ԳլխավորԿյանքը de factoՀամայնքներ

‹‹Առողջ, գեղեցիկ և երիտասարդ համայնք է Գողթը››. Ա. Հակոբյան

54.3kviews
Գեղամա լեռնաշղթայի Գեղասար գագաթի հարավային ստորոտին տեղակայված, Կոտայքի մարզի Գողթ գյուղը այն եզակի համայնքներից է, որտեղ այս կամ այն չափով լուծված են կենսական կարևորություն ունեցող խնդիրներն ու հոգսերը՝ հնարավորություն ընձեռելով մարդկանց զբաղվելու սովորական առօրյա գործերով ու աշխատանքով՝ նպաստելով համայնքի բնականոն զարգացմանը: Իսկ թե կոնկրետ որքան բնակչություն կա գյուղում, ինչպես է ապրում գողթեցին և ի՞նչ աշխատատեղեր կան՝ մեզ հետ զրույցում պատմում է Գողթ համայնքի ղեկավար Արտավազդ Հակոբյանը. ‹‹Գողթն ունի  մոտավորապես 2500 բնակչություն, 557 ծուխ, 640 սեփականատեր:   Ունենք ջրի բավարար քանակություն, որն էլ թույլ է տալիս  բնակչության հիմնական մասին զբաղվելու այգեգործությամբ. այս պահին արդեն իսկ կան լուրջ այգեգործական տնտեսություններ. օրինակի համար, թերևս նշեմ ‹‹Green land›› կազմակերպությանը, որն այսօր ունի 70-80 հա խնձորի այգի, Գեղարդ-Գողթ գյուղի միջնամասում՝  ևս  20 հա ծիրանենու այգի:

Վերջին տարիներին՝ 2010 թվականից սկսած Գողթում ստեղծվեցին  ջերմատնային տնտեսություններ՝ հոլանդական վարդի արտադրության,  որն էլ հնարավորություն տվեց լուծելու գրեթե ամբողջ աշխարհի  թիվ  մեկ խնդիրը ՝ աշխատատեղի հարցը: Նախնական սկսելով 2 -3 հեկտար մշակումից, այսօր արդեն վարդերի ջերմոցները զբաղեցնում են 8 հեկտար տարածք, որտեղ աշխատում են մոտ 200 մարդ:  Բայց միայն այսքանով չսահմանափակվեցինք՝ ստեղծելով երկրորդ 10 հեկտարանոց ջերմոցը՝ վարունգի արտադրության, որտեղ աշխատանքի անցան ևս 250-300 մարդ, ընդ որում՝ ոչ միայն գողթեցիներ, այլ նաև հարևան Գառնի, Գեղարդ գյուղերից: Սակայն, ցավոք սրտի, այս տարի ռուսական շուկայում ռուբլու տատանման հետևանքով վարունգի մասով խնդիրներ ունեցանք, որն էլ այս պահի դրությամբ փորձում ենք փոխարինել վարդով: Արդեն 2-3 ամիս է  շարունակվում է  վարունգի արտադրության ժամանակ եղած տեխնոլոգիաների փոխարինումը վարդինով: Շուտով կսկսի աշխատել ևս տաս հեկտարանոց վարդի ջերմոց և, բնականաբար, նույն աշխատակազմը կանցնի աշխատանքի: Այսինքն՝  այս վերջին 4-5 տարիների ընթացքում համայնքում գողթեցու համար ստեղծվել են աշխատատեղեր, որտեղ  ընդհանուր հաշվարկով շուրջ 400-500 մարդ ունի մշտական զբաղվածություն: Պետք է հպարտությամբ հավելեմ նաև, որ  աշխատավարձերը 120-ից 300 հազար ՀՀ դրամ են կազմում՝ տարբեր մասնագիտացումների տեր անձանց համար: Նշեմ, որ աշխատանք ունենալու արդյունքում Գողթում չկա արտագաղթ, նույնիսկ մեկ հոգի չի բացակայում, բոլորը տեղում են և աշխատանքի մեջ են:  Առողջ, գեղեցիկ և երիտասարդ համայնք է Գողթը, իհարկե նաև կան խնդիրներ՝ նորից նոր աշխատաեղեր, նոր միջավայր ստեղծելու, որոնք լուծման փուլում են և, չնայած այս ամենին,  համայնքում  գրեթե 80-90 տոկոսով լուծված է աշխատատեղերի խնդիրը:

