Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մտնել է գործնական փուլ հունիսի 15-ից : Կառավարությունը հունիսի 14-ի նիստում հաստատեց պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը:
Մայիսի 16-ին Կառավարությունը հաստատել էր ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը: Կարգի հաստատման պարագայում հունիսի 15-ից արդեն հնարավորություն է տրվում ընդունել դիմումները՝ բացառապես առցանց եղանակով: Բնակարանի ձեռքբերման համար հավաստագիրը ևս ուղարկվելու է էլեկտրոնային եղանակով, կուղարկվի էլեկտրոնային փոստի հասցեներին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը տեղեկացրեց, որ հավաստագրի վրա լինելու է QR կոդ, որով կարող են մոտենալ բանկ և սկսել գործընթացը․ «Վաղվանից կընդունվեն դիմումներն այն դեպքերի համար, երբ շահառուները ցանկանում են գնել բնակարան կամ բնակելի տուն: Հուլիսի 15-ից կբացվի բնակելի տուն կառուցելու ցանկություն ունեցողների համար հարթակը: Օգոստոսի 1-ից արդեն կկարողանանք դիմումներ ընդունել այն ընտանիքներից, որոնք ունեն գործող հիփոթեքային վարկ, նրանք աջակցություն ստանալու համար կկարողանան դիմել օգոստոսի 1-ից»: