Կյանքը de factoՊաշտոնական

ՀՀ Ազգային ժողովի նախագահը Վիեննայում հանդիպեց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահի հետ

62views

 

Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 8-ին հանդիպեց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնան Էտգենի հետ:

Հանդիպմանը երկուստեք կարեւորվեց քաղաքական երկխոսության շարունակականությունը, որի խթանման գործոններից է նաեւ խորհրդարանական դիվանագիտությունը: Ալեն Սիմոնյանը նշեց, որ բարձր է գնահատում Լյուքսեմբուրգի հավասարակշված եւ անաչառ դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցում` երախտագիտություն հայտնելով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի կողմից 2020 թ. հոկտեմբերի 16-ին եւ 2020 թ. դեկտեմբերի 24-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտող եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի կարեւորությունն ընդգծող բանաձեւերի ընդունման կապակցությամբ:

Զրույցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ անհրաժեշտ է նաեւ խթանել միջխորհրդարանական համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում: Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահն իր աջակցությունը հայտնեց Հայաստանում ժողովրդավարական արժեքների զարգացմանն ուղղված գործընթացներին:

Զրուցակցի խնդրանքով ԱԺ նախագահը տեղեկատվություն տրամադրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլից` պատմելով նաեւ Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների եւ նրանց վերադարձնելու կապակցությամբ տարվող աշխատանքների մասին: Ալեն Սիմոնյանը շեշտեց, որ հայկական կողմն ապավինում է իր բոլոր գործընկերների աջակցությանը` ռազմագերիների շուտափույթ արձակումն ապահովելու համար:

Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը գործընկերոջը հրավիրեց պաշտոնական այց կատարել Հայաստանի Հանրապետություն` ՀՀ-ի եւ Լյուքսեմբուրգի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ`

միաժամանակ հավելելով, որ կարելի է քննարկել խորհրդարանների մակարդակով երկու երկրների մայրաքաղաքներում համատեղ միջոցառումների կազմակերպման հնարավորությունը:

Leave a Response