Գողթը, քանի որ իր աշխարհագրական դիրքով և հնարավորություններով ունի տուրիզմի զարգացման հնարավորություն, այսօր գյուղում ձևավորվում են հյուրանոցային, ռեստորանային և տուրիզմի զարգացմանը նպաստող այլ անհրաժեշտ պայմաններ, և ես՝ որպես համայնքի ղեկավար կարծում եմ՝ մոտ ապագայում՝ 4-5 տարիների ընթացքում կկարողանանք լիովին ինտերգրվել այդ գործընթացին, քանզի աշխարհագրական դիրքը նպաստող է, հիմքերը դրված են, աշխատանքներն էլ մշտապես կատարվում են: Այս ամենի հետ մեկտեղ կա նաև Գեղարդ վանքային համալիրը, որը գտնվում է Գողթի վարչական տարածքում (սա նշում եմ, որովհետև բոլորը մտածում են, որ  Գեղարդավանքը վերևի գյուղի՝ Արթիսի կամ Գեղարդի տարածքի մեջ է մտնում): Կարծում եմ՝ առաջիկա տարիների ընթացքում Գողթը կվերածվի տուրիզմի գոտու. գուցե և արդեն այդպես է››:

Անդրադառնալով  խմելու, ոռոգման ջրերի, ասֆալտապատման, փողոցային լուսավորության, աղբահանության խնդիրներին և թե որքանո՞վ դրանք կարելի է լուծված համարել՝ համայնքի ղեկավարը ևս մեկ անգամ նշեց, որ ջրի բավարար համակարգ ունենալու շնորհիվ է այսօր ծաղկում Գողթը՝ զարկ տալով այգեգործությանը, որն էլ իր հերթին հենց մեծամասամբ լուծում է համաշխարհային մակարդակով գերխինդիր դարձած, բայց Գողթի համար իր լուծումն այս կամ այն չափով ստացած՝ աշխատատեղերի հարցը. ‹‹Գյուղում, կարելի է ասել,  90 տոկոսով լուծված է ոռոգման ջրի հարցը, համայնքի ներտնտեսային ցանցը գտնվում է լավ վիճակում՝ ապահովված բաց և փակ խողովակաշարով:  1997-98 թթ սկսած բազմաթիվ ծրագրեր են իրականցվել այս ուղղությամբ և համայնքի և պետական միջոցներով՝ արդյունքում՝ Գողթում այգեգործության զարգացումն այսօր հենց ոռոգման ջուր ունենալու շնորհիվ է:

Հատկանշական է, որ  վերջին 5-6 տարիների ընթացքում տարեկան 20-30 հա նորատունկ այգիներ են ավելանում, այսինքն՝ մոտ ապագայում բոլոր հողերը ռացիոնալ կօգտագործվեն:

Խմելու ջրի հարցը ևս կարելի է ասել՝ 80-90 տոկոսով լուծված է, վերջին երեք տարիների ընթացքում Գողթ համայնքի ներտնտեսային ցանցի 11 կմ երկարությամբ ջրացանց է կառուցվել, բոլոր թաղամասերին գլխավոր ջրագծից, համապատասխան պարբերականությամբ ջրաբաշխումներ են կատարվում: Ունենք խմելաջրի ջրամբար՝ 500 խորանարդ մետր, որտեղից էլ հենց սկսվում է ջրի բաշխումը: Ջրամատակարաումը 24 ժամյա է, եթե մի ժամով էլ նույնիսկ գողթեցու ջուրը կտրվում է՝ ‹‹ղալմաղալ›› է լինում :

Ասֆալտապատված, վերանորոգված է գյուղի գլխավոր ճանապարհը, անցած տարի ասֆալտապտվել, վերակառուցվել է կրկին մեկ կմ-ը, այս տարի ֆինանսական սղության պատճառով չկարողացանք, ուզում էինք մեկ կմ ևս ասֆալտապատեինք, բայց ոչինչ, մյուս տարի անպայման կանենք, ևս 2-3 տարիների ընթացքում կունենանք գրեթե  90 տկոսով ասֆալտապատ ներհամայնքային ճանապարհներ:

Լուսավորության հարցը այս տարվա գլխավոր պլաններից է  և, կարծում եմ, կհասցնենք մինչև տարեվերջ իրականացնել, եթե ոչ, ապա մյուս տարի հաստատ կանենք, որովհետև այս պահի դրությամբ ասֆալտապատման հարցն է առաջնայինը, բայց, այնուամենայնիվ, գլխավոր փողոցները լուսավորված են՝ իհարկե ոչ այն աստիճանի լավ, որ կուզենայինք լիներ:

Աղբահանությունը  կատարվում է ամեն օր՝ Գողթի տարածքով, Գեղարդի բակով, Գառնիի տաճարով, և հիմա ուզում ենք աղբահանությունն իրականցնող երկրորդ, երրորդ մեքենան ձեռք բերել, որովհետև մեկը բավարար չէ››:

