Կյանքը de factoՀասարակություն

Խիստ մտահոգիչ են երեխաների մասնակցությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում այն հավաքներին, որտեղ հնչում են ատելություն ու վիրավորանք, բռնության հետ ասոցացվող խոսքեր. ՄԻՊ

49views

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է քաղաքական հավաքներին երեխաների մասնակցության հետ կապված խնդրահարույց, ինչպես նաև նրանց լավագույն շահերը խախտող իրավիճակներ.

1. Խիստ մտահոգիչ են երեխաների մասնակցությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում այն հավաքներին, որտեղ հնչում են ատելություն ու վիրավորանք, բռնության հետ ասոցացվող խոսքեր: Առկա են նաև երեխաների ներկայությամբ հայհոյանքի խոսքեր հրապարակային հնչեցնելու դեպքեր:

Օրինակ՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը՝ երեխաների մասնակցությամբ ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ համայնքում քարոզարշավի ընթացքում հնչեցրել է այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «…հունիսի 20-ից հետո մենք անպայման գալու ենք նրանց հետևից և այդ բոլոր քրեական թափթփուկները պառկելու են ասֆալտների վրա» կամ «եթե որոշ գեղացի թափթփուկ պաշտոնյաներ հասկանում են միայն ուժի լեզուն, ուրեմն Հայաստանի Հանրապետությունը նրանց հետ կխոսի ուժի լեզվով: Եվ ես ձեզ խոստանում եմ՝ բոլոր այդ թափթփուկները պառկելու են Ագարակի ասֆալտներին»:

Այս համատեքստում հատկապես անընդունելի է երեխաների մասնակցությամբ նախընտրական քարոզարշավին նման կոչեր անելը՝ դրանով երեխաների համար ևս ստեղծելով ատելության մթնոլորտ: Երեխաներն այս հարցերի նկատմամբ առավել խոցելի են նաև այն պատճառով, որ նրանց մոտ այդ խոսքերը կարող են արագ փոխակերպում ստանալ:

Երեխաների ծնողները, խնամակալները և պատասխանատու այլ անձինք հենց իրենք պետք է երեխաներին քաղաքական բնույթ ունեցող նման հավաքներին ներգրավելու նպատակահարմարությունը դիտարկեն նաև այս փաստերի հաշվառմամբ:

2. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումն արձանագրել է հրապարակումներ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մասնակցությամբ տարբեր մարզերում անցկացվող նախընտրական հավաքներին վարչական լծակների գործադրմամբ, դպրոցների տնօրենների հորդորով կազմակերպված խմբերով ուսուցիչների և աշակերտների ներգրավվածության վերաբերյալ:

Քաղաքական բնույթ ունեցող հավաքներին կազմակերպված խմբերով դպրոցների տնօրենների, ուսուցիչների և երեխաների ներգրավվածության, այդ թվում՝ դասերի ժամերին ներգրավվածության դեպքերի մասին են վկայում հրապարակային տարբեր աղբյուրներով տարածվող տեսանյութերում դպրոցի տնօրենների և ուսուցիչների որոշ մեջբերումներ:

Օրինակ՝ լրատվամիջոցներում տարածվող տեսանյութերից մեկում Վարչապետի պաշտոնակատարի իրականացրած քարոզարշավին մասնակցող ուսուցիչը, լրագրողի այն հարցադրմանն ի պատասխան, թե արդյո՞ք իրեն նախապես տեղեկացրել էին տվյալ հանդիպման մասին, նշել է՝ «Իհարկե: Տնօրինության աչքից չընկնելու համար եկել եմ: Ուրիշ ի՞նչ կարող էի անել, եկել եմ, բայց չեմ մասնակցում, հոգեպես չեմ մասնակցում»:

Փոքր Վեդիի նույն նախընտրական հավաքին ուսուցիչների և աշակերտների՝ դասերի ժամերին մասնակցության վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան՝ դպրոցի տնօրենը նշել է, որ «ամբողջ կոլեկտիվով դիմել են, որ մի փոքր կրճատումներ անենք դասերի, բոլոր դասերն արել ենք և մասնակցել ենք…»:

Վարչապետի պաշտոնակատարի կողմից ՀՀ Արարատի մարզի Արևշատ գյուղում անցկացվող նախընտրական հավաքին ևս մասնակցել են դպրոցի տնօրեն, ուսուցիչներ և աշակերտների խմբեր, որի կապակցությամբ դպրոցի տնօրենը նշել է, որ «երեխաներն ուզեցին, մենք որոշեցինք թող մասնակցեն, ոչինչ, անմիջապես հետո կգնանք դասի»: Ուսուցիչներից մեկն էլ նշել է, որ «երեխաներ չեն, հիմնականում ուսուցիչներ են: Դասարանները կիսված են, մի մասն այսօր տանն են, դասի չեն, իրանք են ավելի շատ: Ովքեր որ դասի են, կգնան դասի»: Այսպիսով, ուսուցիչը հաստատել է, որ աշակերտների մի մասը քարոզարշավին մասնակցում են դասերի ժամերին: Այս իրավիճակը հատկապես խնդրահարույց է աշակերտների կրթության իրավունքի ապահովման տեսանկյունից:

Պետք է գիտակցել, որ խաղաղ հավաքներին երեխաների մասնակցության իրավունքի իրացում չէ, երբ երեխաները դասերի ժամերին ներգրավվում են քաղաքական բնույթ ունեցող հավաքների։

Հարցն այն է, որ տվյալ ուսումնական տարում դպրոցներում ուսումնական գործընթացը 3-11-րդ դասարանների աշակերտների համար 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում ավարտվելու է հունիսի 18-ին, իսկ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ հունիսի 19-ին։

Հատկապես խնդրահարույց է, երբ երեխաները նման հավաքներին ներգրավվում են առանց ծնողների տեղեկացվածության ու համաձայնության։ Ամեն դեպքում, հակառակը փաստող որևէ տվյալ մշտադիտարկմամբ չի արձանագրվել:

Դպրոցների տնօրեններն ու ուսուցչական անձնակազմը, ինչպես նաև իրավասու մարմինների ներկայացուցիչները պարտավոր են իրենց գործողություններում առաջնորդվել բացառապես երեխաների լավագույն շահերով, երեխաների անվտանգության, ծնողների, խնամակալների, ուսումնական հաստատության պատասխանատու ներկայացուցիչների վերահսկողության, ինչպես նաև երեխաների կրթության իրավունքի երաշխավորման սկզբունքով:

3. Արձանագրվել է նաև «Փաստերի ստուգման հարթակի» հրապարակումն այն մասին, որ տեղեկություններ են ունեցել հունիսի 8-ին Գորիսում «Հայաստան» դաշինքի նախընտրական հանրահավաքին մարդկանց մասնակցությունն ապահովելու նպատակով համայնքի մանկապարտեզների մի քանի տնօրենների հրահանգ տալու վերաբերյալ։ Հրապարակված հեռախոսազրույցի ժամանակ Գորիսի մանկապարտեզներից մեկի տնօրենը հայտնում է, որ մասնակցության վերաբերյալ հրահանգ եղել է:

Պաշտպանի մշտադիտարկումն արձանագրել է նաև դեպք, երբ Արմավիրի մանկապարտեզներից մեկի ֆեյսբուքյան էջը տարածել է իշխող կուսակցության քարոզարշավի տեղի ունենալու ժամանակի և վայրի վերաբերյալ իրազեկող տեղեկություն:

Տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև նրանց ենթակայության ներքո գործող հաստատությունները, այդ թվում՝ մանկապարտեզները, պետք է ձեռնպահ մնան այնպիսի նյութեր հրապարակելուց, որոնք ուղղված են որևէ քաղաքական կուսակցության նկատմամբ հասարակության աջակցության վրա ազդելուն:

4. Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումն արձանագրել է երեխաների կողմից քարոզչական բնույթ ունեցող գրություններով հագուստով, պաստառներով շրջելու, պաստառներ փակցնելու կամ պատռելու, տարբեր կուսակցությունների թռուցիկներ բաժանելու, քարոզարշավի ընթացքում երեխաներին ծափ տալ, ինչպես նաև քաղաքական բնույթի որոշակի վանկարկումներ անել հորդորելու դեպքեր:

Օրինակ՝ Արարատում, Բյուրեղավանում, Մասիսում, Որոտանում իշխող կուսակցության քարոզարշավի ընթացքում Վարչապետի պաշտոնակատարի, ինչպես նաև այլ անձանց հորդորով երեխաների խմբի կողմից արվել են իշխող կուսակցությանն աջակցող քարոզչական վանկարկումներ: Արձանագրվել է նաև երեխաներին թռուցիկների բաժանման գործընթացում ներգրավելու դեպք:

