Գլխավոր

ՀՀ-ն կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունը. ՀՀ ԱԳՆ

941views

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարության վերաբերյալ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների կողմից արված հայտարարությունը, որտեղ աներկբա կերպով դատապարտվում է քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների աննախադեպ մեծ ծավալների թիրախավորումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, որպես անընդունելի սպառնալիք տարածաշրջանային կայունության համար:

Հայաստանը վերահաստատում է կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը, որի մասին ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ 2020թ․ հոկտեմբերի 2-ին:

Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ հակամարտության խաղաղ կարգավորումը ու խաղաղ գործընթացն այլընտրանք չունեն, և ցանկացած փորձ` տանելու այն ռազմական լուծմանը վճռականորեն կասեցվելու է»:

Հիշեցնենք՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի ԱԳ և Եվրոպայի հարցերով նախարար Ժան-Իվ Լե Դրիանը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ամենավճռական կերպով դատապարտում են բռնության վտանգավոր էսկալացիան ԼՂ հակամարտության գոտում և դրա սահմաններից այն կողմ: Այս մասին ասվում է կողմերի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում:

«Նախարարներն անվերապահորեն ընդգծում են, որ վերջին հարձակումները, որոնց թիրախը, ենթադրաբար, քաղաքացիական կառույցներն են եղել ինչպես շփման գծի երկայնքով, այնպես էլ Ադրբեջանի և Հայաստանի տարածքներում՝ ԼՂ հակամարտության գոտու սահմաններից դուրս, ինչպես նաև նման հարձակումների անհամաչափությունն անընդունելի սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի կայունության համար:

Հղում անելով երեք համանախագահ երկրների ղեկավարների՝ հոկտեմբերի 1-ի հայտարարությանը՝ նախարարները կրկին կոչ են անում հակամարտության կողմերին անհապաղ և անվերապահորեն հրադադարի ռեժիմ հաստատել:

Համանախագահ երկրները հաստատակամ են ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության կողմից իրենց տրամադրված մանդատն ամբողջովին ի կատար ածելու՝ Մինսկի խմբի անդամ երկրների աջակցությամբ: Այդ մանդատի համաձայն՝ նրանք շարունակում են հետևողականորեն հարստացնել համագործակցությունը կողմերի հետ՝ կոչ անելով նրանց անհապաղ պատասխանատվություն ստանձնել կարգավորման գործընթացը վերսկսելու համար՝ առկա հիմնարար սկզբունքների և համապատասխան միջազգային փաստաթղթերի հիման վրա, որոնք հայտնի են երկու կողմերին էլ»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ:

Leave a Response