‹‹Ինչ վերաբերում է դպրոցին, ասեմ, որ այն գտնվում է  իդեալական վիճակում և վստահորեն կարող եմ նշել, որ  Երևանում նման դպրոց չկա:  Պետական ծրագրով երեք տարի անընդմեջ, մինչև 2011թ.-ը գումարներ ներդրվեցին և այսօր ունենք լիովին, լիարժեք վերանորոգված, ամբողջությամբ սալիկապատված, ջեռուցման համակարգով ապահովված, գերազանց վիճակում գտնվող կրթօջախ, որն ամեն տարի մաքուր պահվում, պահպանվում է:

Մանկապարտեզը հին, գրասենյակային շենքից մաքրել, վերանորոգել ենք համայնքի միջոցներով՝ բերելով գերազանց տեսքի: Այժմ ցանկապատման և բակի, այսպես ասած, վերնարոգման աշխատանքներն են կատարվում, որի պատճառով էլ մանկապարտեզը ժամանակավորապես չի գործում, լիարժեքորեն տեսքի բերելուց հետո բացումը կանենք:

Հոգևոր-մշակութային կյանքը,  բնականաբար, Գողթում ևս շատ լավ է ընթանում, որովհետև ամբողջ ազգաբնակչության կապը Գեղարդավանքի հետ անքակտելի է: Փառք Աստծո, մեր վանահայրերը բոլորն էլ շատ լավն են, և նրանց կողմից մշտապես անմիջական  կապ կա ժողովրդի, դպրոցի, մանկապարտեզի հետ: Այդպիս գողթեցի չկա, որ ամեն օր մոմ չվառի Գեղարդում››,-  հավելեց պարոն Հակոբյանը՝ անդրադառնալով գյուղի հոգևոր-մշակութային առօրյային  և կրթական օջախների վիճակին:

Բայց, ինչպես և Հայաստանի բոլոր համայնքներում, այնպես էլ Գողթում կան խնդիրներ, որոնք, ինչպես նշեց գյուղապետը,  գտնվում են անընդհատ լուծման պրոցեսում. ‹‹Այդ բոլոր խնդիրները ես համարում են փոքր, որովհետև հիմնական, կարևոր աշխատանքները, կարծում եմ,  կատարված են, ամենակարևորը՝ այս կամ այն չափով լուծված է կենսական կարևորություն ունեցող ջրի հարցը, հանրապետությունում ամենակարևոր հարցերից մեկը՝ աշխատատեղերի խնդիրը, և իհարկե, գտնվում ենք տուրիզմի զարգացման փուլում: Բնականաբար, բոլորս էլ ցանկանում ենք բնակավայրը տեսնել գեղեցիկ, բարեկեցիկ, մեր պատկերացրած իդեալական բնակավայրը, որի համար էլ մշտապես աշխատում ենք: Իհարկե ցանկալի կլիներ, որ համայնքերի ֆինանսավորումը մի քիչ ավել լիներ, որ այսօր կարողանայինք, օրինակի համար միանգամից 3,4 կմ շառավղով ճանապարհաշինարություն կատարեինք:

Ասեմ, որ ամեն տարի տարվա ամփոփում ենք կատարում, նաև այս տարի, չնայած դեռևս լիարժեք չենք պլանավորել մյուս տարվա բոլոր անելիքները, բայց այս պահի դրությամբ մոտավորապես պատկերացնում ենք, թե ինչ պետք է արվի: Մյուս տարիների ընթացքում ևս պետք է հնարավորություն տրվի, որ մեծ թափով զարգանա այգեգործությունը, որը ես շատ եմ կարևորում, քանզի այն մեր Գողթի հարստությունն է: Երկրորդ պլանով մեծ հնարավորություն պետք է տրվի տուրզիմի զարգացման, որի համար կապեր ենք փնտրում, արդեն իսկ մի շարք տուրիստական կենտրոնների հետ պայմանավորվածություններ ունենք: Իսկ ինչ վերաբերում է սպասարկման կենտրոններին՝ հյուրանոցներ, ռեստորաններ և այլն, ապա ասեմ, որ դրանք ևս կառուցման փուլում են:

Մեր ամեն օրվա կարգախոսն է՝ գեղեցիկ. բարեկեցիկ տեսնել մեր սիրելի համայնքը: Այն, որ  գողթեցիները սիրում են գյուղը, հպարտանում իրենց արմատներով՝ կարծում եմ՝ որևէ մեկնաբանության կարիք չունի››,- որպես ամփոփում հավելեց Գողթ համայնքի ղեկավար Ա. Հակոբյանը:

Մերի Եղիազարյան

Leave a Response