5. Արձանագրվել է երեխաների կողմից «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզչական գրությամբ գլխարկն այրելու, դա տեսանկարահանելու և համացանցում տարածելու դեպքը, որն խիստ մտահոգիչ է և ավելի է խորացնում նախընտրական քարոզչության ընթացքում առանց այդ էլ տարածում գտած ատելության մթնոլորտը, այդ թվում՝ երեխաների շրջանում, որը չի բխում երեխաների լավագույն շահերից:

Ավելին, տեսանյութի սկզբում երեխաներից մեկը հարցնում է, թե որ կուսակցության քարոզչական գրությամբ գլխարկն են իրենք այրում, որը վկայում է այն մասին, որ երեխաներից շատերը լիարժեք չեն  գիտակցում իրենց կողմից իրականացվող գործողության բնույթը և նպատակը: Հակառակ դրան՝ կրում են կոնկրետ քաղաքական ուժի հետ նույնականացվող շապիկ և անում են տվյալ քաղաքական ուժին սատարող կոչեր:

6. Քաղաքական գովազդային արշավների հետ կապված՝ արձանագրվել է, երբ  երեխաները լուսանկարվել են կուսակցության քարոզչական թռուցիկներով, պաստառներով և լուսանկարները տարածվել են կուսակցության ֆեյսբուքյան էջերով: Օրինակ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Ապարանի տարածքային կառույցի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է երեխայի լուսանկար՝ տվյալ կուսակցության թռուցիկը ձեռքին:

Միջազգային պահանջների համաձայն՝ քաղաքական բնույթ ունեցող հավաքներին երեխաների մասնակցության դեպքում անհրաժեշտ է ապահովել երեխաների իրազեկված, գիտակցված և կամավոր մասնակցությունը: Կարևոր է ծնողների, խնամակալների տեղեկացվածությունը, նրանց համաձայնության առկայությունը և վերահսկողությունը տվյալ գործընթացի նկատմամբ։

Երեխաները պետք է պաշտպանված լինեն այնպիսի իրավիճակներից, երբ նրանք քաղաքական կուսակցական գործունեության, հատկապես՝ ընտրարշավների ընթացքում քաղաքական գործիչների կողմից «օգտագործվում են» որպես «զարդարանք» իրենց քարոզչությունն իրականացնելու համար: Երեխաները չպետք է նախընտրական շրջանում քաղաքական կուսակցությունների կողմից կազմակերպվող միջոցառումներին ներգրավվեն որպես «ֆոն» (նստած, կանգնած կամ այլ եղանակով):

Արատավոր են այն երևույթները, երբ երեխաներին կանգնեցնում են աղ ու հացով դիմավորելու քաղաքական գործիչների կամ տարբեր չինովնիկների: Պարզ չէ՝ դրա իմաստը ո՞րն է առհասարակ: Եվ ինչու՞ են հենց երեխաներ ներգրավվում ու ինչու՞ չեն կարող դա անել չափահասները: Ակնհայտ է, որ այստեղ նույնպես գոյություն ունի երեխաներին տարբեր քաղաքական կամ այլ նպատակներով օգտագործելու գործոնը:

Պաշտպանն արձանագրում է, որ խաղաղ հավաքներին, այդ թվում՝ քաղաքական, երեխաների մասնակցության արգելք գոյություն չունի։ Կարևոր նշանակություն ունի խաղաղ հավաքներին կամ այլ զանգվածային միջոցառումներին երեխայի մասնակցության, երեխայի կարծիքի ազատ արտահայտման իրավունքների պատշաճ ապահովումը։

Այնուամենայնիվ, հավաքներին երեխաների մասնակցության հարցը դիտարկելիս անհրաժեշտ է առաջնորդվել երեխաների լավագույն շահերին առաջնահերթ ուշադրություն դարձնելու հրամայականով՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակները:

Պետք է միշտ նկատի ունենալ երեխայի լավագույն շահերը՝ որպես բացարձակ արժեք և այն, որ դրանցով չառաջնորդվելը երեխայի իրավունքների խախտում է:

Leave a Response