Հիմնովին հերքում ենք ՀՀ Վարդենիսի շրջանից Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը հրթիռակոծելու վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ-ի՝ Հայաստանին ուղղված մեղադրանքը․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի ՊՆ կողմից տարածված ապատեղեկատվության վերաբերյալ։
«Հիմնովին հերքում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության Հայաստանին ուղղված մեղադրանքը՝ Հայաստանի Հանրապետության Վարդենիսի շրջանից Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը հրթիռակոծելու վերաբերյալ:
Այս ապատեղեկատվությունը բացարձակ սուտ է և նպատակ ունի հող նախապատրաստել մարտական գործողությունների աշխարհագրության ընդլայնման, այդ թվում՝ ագրեսիա իրականացնել Հայաստանի Հանրապետության դեմ:
Խստորեն դատապարտում ենք տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հետագա ապակայունացման Ադրբեջանի փորձերը, որոնց հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։