Կյանքը de facto

Կառավարությունը նախատեսում է կրճատել զինծառայության ժամկետները՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի

589views

Հայաստանի կառավարությունը նախատեսում է ռազմավարական հեռանկարում աստիճանաբար անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի. ժամկետային և  զորահավաքային զինծառայության կառուցվածքն էականորեն կփոխվի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում, որն ընդունվել է կառավարության կողմից և առաջիկայում կուղարկվի խորհրդարան:

Ծրագրում նշվում է, որ Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումների մեկնարկած լայնածավալ գործընթացը բաղկացած է և՛  կառուցվածքային, և՛ բովանդակային փոփոխություններից:

«Հաշվի առնելով զինվորական ծառայության զարգացման ու կատարելագործման հեռանկարները՝ առաջիկայում Կառավարությունը ձգտելու է զինծառայության ժամկետների կրճատմանը՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի։ Սրանով Կառավարությունը խթանելու է զինվորական ծառայության շահադրդման թե՛ նյութական և  թե՛ բարոյահոգեբանական մեխանիզմները»,-ասված է ծրագրում:

Նշվում է, որ կառավարությունը բարձրացնելու է Զինված ուժերի կառավարման և  ղեկավարման համակարգի արդյունավետությունը: Իրականացվելու են անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված պաշտպանության ոլորտի համապետական խնդիրների լուծմանն ու պաշտպանության կազմակերպման ընթացակարգերի հստակեցմանը, այդ թվում՝ պետության ռազմական անվտանգության համակարգի մարմինների պաշտպանության ոլորտին առնչվող լիազորություններն ու պարտականությունները:

Վերանայվելու է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը, մշակվելու է նոր Ռազմական դոկտրին, Պետության պաշտպանության պլան, կատարելագործվելու են պետությունը պաշտպանության նախապատրաստելու գործիքակազմերն ու ընթացակարգերը: Զինված ուժերի կառավարման և  ղեկավարման արդյունավետության բարձրացման և   որոշումների կայացման ժամանակահատվածը կրճատելու նպատակով ներդրվելու է միասնական ավտոմատացված կառավարման այնպիսի համակարգ, որն ապահովելու է ժամանակակից ռազմական գիտությանը համահունչ արագ և  առաջանցիկ որոշումների կայացումը: Այդ նպատակով Զինված ուժերի կառավարման և  զորային օղակներում իրականացվելու են  կազմակերպչական և  հաստիքային փոփոխություններ: Առաջադրված խնդիրների լուծման նպատակով կազմավորվելու են մեծ շարժունակությամբ և  կրակային հզորությամբ, երկար ժամանակ ինքնուրույն մարտական գործողություններ վարելու ունակ զորամիավորումներ ու ստորաբաժանումներ:

Ծրագրի համաձայն՝ Կառավարությունը շարունակելու է սպառազինության և  ռազմական տեխնիկայի արդիականացման և  նոր նմուշների ձեռքբերման գործընթացները:  Առավել նպատակային քաղաքականություն է իրականացվելու դաշնակից և  գործընկեր պետությունների հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում: Հատուկ կարևորություն է տրվելու  այդ ոլորտում դաշնակցային և  գործընկերային հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես ընդլայնվելու է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը, որն առաջնահերթ ուղղվելու է համատեղ ուժերի (համակարգերի) ռազմական ներուժի ավելացմանը և  երկու պետությունների զինված ուժերի առավելագույն փոխգործունակության ապահովմանը:

Կառավարությունը շարունակելու է զորահավաքային նախապատրաստության և  զորահավաքի մեխանիզմների կատարելագործումը։ Կյանքի են կոչվելու տարածքային պաշտպանության համակարգի,  ակտիվ պահեստազորի և  աշխարհազորայինների պատրաստման  ծրագրերը: Ինչպես ներգրավված ուժերի, այնպես էլ տեխնիկական նոր լուծումների  միջոցով կատարելագործվելու է ՀՀ պետական սահմանի պահպանության համակարգը:

Կառավարության ուշադրության կենտրոնում մշտապես եղել և  լինելու է զինծառայողների և  նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության բարձրացումը, ուստի Կառավարությունը մեծացնելու է զինծառայողների նյութական և  սոցիալական ապահովման երաշխիքները, կատարելագործելու է զինծառայության գրավչության և  զինծառայողի հեղինակության բարձրացման մեխանիզմները։ Զինծառայողների աշխատավարձերի և  այլ վճարների բարձրացումը, բնակարանային ապահովման ուղղությամբ Կառավարության ծրագրերը, պատերազմի հետևանքներն իրենց վրա կրող զինծառայողների սոցիալական և  առողջապահական ծրագրերը նոր թափ են ստանալու:

«Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, Զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու նպատակով: Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու մտադրություն չունի»,- ասված է ծրագրում:

Leave a Response