին, ապա պետք է ասեմ, որ դրանց համար նախ և առաջ պահանջարկ է անհրաժեշտ, որն այսօր Հայաստանում չկա: Չնայած դրան, ինստիտուտում, միջազգային դրամաշնորհի շրջանակներում, ստացվել է նոր շփակայուն, ոչ կոնցեռագեն նյութ, որը իր որակներով չի զիջում արտասահմանյան անալոգներին և հաջողությամբ կարող է օգտագործվել տարբեր տիպի մեքենաների ու գնացքների արգելակային կոճղակների արտադրության մեջ: Սակայն մինչ օրս այդ ուղղությամբ աշխատանքներ չեն ծավալվում: Մեր ինստիտուտը մի քանի առաջարկներ ունի ներկայացված նաև Պաշտպանության նախարարությանը: Ամեն տարի սպասում ենք, որ առաջարկություններից ինչ-որ մեկը գոնե կընդունվի, բայց դարձյալ հարցը մնում է օդում կախված վիճակում: Ուզում եմ ասել, որ հնարավորություն ունենք և կարող ենք պրակտիկ աշխատանքներով զբավել, բայց, ցավոք սրտի, այսօրվա դրությամբ, ասպարեզ չունենք:

Ձեր խոսքում նշեցիք, որ լաբորատորիան հագեցված է հին տեխնիկայով, կհստակեցնե՞ք, ինչո՞վ է դա պայմանավորված և կա՞ն արդյոք նորը ձեռք բերելու տարբերակներ:

Ինչպես արդեն ասացի, մեր լաբորատորիան հագեցված է 60-ականների տեխնիկայով, նորը շատ թանկ արժե: Ասենք մեկ բազմաֆունկցիոնալ լաբորատոր մամլիչը մոտավորպես կարող է արժենալ 50 հազար դոլլար, եթե բերենք արտասահմանից: Այդպիսի գումարների Մեխանիկայի ինստիտուտը չի տիրապետում: Իհարկե մենք, անցած տարի մամլիչ գնեցինք, բայց, բնականաբար, մեզ տրամադրված գումարը քիչ էր՝ ծրագրի շրջանակներում 4.8 մլն. դրամ, որից ընդամենը 1,8-ն էր նախատեսված դրա համար և մենք ստիպված գնեցինք 90-ականների արտադրանքը: Վերջին երկու տարիներին բավական մատչելի գներով ձեռք ենք բերել որոշակի նոր տեխնիկական միջոցներ և համակարգչային ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս փորձերի արդյունքները ստանալ համակարգչի միջոցով, մշակել դրանք, գրաֆիկներ ստանալ և այլն: Մինչև հիմա այդ ամենը ձեռքով էինք անում:

Ինովացիաներ կամ նոր ուղղություններ զարգացնելու համար առաջին հերթին պետք են երիտասարդ կադրեր: Այսօրվա դրությամբ Գիտությունների ակադեմիայի ինստիտուտների գերակշիռ մասը նրանց կարիքն ունեն: Հարցն ինչումն է . երիտասարդ տղաները, որոնք գիտության շարժիչ ուժն են (իհարկե կխնդրեմ ոչ ոք ինձանից չնեղանա, բայց գիտության զարգացումը, ինչպես միշտ այնպես էլ այսօր, տղաների ուսին է), ընդունվում են ասպիրանտուրա՝ բանակ չգնալու համար, պաշտպանում են, մի երկու տարի էլ մնում են՝ մինչև 27 տարեկանը լրանալը, որից հետո տեղափոխվում այլ, բարձր վճարվող աշխատանքի: Մենք նրանց դժվարությամբ կարողանում ենք պահել կես հաստիքով աշխատանքի, որպեսզի նրանց կապը գիտության հետ չխզվի, մինչև, այսպես ասած, <<լավ օրերի գալը>>: Այս երևույթը բնավ արգահատելի չէ, քանի որ նրանք պետք է ամուսնանան և կարողանան ընտանիք պահել: Դրա համար այսօր մեր երիտասարդ գիտնականները մեծամասմաբ աղջիկներ են: Աղջիկն առաջին հերթին մայր է, իսկ կինը չի կարող միաժամանակ լավ մայր լինել և լավ գիտնական: Իհարկե բացառություններ լինում են: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, և ես բնավ չեմ նսեմացնում իգական սեռի հնարավորությունները, պարզապես ասում եմ ամեն ինչ այնպես, ինչպես կա:

Ձեր տնօրինւթյան ողջ ժամանակահատվածում Մեխանիկայի ինստիտուտում ի՞նչ փոփոխություններ են կատարվել:

Իմ տնօրինության 8 տարիների ընթացքում ինստիտուտը վերանորոգվել է, արտաբյուջետային հնարավորությունները մոտ երկու անգամ մեծացել են: Իմ տնօրեն դառնալուց ի վեր մեզ մոտ ամեն տարի կազմակերպվում են միջազգային գիտաժողովներ, որին մասնակցում են և ԱՊՀ և արտասահամանյան շատ երկրների գիտնականներ: Հաճախ կազմակերպում ենք երիտասարդների համար նաև դպրոց-գիտաժողովներ, ուր արդի մեխանիկայի ուղղությունների վերաբերյալ հայաստանի բարձրակարգ գիտնականների հետ միաժամանակ երիտասարդ գիտնականների համար դասախոսություններ են կարդում հրավիրված արտասահմանյան հեղինակավոր մասնագետներ: Այն, ինչ որ արդեն ասել եմ, բոլորն արվել և արվում են իմ ղեկավարության օրոք՝ համագործակցության պայմանագրեր, ծրագրեր և այլն և այլն:

Կա՞ որևէ բան, որ կուզենայիք ասել, բայց հարց չտրվեց:

Կուզենայի ևս մեկ անգամ խոսել մեր ամենացավոտ տեղի՝ երիտասարդների բացակայության մասին, որն այսօր բոլորիս է խեղճացնում: Հիմնական աշխատողները 50, 60 տարեկան են և բարձր, միջին սերունդ ՝ 35-50 տարեկանները համարյա չկան, շատ քիչ են: Արդեն այնքան ենք այս մասին խոսել, որ նույնիսկ անհարմար եմ զգում, բայց ստիպված եմ ասել, որ այս ամենի պատճառը նաև շատ ցածր աշխատավարձն է: 30 տարի գիտությամբ զբաղվով մարդը, ով գիտությունների դոկտոր է կամ թեկնածու և ունի մոտ 100 գիտական հոդվածներ, ստանում է ընդամենը 110-120 հազար դրամ աշխատավարձ, և սա դեռ մեր ինստիտուտում, որը համեմատաբար լավ վիճակում է, մյուս ինստիտուտներում ավելի ցածր է: Սա մի շատ կարևոր խնդիր է, որի արդյունավետ լուծումը շատ կնպաստի արդեն իսկ բավականաչափ զարգացած գիտության էլ ավելի գերզարգացմանը

Զրուցեց Մերի Եղիազարյանը

Leave a Response