‹‹Մեր ղեկավարը գործի, աշխատանքի մարդ է, մեր բախտը բերել է այս առումով››. Ռուզաննա Ավագյան
ՀՀ Արարատի մարզի Այնթապ գյուղի գյուղապետարանի աշխատակցուհի, մշակույթի գծով առաջատար մասնագետ Ռուզաննա Ավագյանի հետ զրուցում ենք գյուղի առօրյայի, խնդիրների, հոգսերի,կատարված և կատարվելիք աշխատանքների մասին:
-Ինչպե՞ս է այսօր ապրում Այնթապ գյուղը, այնթապցին, ի՞նչ աշխատատեղեր կան և որքանո՞վ է դրան նպաստում քաղաքին մոտ լինելու հանգամանքը:
Այնթապցին հիմնականում զբաղվում է հողագործությամբ: Աշխատատեղերը երկու դպրոցներն են՝ մանկավարժական լավ կոլեկտիվներով, գյուղապետարանն է, մանկապարտեզը, առևտրի ոլորտն է՝ հիմնականում երկու սուրպերմարկետները, ինչպես նաև՝ մանրածախ առևտրի կետերը և այլն: Բավականին նոր աշխատատեղեր են բացվել;
Քաղաքին մոտ գտնվելու հանգամանքը, իհարկե, օգնում է, որովհետև բնակչության մի զգալի մասը աշխատում է Երևանում՝ մտավորականներ, բանվորներ, առևտրի բնագավառում աշխատողներ:
-Գյուղում որքանո՞վ են լուծված խմելու, ոռոգման ջրի, ասֆալտապատման, փողոցային լուսավորության հարցերը:
Ասֆալտապատման աշխատանքները գյուղապետ Կարեն Սարգսյանի աշխատած տարիների ընթացքում մասնակի կատարվել են և դեռ ծրագրված է շարունակելու դրանք: Խմելու ջրի հարցով զբաղվում է ‹‹Հայ ջուր ընկերությունը››, բայց աշխատանքներին նպաստում է նաև համայնքի ղեկավարը: Ջրագծերը փոխվել են, դեռ ոչ բոլոր միացումներն են տրված, բայց մասնակի փողոցներում արդեն նոր ջրագծերը գործում են:
Ոռոգման ջրի համակարգում փոփոխությունների սպասում ենք 2015թ-ին , համայնքի ղեկավարն այս էլ որերորդ տարին հարց է բարձրացնում մարզպետարանի առջև, գրություն հղում Կառավարություն: Ոռոգման ջրի վիճակը գյուղում անմխիթար է, այդ պատճառով բազմաթիվ հեկտար հողեր չեն մշակվում: Ըստ ինձ հասած տեղեկությունների՝ մեր ղեկավարը համայնքի բյուջեից ներդրումներ է արել և մարզպետի միջամտությամբ կառավարությունը նոր ծրագիր է իրականացնում Այնթապում՝ ոռոգման ջրի, ջրագծերի հետ կապված և հունվարին համայնք կհասնի ոռոգման նոր ջրագծով հոսող ջուրը:
Հիմնական փողոցներն ապահովված են լուսավորությամբ և այս ուղղությամբ աշխատանքները շարունակական են:
-Յուրաքանչյուր համայնքապետ ընտրվելուց առաջ որոշակի խոստումներ է տալիս: Այս առումով Կարեն Սարգսյանը նախընտրական խոստումների ո՞ր մասն եք հասցրել կատարել անցած ժամանակահատվածում և մերօրյա բարդացող սոցիալ-տնտեսական
պայմաններում դեռ որո՞նք են մնացել կատարելու:
Մեծամտություն չհամարեք՝ հարյուր տոկոս, այն էլ այսքանը դեռ նախանցած տարի: Այս ամենի հետ զուգահեռ պարոն Սարգսյանն իր առջև մի գերխնդիր է դրել՝ դա եկեղեցու կառուցումն է, որը նախատեսում է կատարել Մշակույթի տան կառուցումից հետո:
Իր նախընտրական խոստումների բոլոր կետերը մեր համայնքի ղեկավարը անխտիր կատարել է:
-Նախագահի կամ Կառավարության կողմից Հրատապ ծրագրի շրջանակներում ի՞նչ ծրագրեր են իրականացվել այս գյուղում:
Յուրաքանչյուր աշխատանք կատարելիս, բնականաբար, կառավարության, մարզպետի համաձայնությամբ է արվել, օրինակ՝ մանկապարտեզի խնդիրը տարիներ շարունակ չէր լուծվում, հիմնականում հանրապետության նախագահն է մեծ դեր ունեցել այս գործում, հիմա էլ Մշակույթի տան կառուցումը:
