Մերձավանում առաջնորդվում են ‹‹Գյուղացու հոգսը մեր հոգսն է» կարգախոսով
Արմավիրի մարզի Մերձավան գյուղը հիմնադրվել է 1947 թ-ին Ղռերի տեղում, որտեղից շինաքար են արդյունահանել որպես փորձառական բազային կից ավան: Այդ պատճառով էլ այն կոչվել է Ակադեմիա, Մերձավան է վերանվանվել 1965 թ-ին: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքն ունեցել է 2621 առկա բնակիչ, իսկ այսօրվա դրությամբ՝ 3500: Գյուղն ունի դպրոց, գրադարան, Մշակույթի տունբուժկետ, պոլիկլինիկա, կապի հանգույց:
Իսկ թե ինչով է այսօր զբաղվում մերձավանցին, ի՞նչ աշխատատեղեր կան գյուղում և որքանո՞վ է դրան նպաստում քաղաքին մոտ լինելու հանգամանքը՝ մեզ հետ զրույցում պատմում է գյուղապետ Լևոն Գրիգորյանի տեղակալ Ա.Եսայանը. ‹‹Մերձավանում աշխատելու ցանկություն ունեցողը անպայման աշխատանք գտնում է: Գյուղում ապրող բնակչության մոտավորապես 80 – 85 տոկոսն աշխատում են, և քանի որ գյուղը Երևանին մոտ է՝ կան մարդիկ, որ աշխատում են հենց մայրաքաղաքի ամենատարբեր հիմնարկներում և կազմակերպություններում: Այստեղ մենք ունենք արտադրամասեր՝ մակարոնի, նասկու, քարի, կարի, որտեղ բավականին թվով մարդիկ զբաղվածություն ունեն: Բացի վերոնշյալները, աշխատողներ կան նաև դաշտերում, էլ չեմ խոսում գյուղի ենթակառույցներում՝ դպրոցում, մանկապարտեզում, փոստում, Մշակույթի տանը, գյուղապետարանում աշխատող և իրենց գիտակրթական, արդյունավետ աշխատանքով համայնքը հարստացնող մարդկանց մասին: Մերձավանը գիտելիքներով հարուստ, կրթված մարդկանց բնօրրան է: Դրան նպաստել է ինչպես քաղաքին մոտ գտնվելու, այնպես էլ այն կարևորագույն հանգամանքը, որ նախկինում գյուղը եղել է գիտահետազոտական ինստիտուտների փորձառական բազային կից Ավան և այսօրվա ուսանողների ծնողները ժամանակին աշխատել են այդ ինստիտուտներում, որն էլ արդյունք է այն բանի, որ 3.5 հազար բնակչից ամենաքիչը հինգ տոկոսը բարձրագույն կրթությամբ մարդիկ են»:
Անդրադառնալով այն հարցին, թե գյուղում որքանով են լուծված խմելու, ոռոգման ջրի, ասֆալտապատման, փողոցային լուսավորության խնդիրները՝ տիկին Եսայանն ասաց. ‹‹Փողոցների լուսավորությունը այսօրվա դրությամբ, կարելի է ասել, բավարար է, ճիշտ է ոչ ամբողջությամբ, բայց կարևորագույն, կենտրոնական փողոցները լուսավորված են և ամենակարևորը՝Մերձավանն ապահովված է գիշերային լուսավորությամբ:
Ճանապարհների մոտավորապես 70 տոկոսը ասֆալտապատ են, միայն նոր հատկացված տնամերձերն են զուրկ ասֆալտից: Այն կատարվել է Խաղողագործության ինստիտուտի ժամանակ և պարբերաբար վերանորոգվում է գյուղապետարանի կողմից: Մինչև այսօր գյուղապետարանի միջոցներով, ինչու չէ նաև, պատգամավորների օգնությամբ, պարբերաբար կատարվում են փոսալցման աշխատանքները: Չենք թողնում որևէ տեղ փոս մնա, բայց կարգին ասֆալտապատման աշխատանքները մեծ գումարների հետ է կապված, որը դեռևս ի վիճակի չենք իրականացնելու: Անցած տարի գյուղապետարանի և ‹‹Երևան Ջուր»-ի հետ համատեղ համագործակցության արդյունքում խմելու ջրի 1-1.6 կմ խողովակաշարը փոխվեց՝
