Պարոն Կամավոսյան, ինչո՞վ է զբաղված Արմավիրի մարզի Արագած համայնքի բնակչությունը, ի՞նչ աշխատատեղեր կան:
Արագածում հիմնականում զբաղվում են հողագործությամբ, բանջարաբոստանային բույսերի մշակությամբ՝ թարխուն, կաղամբ, կարտոֆիլ: Այսօրվա դրությամբ մոտավորապես 25 հա կարտոֆիլային ցանքատարածություններ կան, իսկ ընդհանուր առմամբ՝ հիմա 650հա հող է մշակվում:
Անասնապահությամբ շատ քչերն են զբաղված:
Ընդհանուր առմամբ գյուղում 3400 բնակիչ կա, որոնցից արտագնա աշխատանքի գնացողներ էլ կան, այն էլ այդ տենդենցը նկատվեց այս վերջին 2-3 տարիների ընթացքում:
Գյուղում որքանո՞վ են լուծված խմելու, ոռոգման ջրերի, ասֆալտապատման և փողոցային լուսավորության հարցերը:
Նազրվանից մատակարարվող 24 ժամյա ջրամատակարարում ունենք, այսինքն՝ խմելու և ոռոգման ջրի խնդիր չունենք:
Փողոցային լուսավորությունը, կարելի է ասել, 100 տոկոսից էլ ավել է: Արդեն մեր գյուղից մինչև Ծաղկալանջի կեսը լուսավորված է. սա պայմանավորված է նրանով, որ գյուղացիները ամռանը ոտքով են գնում-գալիս դաշտերը:
Ճանապարհները ևս իդեալական վիճակում են, տարին երկու անգամ անցումային գծերը, հոծ գծերը նորից ներկում, թարմացնում ենք, նույնիսկ կանաչապատում կա, 2000-ից ավել վարդ կա տնկած: Եղեռնի օրերին կողքի գյուղերից գալիս են և մեզ մոտից են վարդ տանում:
Միայն մի խնդիր ունենք. քամուց հոսանքալարերը անջատվում են: Այս առիթով բազմիցս դիմել ենք Էներգետիկայի նախարարություն: Մեզ պատասխանել են, որ անպայման կզբաղվեն այդ հարցով:
ՀՀ նախագահը նախընտրական որևէ խոստում ունեցե՞լ է համայնքի հետ կապված և արդյո՞ք կատարել է դրանք:
Այո, իհարկե, նախագահը խոստում է տվել և կատարել: Այս տարի մանկապարտեզի միջոցառումների համար նախատեսված 2-րդ հարկի վերանորոգման համար նախատեսված 30մլն. դրամով արդեն սկսել ենք աշխատանքները: Տենդեր է դրված, շուտով վերանորոգման հետ կապված բոլոր աշխատանքները կավարտենք:
Կառավարության կողմից Հրատապ ծրագրի շրջանակներում ի՞նչ ծրագրեր են իրականացվել Ձեր գյուղում:
Նման ծրագրեր չկան, որովհետև, կարելի է ասել, դրա կարիքն էլ չունենք: Ավելի վատ, ծանր խնդիրներով գյուղեր էլ կան, որ օգնության և պետական մարմինների կողմից աջակցության կարիք ունեն:
17 տարի է, ինչ ես իմ թիմով աշխատում եմ և չկա մի բան, որ արած չլինենք, մի տեղ, որ մտած չլինենք:
Կարելի՞ է ասել, որ Արագած համայնքում կատարված աշխատանքների մեծ մասը Ձեր գյուղապետության, նախագահության օրոք է արվել:
Թող սա ինքնագովեստ չթվա բնավ, բայց այո, դա այդպես է: Ասֆալտապատում, խմելու ջուր, ոռոգման ցանց, գիշերային լուսավորություն չենք ունեցել: Ասֆալտի պատճառով այդ ժամանակ ոչ մի տաքսի գյուղ չէր մտնում, իսկ այսօր կարող եմ ասել, որ մարզի ամենալավ ճանապարները մերն են՝ թե միջմարզային, թե միջհամայնքային և թե կենտրոնական: Գյուղից դեպի գերեզմաններ տանող ճանապարհը էլի համայնքի ուժերով է կառուցվել, գյուղի հիմնական բնակչությամբ կենտրոնացված մեծ թաղամասը ևս ասֆալտապատված է: Ամեն տարի պարտադիր, ապրիլ ամսին շատ չնչին քանակությամբ փոսերի վերանորոգումներ ենք անում, որ դրանք հետո չմնանա՝ մի քանի տարի հետո լրիվ ավերակի վերածելով ճանապարհները:
Ասեմ, որ աղբահանության հարցը ևս բարեխղճորեն կատարվում է՝ շաբաթը երկու անգամ թափվում է աղբը՝ գյուղից երեք կ մ հեռավորության վրա գտնվող մեծ փոսում, որը հատուկ աղբաթափության համար է նախատեսված:
Այս տարվա համար ի՞նչ աշխատանքներ եք պլանավորել կատարելու:
Դե մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներն են, որն արդեն ասացի և նաև գյուղից դուրս եկով ճանապարհին բարդիներ պետք է տնկենք՝ 200 հատ:
Այս տարի գյուղապետարանի աշխատողներով գերեզմանատանը մաքրման աշխատանքներ կատարեցին՝ չթողնելով ոչ մի չոփի կտոր: Այսպիսի ծրագրեր միշտ ենք ունենում. մեր մեջ որոշում և անում ենք:
Նշեմ, որ փետրվարի 23-ին լրացավ 10 տարին, որ մեր թոշակառուներին նվերներ ենք տալիս: Նույնը նաև մարտի 8-ին, նոր ծնված երեխաների մայրերին, ընտանիքներին: Ի դեպ, այս առիթով ասեմ, որ ամեն տարի Արագած համայնքում 27-35 մահվան դիմաց մինչև 60 ծնունդ է լինում: Սա եզակի երևույթ է մեր օրերում:
Այս տարի Տեառընդառաջին գյուղում 21 հարսանիք կար:
Եղեռնի 100-ամյակի կապակցությամբ ի՞նչ միջոցառումներ եք նախապատրաստում:
Գյուղում խաչքար ունենք և ամեն տարի հավաքվում ենք դրա շուրջ, մոմավառություն ենք կազմակերպում դպրոցի մեծահասակ երեխաների հետ: Այս տարի ավելի մեծ մասշտաբով կլնիի, իհարկե, հնարավոր է նույնիսկ, որ ամբողջ գյուղով գնանք Երևան՝ Ծիծեռնակաբերդ:
Ի՞նչ կցանկանայիք ասել, որ հարց չտրվեց:
Ինչպես բոլորս, այնպես էլ ես ուզում եմ, որ երկրում մշտական խաղաղություն լինի, զերծ մնանք պատերամներից և արարենք. չէ որ ժողովուրդը շատ աշխատասեր է, քարից հաց քամող, արարչագործ:
Հավելեմ, որ եկող տարի փետրվարի գյուղապետի ընտրություններ են և եթե կրկին ընտրվեմ, ապա կիրականացնեմ իմ ծրագիրը. այդ 4 տարիների ընթացքում պետք է ֆուտբոլի դաշտը, որն այնքան էլ լավ վիճակում չի գտնվում՝ վերածենք իսկական սպորտային բազայի: Դա մեծ գումարների հետ է կապված, բայց ամեն տարի 10մլն. տնտեսելով կկարողանանք իրականացնել:
Զրուցեց Մերի Եղիազարյանը