ԱռողջապահությունՄիջազգային

Իրանն արգելել է ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից պատվաստանյութերի ներկրումը

7.4kviews

Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին ուրբաթ օրը շեշտել է, որ ինքը չի վստահում ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում արտադրված դեղամիջոցներին և այդ երկրներից պատվաստանյութեր ներկրելու արգելք է սահմանվել, հայտնում է իրանական Mehr News Agency լրատվականը:

«Արգելվում է ամերիկյան և բրիտանական պատվաստանյութերի ներմուծումը», — ասել է Խամենեին` հավելելով, որ չի վստահում ԱՄՆ-ում և Միացյալ Թագավորությունում մշակված դեղերի որակին: Նա նշել է, որ արևմտյան տերությունները որոշ դեպքերում ցանկանում են պատվաստանյութն ստուգել այլ ժողովուրդների վրա` շեշտելով, որ հանրապետությունը պատրաստ է պատվաստանյութ գնել այն երկրներից, որոնց Թեհրանը վստահում է՝ չնշելով, թե որ երկրների մասին է խոսքը:

Դեկտեմբերի 29-ին Tasnim լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Իրանում սկսվել է տեղական արտադրության պատվաստանյութի փորձարկման առաջին փուլը: Գործակալության տվյալներով՝ փորձարկումները տեղի են ունենում Թեհրանում, որի առաջին փուլի ընթացքում ներարկվելու են 56 կամավորներ: Ընդհանուր առմամբ, ներկայացվել է շուրջ 60 հազար դիմում:

Դեկտեմբերի 22-ին, Իրանի մեջլիսի (խորհրդարանի) փոխնախագահ Ամիր Հոսեյն Քազիզադե Հաշեմին, ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է, որ Իրանն ու Ռուսաստանը բանակցում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ արտադրելու համատեղ ձեռնարկություն ստեղծելու հարցի շուրջ: Հունվարի 5-ին Մոսկվայում Իսլամական Հանրապետության դեսպանությունը ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել է, որ Իրանն ու Ռուսաստանը համաձայնեցնում են պատվաստանյութերի արտադրության ոլորտում համագործակցության շրջանակներում դեմ առ դեմ հանդիպման ժամկետը: Դիվանագիտական առաքելությունը նշել է, որ դրան, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն երկու երկրների առողջապահության փոխնախարարները

Leave a Response