Ժամանց

Առաջնությունը շատ լարված անցավ ինձ համար, չնայած որ չունեցա ոչ մի պարտություն․ Սուսաննա Գաբոյան

120views

Մարիա Գեւորգյանի մրցաշարից դուրս գալն ինձ ավելի մոտեցրեց առաջին տեղին, բայց դժվարացրեց հաղթանակս:  Առաջնությունը շատ լարված անցավ ինձ համար, չնայած որ չունեցա ոչ մի պարտություն:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց շախմատի կանանց Հայաստանի եռակի չեմպիոն Սուսաննա Գաբոյանը:

«Հայաստանի առաջնությունը շատ լարված անցավ: Ինչպես նշեց գլխավոր մրցավարը՝ մինչեւ վերջին պահը լարված էր: Նախավերջին տուրն ինձ համար շատ անհաջող ստացվեց: Վատ դիրք ստացա, բայց հաջողվեց պարտված դրությունում ոչ-ոքի պահել: Նախավերջին տուրում եթե հաղթեի, կարելի է ասել՝ ապահովում էի չեմպիոնությունը, բայց խնդիրներ առաջացան:  Վերջին պարտիայում ստացվեց այնպես, որ ինձ պետք էր չպարտվել՝ կամ հաղթել, կամ ոչ-ոքի ավարտել, որպեսզի պահպանեմ առաջատարի դիրքս: Հաջողվեց հաղթել, ինչի համար շատ ուրախ եմ:

Ամբողջ առաջնության ընթացքում պարտություն չունեցա, բայց դա չի նշանակում, որ մրցաշարն ինձ համար լարված չանցավ: Ամենալարվածը նախավերջին տուրը ստացվեց: Իրականում թվում էր, թե թերագնահատում էի մրցակցիս, որովհետեւ այդ աղջիկը մինչեւ ինձ բոլոր պարտիաներում պարտվել էր, բայց իմ մեջ մեծ լարվածություն կար մինչեւ խաղի ավարտը: Եթե պարտություն ունենայի, այդ պարտիան կպարտվեի, մնացածում հաջողվել էր հաղթանակներ տանել կամ ոչ-ոքիներ ունենալ:

Մարիա Գեւորգյանի մրցաշարից դուրս գալն ինձ ավելի մոտեցրեց առաջին տեղին, բայց նաեւ ավելի բարդացրեց հաղթանակս: Նրա դուրս գալուց հետո այնքանով փոխվեց մրցաշարի ընթացքը, որ ինքը դեռ պետք է մրցեր 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրած մրցակիցների հետ, բայց քանի որ լքեց մրցաշարը՝ 2-րդ եւ 3-րդ տեղերի շախմատիստները մեկական միավորով առաջ էին գալիս, այդ դեպքում ինձ պետք էր ավելի շատ հաղթանակներ:

Այս տարի ունենք Համաշխարհային օլիմպիադա եւ հավաքականի կազմում գլխավոր նպատակը հաջող հանդես գալն է: Թիմային պայքար է եւ պետք է ամեն ինչ անենք լավ հանդես գալու համար»,- ասաց Հայաստանի եռակի չեմպիոնը:

Հունվարի 11-20-ը Երեւանի շախմատի տանն անցկացված շախմատի կանանց 79-րդ առաջնությունում Սուսաննա Գաբոյանը 7,5 միավորով միանձնյա գրավեց առաջին տեղը եւ համալրեց ազգային հավաքականը։

Leave a Response