Հանրապետության ընտրատեղամասերից կապահովվի քվեարկության գործընթացի տեսանկարահանում ու հեռարձակում. ԿԸՀ
Հայաստանում հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության ընթացքը և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը կտեսանկարահանվի ու համացանցում կհեռարձակվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս որոշումը ԿԸՀ-ն ընդունեց հունիսի 8-ին կայացած նիստում:
«Դա ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջ է: Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների «Յուքոմ» ընկերության կողմից իրականացվելու է ընդհանուր թվով 1500 ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում:
Դա կատարվելու է ուղիղ ժամանակային ռեժիմով՝ հատուկ ստեղծված կայքի միջոցով: Հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներն առաջակվում է տալ թույլտվություն «Յուքոմ» ընկերությանը հիշյալ գործառույթն իրականացնելու համար»,- նշեց ԿԸՀ նախաահ Տիգրան Մուկուչյանը:
Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին: Ընտրություններին մասնակցում են երկու տասնյակից ավելի կուսակցություններ ու կուսակցությունների դաշինքներ: