ԳլխավորՀասարակություն

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ` ԶԳԱՍՏՈՒԹՅԱՆ, ԱՐԻՈՒԹՅԱՆ ԵՒ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ

1.6kviews

Անցնող քառասունչորս օրերը մեր ազգի համար հոգեկան ծանր ապրումների ժամանակաշրջան դարձան` լի մտահոգությունների, ցասման, հուսահատության և տխրության խառը զգացմունքներով։ Այսօր կողմնորոշվելու և մեր հետագա անելիքները նախանշելու այս հանգրվանը կարող է վախազդու թվալ, սակայն նման պահերին է, որ հայը դրսևորում է իր նկարագրի ամրությունն ու կամքի տոկունությունը: Մենք մահը հաղթող ժողովուրդ ենք։ Մեր գոյության հազարամյակների ընթացքում սովորել ենք գոյատևել ու մեր հոգեկան հզորությամբ դիմակայել ամեն տեսակի խոչընդոտներին և մեզ ընկճել ցանկացող ուժերին: Քաղաքակրթության մեջ մեր թողած ժառանգությունը նշանավորվում է բազմաթիվ ու հարատև ձեռքբերումներով։
Այսպիսի պահերին, երբ մեզ կոտրված ենք զգում, պետք է հետ նայենք մեր պատմությանը և քաջալերվենք մեր գոյության, տոկունության և կենսունակության ամենապայծառ օրինակներով։
Քառասունչորս օր շարունակ, հայությունը մոլորակի բոլոր անկյուններում միաձուլեց իր ներուժն ու կամքը և լսելի դարձրեց իր ձայնը։ Անծանոթները միասնական պայքարի զորակիցներ և գործակիցներ դարձան։ Մեր հայրենիքի դեմ թշնամու նենգ հարձակումը համախմբեց մեզ` ձերբազատելով մեր համայնքները պառակտող տարաձայնություններից: Այս իրողությունն է, որ պիտի մղի մեզ կերտելու մեր պատմության նոր էջը: Այս նոր հանգրվանին մենք պիտի շարունակենք գործել միասնաբար` հաղթահարելով բոլոր խոչընդոտները: Մեզնից յուրաքանչյուրն իր նպաստը պիտի բերի մեր և մեր ժողովրդի վերքերի բուժմանն ու մեր երկրի վերակառուցմանը։ Մենք պետք է խաղաղությամբ տոգորենք մեր սրտերն ու համախմբվենք ազգաշինության և պետականաշինության ոգով։ Սա  է մեր պարտքը այն բոլոր հերոսների հանդեպ, որոնք իրենց կյանքերը զոհաբերեցին, կամ որոնք վիրավոր և դեռեւս ապաքինվում են  և կամ նրանց, ում սրտերը դեռեւս կսկիծում են։
Հայաստանն այսօր ունի բոլորիս կարիքը։ Արցախն է կանչում մեզ։ Ավելի քան երբևէ մենք պետք է մեկտեղենք մեր ուժերը։
Կոչ ենք անում մեր ազգի բոլոր նվիրյալներին՝ Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող ու գործող անհատներին, մարդասիրական, ընկերային և քաղաքական կազմակերպություններին ու կուսակցություններին՝ միավորվել և ոտքի կանգնել, քանի որ առաջիկա օրերին մեզ կրկին մարտահրավերներ են սպասվում։
ՀԲԸՄ-ն այստեղ է և պատրաստ է ծառայել։ Պատրաստ է գործակցել և վերակառուցել։ Պատրաստ է աջակցել պետականության հիմքերի ամրապնդմանը։ Պատրաստ է աջակցել մեր ժողովրդին, մեր հաստատություններին, մեր կառավարությանն ու մեր եկեղեցուն և առաջնորդել, ըստ անհրաժեշտության, ապագային միտված մեր միասնական ճանապարհին։
Միությունը զորություն է: 

Leave a Response