Կառավարությունը վստահում է համայնքի ղեկավարին՝ նրա լավ աշխատանքը տեսնելով և համատեղ իրականացնում են այս ծրագրերը:
-ՀՀ նախագահը նախընտրական որևէ խոստում ունեցե՞լ է համայնքի հետ կապված և արդյո՞ք կատարել է դրանք:
Մանկապարտեզի կառուցումը, նա խոստացավ և կատարեց, որի համար շատ շնորհակալ ենք մեր նախագահից:
-Գլխավորապես ի՞նչ խնդիր ունի Այնթապ համայնքը:
Այնթապը մեծ համայնք է, եթե չեմ սխալվում, երկրորդ խոշորագույնը հանրապետությունում՝ բնակչության թվով: Բնականաբար խնդիրները շատ են: Թվում է՝ դրանք անլուծելի են, բայց հետադարձ հայացք գցելով այն աշխատանքներին, որ 2010թ.-ից ընտրվելուց հետո է կատարել գյուղապետ Կարեն Սարգսյանը ՝ այժմ չլուծվող խնդիր չեմ տեսնում: Նա քայլ առ քայլ, փուլ առ փուլ իրականացնում է իր մտահաղացումները: Նա կատարել և կատարում է ոչ միայն իր նախընտրական խոստումները , այլ նաև ավելին: գյուղը շատ հոգսաշատ է, չկար Մշակույթի տուն, մանկապարտեզ, ոռոգման ցանց, ջրի ներքին ցանցը քայքայված էր և այս ամենն իր լուծումը ստացավ: Մեզ, ավելի ճիշտ, համայնքի ղեկավարին մնում է լուծելու ամբողջ գյուղի ասդֆալտապատման և կոյուղագծի ցանցերի իրականացման մասը: Ես համոզված եմ , որ դրանք էլ իրականություն կդառնան շուտով:
Մեր ղեկավարը գործի, աշխատանքի մարդ է, մեր բախտը բերել է այս առումով:
-Տարածաշրջանի մյուս գյուղերից ինչո՞վ է առանձնանում Այնթապը:
Առաջին հերթին իր մեծությամբ է տարբերվում, իր մշակութային արժեքները , իր մեծերին գնահատելու կարողությամբ: Համայնքում քիչ չեն մանկավարժները, որոնց դերն ու հեղինակությունբը օրեցօր աճում է: Համայնքի երկու դպրոցներում էլ աշխատում են արժանի, բանիմաց և արհեստավարժ մասնագետներ : Մեր դպրոցի համաբավն ավելի շատ տարածված է բուհական համակարգերում, երբ ուսանողը բարձր գնահատականի է արժանանում ԲՈՒՀ-ում ՝ անմիջապես հարցնում են, թե Այնթապի դպրոցից չե՞ն արդյոք: Թող սա, իհարկե, որպես ավելորդ գովեստ կամ անհամեստություն չթվա:
-Գալիք Ամանորի կապակցությամբ Այնթապի գյուղապետարանը որևէ անակնկալ պատրաստե՞լ է:
Պետք է ասեմ, որ Կարեն Սարգսյանի ընտրվելուց ի վեր ամեն տարի դեկտեմբերի վերջին համայնքի ղեկավարը նվերներ է տալիս դպրոցների առաջին, երկրորդ դասարանների աշակերտներին, մանկապարտեզի բոլոր խմբերի սաներին, մանկավարժական կոլեկտիվին, ինչպես նաև՝ համայնքում գործող պետական հիմնարկների աշխատողներին:
-Որևէ մաղթանք ունե՞ք Ամանորի կապակցությամբ:
Նախ՝ շնորհավորում եմ ձեր լրատվական կայքի բոլոր աշխատակիցների Ամանորը, շնորհավորում եմ բոլորին: Ցանկանում եմ, որ 2015թ-ը առաջին հերթին խաղաղության տարի լինի, մեր դիրքերում կանգնած զինվորները երբեք իրենց զենքերը չօգտագործեն՝ հարձակումից պաշտպանվելու համար, լինեն զուտ խաղաղության պահապաններ:
Թող հայոց աշխարհում առատություն, բերրիություն լինի, թող մեր մայրերը երբեք չարտասվեն, իսկ եթե անգամ արտասվեն էլ, ապա միմիայն երջանկությունից:
Զրուցեց Մերի Եղիազարյանը