Հայաստանի տուրիզիմի զարգացմանը խթանող Արագածոտնի մարզի Կարբի համայնքում ևս սեպտեմբերին տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ, որի արդյունքում երկու թեկնածուներից, ձայների մեծամասնությամբ, համայնքի ղեկավար վերընտրվեց Կարո Բաղդասարյանը:
Մինչ բուն թեմային անդրադառնալը հիշեցնենք, որ համայնքն ունի մոտավորապես 5000 (ավելի ստույգ՝ 4800) բնակիչ, որոնց մեծամասնությունը զբաղված են իրենց իսկ ստեղծած աշխատանքով, այսինքն՝ հիմնականում այգեգործությամբ՝ գերազանցապես պտղաբուծությամբ՝ խնձոր, ծիրան, կեռաս, դեղձ, սև սալոր: Կարբին ապահովում է հանրապետության խնձորի բերքի առնվազն 30-40 տոկոսը: Տարեկան արտադրվում է 20-25 հազար տոննա խնձոր, հետևաբար, ըստ եղանակային պայմանների, վերամշակվում և պահածոյացվում է, որոշակի մասը վաճառվում է հանրապետության շուկայում, իսկ մի մասն էլ՝ արտահանվում : Համայնքում գործում են նաև վերամշակման երեք արտադրամասեր՝ ‹‹Թամարա ֆրուտ››, ‹‹Կարբի ֆրուտ›› և ‹‹Իշխան›› ՍՊԸ-ն, որոնք ևս ապահովում են մոտավորապես 300-350 սեզոնային աշխատատեղ:
Թե ինչպես են անցել ընտրությունները, ինչ աշխատանքներ են նախատեսված նոր քառամյա ծրագրով և վերջապես ինչպիսին է հետընտրական համայնքի առօրյան՝ մեզ հետ զրույցում կարճ անդրադարձ կատարեց համայնքի ղեկավարը. ‹‹Ընտրությունները մեզ մոտ բարձր մակարդակով անցկացվեցին, բավականին նորմալ բարոյահոգեբանական դաշտում, որի արդյունքում 1730 ձայն հավաքել եմ ես՝ Կարո Գրիգոր Բաղդասարյանս, մոտավորապես 700 ձայն` մյուս թեկնածուն: Պետք է ասեմ, որ բավարար ուժերով հակառակորդ էր ինձ համար մյուս թեկնածուն, բավականին մեծ թիմ է ունեցել, չնայած ‹‹մալադեց›› ժողովրդին. կարծում եմ ճիշտ ընտրություն կատարեցին: Նկատեմ նաև, որ վերջին տարիներին ընտրությունների որակն է փոխվել և յուրաքանչյուր քաղաքացի, ընտրելու իրավունք ունեցող մարդ ուղղորդվում է իր ներքին ձայնով, տեսակետով, սեփական հայացքներով:
Բնականաբար, ունենք աշխատանքների հերթական ծրագիր, որը ներկայացվել է Կարբի համայնքի բնակիչներին: Նպատակահարմար կգտնեի ավելի կոնկրետ թվարկել դրանք. մենք խնդիր ունենք Մշակույթի տան հետ կապված. այն գործում է, բայց գտնվում է ոչ բարվոք վիճակում, առաջին կետերից մեկը դրա վերանորոգումն է, վերականգնումը և աշխատանքային նոր ռիթմ տալը՝ զարկ տալով մշակութային կյանքի զարգացմանը: Երկրորդը՝ կառուցել նոր՝ մոտավորապես երեք մարզաձևի համար նախատեսված սպորտային համալիր, որը նախատեսված կլինի ոչ միայն Կարբիի, այլ նաև հարակից համայնքների երիտասարդների համար: Շարունակելու ենք ճանապարհների բարեկարգման, ասֆալտապատման աշխատանքները, ինչպես նաև՝ դեպի այգիներ տանող ‹‹Դեմեր›› կոչվող ճանապարհի հիմնովին վերանորոգումը: Շարունակվելու է նոր փողոցներ լուսավորելու հարցը, իսկ խմելու ջրերի հետ տարվող աշխատանքները հասցնելու ենք այն աստիճանի, որ համայնքը շուրջօրյա ջրամատակարարում կունենա, նույնը նաև՝ ոռոգման համակարգի բարելավմանը նպատակաուղղված աշխատանքների մասին: Մանկապարտեզը պետք է հիմնովին վերանորոգել, ավելացնել չորս նոր ննջասենյակներ, սակայն այս երկու ամսվա ընթացքում արդեն բավական մեծ աշխատանքներ են կատարվել այնտեղ. երկրորդ հարկի պատշգամբներն ու դռները փոխվել են, ջեռուցման նոր համակարգ է անցկացվել: Գյուղի կենտրոնն է նախատեսված բարեկարգել, իսկ հարկից այգին, այսպես ասած, վերափոխել մանկական ժամանցի վայրի:
Մեր համայնքի բնակիչների եկամտի հիմնական աղբյուրը հանդիսացող այգիների ռիսկայինության աստիճանը պետք է հնարավորինս նվազեցնել, այսինքն՝ ես գտնում եմ, որ այգիները պետք է ցանցապատվեն, որպեսզի կարկտահարության ռիսկը գրեթե զրոյի հավասարվի: Տվյալ աշխատանքներն առանց պետական միջամտության չենք կարող իրականացնել: Կարծում եմ՝ պետք է մարդկանց տրամադրվեն հնարավորինս նպաստավոր դրամական միջոցներ, վարկեր, բայց, իհարկե, սուբսիդավորված տոկոսներով:
Գազաֆիկացման աշխատանքները վերջացրել ենք, կարելի է ասել, հարյուր տոկոսով համայնքն ապահովված է գազով: Ուսանողական տրոնսպորտ պիտի գնենք, որը կապահովի ուսանողների ժամանակին դասերին հասնելու և վերադառնալու հարցը››:
Նկատենք նաև, որ վերջին 3-4 տարիների ընթացքում Կարբի համայնքում խթանվել է տուրիզմի զարգացումը: Կարբիի ձորում 2-3 հանգստի գոտիներ են կառուցվել, որտեղ տարեկան բավականին մեծ թվով տուրիստներ են այցելում, ինչպես փաստում է գյուղապետը, ամառվա ընթացքում օրական միջինը 1000-1500 տուրիստ է հաճախում: Վերջինի հետ կապված ևս շատ նպատակներ կան:
‹‹Համայնքում մեծ շուքով ամեն տարի նշվում է արդեն ավանդույթ դարձած ‹‹Բերքի տոնը››, որն, այս տարի ցավոք չկայացավ, քանզի կարկուտն ավերել էր ողջ բերքը: Այս և օրացույցային բոլոր տոների նշումը շարունակական է լինելու: Շուտով ամանոր է, որը ևս պատրաստվում ենք նշել ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից տեսքով. կարծում եմ հետաքրքիր կլինի: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս նվերներ կպատրաստենք տարական դասարանների և մանկապարտեզի երեխաների համար: Օգտվելով առիթից շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին գալիք Ամանորի կապակցությամբ՝ մաղթելով, ամենակարևորը խաղաղություն, առողջություն և բարգավաճում››,- ամանորյա անկեղծ ցանկությամբ ավարտեց մեզ հետ զրույցը Կարբի համայնքի ղեկավար Կարո Բաղդասարյանը՝ հավելելով, որ ինքն էլ շարունակելու է աշխատելու նույն եռանդով և նվիրվածությամբ՝ հանուն կարբեցիների բարօրության ու Հայաստանի զարգացման:
Հեղինակ՝ Մերի Եղիազարյան