Սպանդարյանից մեծ հաստ խողովակով ջուրը բերելով և բաշխելով գյուղացիների մեջ: Արդյունքում պատկերն այսօր այպիսին է. եթե առաջ բնակիչները երկու ժամ էին ջուր ունենում, հիմա հակառակն է՝ երկու ժամ չեն ունենում: Վերջերս, երևի մի քսան օր առաջ, կրկին ‹‹Երևան Ջուր»-ի ջանքերով ջրամբարն ամբողջովին մաքրվեց:
Ոռոգման ջրի հետ կապված երբեմն-երբեմն խնդիրներ ենք ունենում, առուները լավ չեն մաքրվում: Դաշտեր ունենք, որ հիմա միայն 150 հեկտարն է մշակվում, բայց եթե ջուր ունենանք կարող ենք մոտ 600 հեկտար մշակել: Այս առումով Ճապոնիայի կողմից մի ծրագիր է մշակվում՝ Եղվարդի ջրամբարը կառուցելու, և երեկ հենց նրանց գյուղատնտեսական բաժնի աշխատակիցը եկել էր մեզ մոտ, այսպես ասած, տեղանքը ուսումնասիրելու, ինֆորմացիա հավաքելու, թե ինչպես է եղել և ոնց կլինի: Նրանք շատ խելացի բան են առաջարկում. եթե այդ ջրամբարը կառուցվի, ավելի շատ տարածքներ կկարողանանք ոռոգմամբ ապահովել:
Արդեն երկար տարիներ՝ 1996թ.-ին մինչ այսօր Մերձավանի գյուղապետն է Լևոն Գրիգորյանը: Թե այս ժամանակահատվածում կոնկրետ ինչ աշխատանքներ են կատարվել համայնքում մեր զրուցակիցը հպարտության մեծ զգացումով նշեց, որ գյուղապետն արդեն 4-5 անգամ ընտրվել է, և այս ընթացքում գյուղում շատ բաներ են կատարվել, եթե սկսի թվարկել, հանկարծ կարող է ինչ-որ բան մոռանալ: ‹‹Առաջին հերթին նշեմ, որ գյուղապետ պարոն Գրիգորյանի ընտրվելու առաջին իսկ օրվանից համայնքի առջև դրված խնդիրներից առաջնայինը եղել է խմելու ջրի և ջրագծի հարցը: Այսօրվա դրությամբ, ինչպես արդեն նշեցի, ջրի հարցը ամբողջովին կարգավորված է: Ուշադրության կենտրոնում մշտապես եղել են մանկապարտեզն ու դպրոցը: Մինչ օրս համայնքը դպրոցում մոտ 50 մլն դրամի ներդրում է կատարել, որի արդյունքում կատարվել են վերանորոգման մի շարք աշխատանքներ՝ տանիքի, դահլիճի, սպորտդահլիճի, սանհանգույցի, պատուհանների: Դրանից հետո ջեռուցման հարցին էր, որի լուծման համար դիմել ենք տարբեր հիմնարկների՝ աջակցության ակնկալիքով, բայց, ի վերջո, խնդիրն ամբողջությամբ լուծվել է համայնքի միջոցներով: Մեր մարզպետի ավանդն ու ջանքերը ևս շատ մեծ են այս հարցում: Ամբողջովին, կատարյալ վերանորոգված, կարգին մանկապարտեզ ունենք, կարգինը կարելի է մեծատառով գրել՝ հաշվի առնելով իր աշխատանքային գործունեությունը, շենքային հարմարությունները, վերանորոգումը, սանիտարահիգիենիկ, ուսումնադաստիարական պայմանները: Այս տարի այն ճանաչվեց Արմավիրի մարզի ‹‹Լավագույն մանկապարտեզը»:
Մեծ ուրախությամբ պետք է ասեմ, որ այս տարվա սեպտեմբերի մեկից կազմավորվելու է մանկապարտեզի չորրորդ խումբը, որի շնորհիվ 120-140 երեխա կարող ենք մանկապարտեզ ընդունել: Արդեն որոշումը կայացվել է, հաստիքներն առանձնացվել են:
Այնքան գայթակղիչ է մեր մանկապարտեզի աշխատելաոճը, արտաքին ու ներքին տեսքը, որ նույնիսկ ուրիշ տեղերից էլ են երեխաներ ընդունվում մեզ մոտ:
Գյուղապետարանի ջանքերով վերանորոգել է նաև Մշակույթի տունը՝ կատարելով մոտ 70 մլն դրամի ներդրում: Ունենք պարի, կարատեի խմբակներ և ֆուտբոլի թիմ՝ ‹‹Մերձավան 98», որի տղաներն այսօր ՀՀ ֆուտբոլի առաջնությունում են խաղում: Մշակույթի տան առաջին հարկում հանդիսությունների սրահ ենք կառուցել, որ մարդիկ կարողանան իրենց ուրախ և, հեռու բոլորիցս իհարկե, տխուր առիթները, արարողությունները գյուղի ներսում առանց վճարի անցկացնել: Այն դեռևս չի գործում, բայց վերանորոգված և կահավորված է, երևի թե, շատ շուտով կհանձնվի շահագործման:
Խմելու ջուր, գազ, ոռոգման ջուր և այլն և այլն՝ խնդիրներ են, որոնք մշտապես գյուղապետարանի ուշադրության կենտրոնում են. առաջացած հարցը անմիջապես, ժամանակային մինիմալ սահամաններում լուծվում է: Մեր տեղամասային տեսուչը (ոչ մի տեղ այսդիսի բան չեք տեսնի) մտնում է յուրաքանչյուր բնակչի տուն՝ տեղեկանալու, թե ինչ խնդիրներ ունեն նրանք: Հանցագործությունների դեպքերը ևս մեզ մոտ քիչ են:
Գյուղապետարանի աշխատակազմը՝ գյուղապետի գլխավորությամբ միշտ ժողովրդի հետ է՝ առաջնորդվելով ‹‹Գյուղացու հոգսը մեր հոգսն է» կարգախոսով:
Ի դեպ նշեմ, որ վերջերս մի ծրագիր իրականացվեց մեզ մոտ՝ երկրաշարժի դեպքում ինչպես կարելի է տարհանել ժողովրդին: ԱԻՆ-ի միջոցով մեր Արմավիրի մարզային բաժնից հանձնարարականներ ստացանք, կատարեցինք և կարծում եմ՝ սա շատ կարևոր նախաձեռնություն էր, որը Մերձավանում պատվով ի կատար ածվեց»,-ասաց նա:
Անդրադառնալով գյուղի խնդիրներին տիկին Եսայանն ասաց. ‹‹Ինչը այսօր հրատապ է ու լուծելի՝ որդեգրում ենք մեզ որպես աշխատելաոճ և կատարում. այս առումով խնդիր չունենք: Այսօր գյուղում խնդիր կա միայն դպրոցի ներքին հարդարման աշխատանքները կատարելու, ինչպես արդեն նշել եմ, վերանորոգումը կատարված է պատուհաններն ու դռները փոխված են, սանիտահարահիգիենիկ պայմանները ջեռուցման համակարգը անցկացվել է, մնում է միայն պատերի ներքին հարդարման աշխատանքները կատարել՝ ներառյալ հատակը: Խնդիր է նաև ասֆալտապատումը, տրանսպորտի հարցը, որն իհարկե, մեր լուծելու հնարավորություններից դուրս է, լավ կլիներ, որ երթուղայինները փոխվեին ավտոբուսներով, որ մարդիկ կարողանան հանգիստ աշխատանքի գնալ: Մնացածն արդեն գյուղապետարանի ուժերով կանենք:
Իսկ ինչ վերաբերվում է այն ծրագրերին, որոնք նախատեսված են ավարտին հասցնելու մինչև տարեվերջ, ապա ասեմ, որ դրանք պարզապես գյուղի առօրյա աշխատանքներն են՝ կոյուղու, լուսավորության, փոսալցման և այլն:
Նոր տարվա կապակցությամբ յուրաքանչյուր տարի մեր աշխատակիցներին նվերներ ենք անում, տոնահանդեսներ կազմակերպում, մանկապարտեզի երեխաներին ենք անակնկալներ մատուցում, դպրոց գնացող բոլոր երեխաներին պայուսակներով, գրենական պիտույքներով ենք ապահովում և այսպես շարունակ»:
‹‹Ես կուզենայի, որ ՀՀ Կառավարությունը հնարավորություն ունենար գյուղապետարաններին այնքան միջոցներ տրամադրելու, որ մենք ինքներս կարգավորեինք մեր խնդիրները . վստահ եմ, որ կկարգավորենք»,- այսպիսի անկեղծ ցանկությամբ էլ ավարտեց մեզ հետ զրույցը Մերձավանի գյուղապետի տեղակալ Ա.Եսայանը :