Արմավիր մարզի Նորակերտ գյուղը որպես ավան հիմնադրվել է 1946 թ.-ին՝ ամայի տարածքում` ղռերում, որից էլ ստացել է իր անվանումը։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության` 2005 թ.-ի տվյալների՝ համայնքն ունի 3136 առկա բնակիչ:
GyuxԳյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը, կան պտղատու և խաղողի այգիները: Մարդիկ հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ: Գյուղի հիմնադրման օրվանից սկսած խաղողի այգիները բավականին տարածք էին զբաղեցնում, սակայն մութ ու ցուրտ տարիներին գյուղացիները հիմնականում սկսեցին ցորենի մշակմամբ զբաղվել:
Գյուղին շատ է օգնում քաղաքին մոտ գտնվելու իր նպաստավոր դիրքը. մարդիկ աշխատում են նաև քաղաքում:
Նորակերտ գյուղում Ասիական Զարգացման Բանկի ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել, նորացվել է ամբողջ տնտեսության խմելու ջրի ջրագծի ցանցը՝ մոտավորապես 12 կմ, և այսօր կարելի է ասել, որ գյուղն ապահովված է 24-ժամյա ջրամատակարարմամբ:
Գյուղում կա հեռախոսակապ և տրանսպորտ:
Նորակերտի դպրոցը վերակառուցվել և շահագործվել է 2004 թ.-ին: Այժմ դասերն անցկացվում են երկու հերթափոխով, դպրոցում ընդհանուր թվով 315 աշակերտ է սովորում: Աշակերտներն օգտվում են նաև համացանցից: Գյուղապետ Շահեն Կարապետյանը շատ մեծ տեղ հատկացնելով դպրոցին և կրթությանը՝ ամեն հարցով աջակցում է՝ ընդհուպ մինչև անվճար տրանսպորտի տրամադրում՝ ինչպես կրթական զանազան հարցերի, այնպես էլ հանգստի համար:
Համայնքի միջոցներով կատարվել են գյուղապետարանի, գրադարանի և մանկապարտեզի մի շարք աշխատանքներ: Սակայն մանկապարտեզն այսօր հիմնանորոգման կարիք ունի:
Նորակերտի գյուղապետ Շահեն Կարպետյանի ջանքերով և գյուղացիների աջակցությամբ ասֆալտապատվել է գրեթե ամբողջ գյուղը: Ասֆալտից զուրկ մեկ – երկու փողոցներն էլ նախատեսված է ասֆալտապատել գարնանը: Համայնքի միջոցներով է անցկացվել նաև փողոցային լուսավորությունը:
Կատարվում է գյուղատնտեսական մթերքների իրացում և մթերում, մասնավորապես՝ կատարվում է խաղողի մթերում գինու գործարանների կողմից՝ ունեցած պայմանագրերի համաձայն:
Սակայն գյուղում կան նաև որոշակի խնդիրներ, որոնց ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են տարվում:
Վաղարշապատ ՋՕԸ-ի և համայնքի համատեղ ներդրմամբ կկատարվի խմելու և ոռոգման ջրերը միմյանցից անջատելու գործընթացը: Համայնքի վերին հատվածը՝ Խոպան կոչվող տեղամասը, մտցված է Ջրային Տնտեսությունների ՋՏՕԻԳ-ի գալիք տարվա կատարվող աշխատանքների մեջ՝ ջուրը ինքնահոս բերելու համար:
Գերխնդիր է նաև փոքր արտադրամսերի բացակայությունը, որի պատճառով էլ, կարելի է ասել, որ ինչպես Հայաստանի բոլոր մարզերում, այնպես էլ Նորակերտում արտագնա աշխատանքի մեկնողների թիվը տարեցտարի զգալիորեն աճում է:
Այսօր գյուղի ֆինանսական վիճակը նորմալ է, հավելենք, որ Նորակերտ գյուղն արժանացել է ‹‹Լավագույն համայնքի›› կարգավիճակին՝ ինչպես հարկերի պարտաճանաչ վճարման, այնպես էլ գյուղապետ Շահեն Կարապետյանի և ողջ համայնքի կատարած աշխատանքների շնորհիվ:
Մերի Եղիազարյան