Կյանքը de factoՀասարակություն

Պատերազմի ընթացքում վիրավորում ստացածների պրոթեզավորման ընթացակարգը փոխվում է. պրոթեզների որակը կբարձրանա

1.8kviews

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 21-ի նիստում հաստատեց վերջին պատերազմի հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած անձանց պրոթեզավորման հատուկ ընթացակարգը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ այս որոշումը բխում է վիրավորում ստացած անձանց առավել ֆունկցիոնալ պրոթեզավորում իրականացնելու անհրաժեշտությամբ:

Նրա խոսքով, գործող կարգավորումներով պրոթեզովորման կարիք ունեցող անձինք դիմում են իրենց նախարարություն համապատասխան հանձնաժողովի որոշման հիման վրա նրանց տրվում է հավաստագիր, եւ գործող հավաստագրման ընկերությունների միջոցով ձեռք են բերվում պրոթեզավորում. «Սակայն առկա կարգավորումները թույլ չեն տալիս առավել ֆունկցիոնալ պրոթեզավորում իրականացնել: Նոր կարգավորումով պրոթեզավորման կարիք ունեցողների համար կիրականացվի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող ֆունկցիոնալ պրոթեզավորում: Մասնավորապես, ներկայացվող ընթացակարգը ենթադրում է ստեղծել ավելի լայն մասնագիտական կարողություններ ունեցող հանձնաժողով, այդ թվում արտերկրից հրավիրել մասնագետներ: Նաեւ տվյալ անձի միջավայրի՝ կեցավայրի, աշխատավայրի, գնահատում է կատարվելու: Այդ կարիքների գնահատման հիման վրա յուրաքանչյուր անձի մասով կունենանք անհատական պրոթեզի չափանիշներ: Այնուհետեւ տրամադրված։ հավաստագրերի հիման վրա նորից այդ հանձնաժողովի վերահսկողության միջոցով կիրականացվի պրոթեզների տեղադրման գործընթացը:

Առկա պրոթեզարանները, որոնք իրականացնելու են տեղադրումը, նրանց նկատմամբ չափանիշների փոփոխություն նույնպես նախատեսվում է՝ նոր մասնագետների ներգրավում, ուսուցում»,-ասաց նախարարը:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս ամենի նպատակն է, որ պրոթեզավորման գործընթացը կազմակերպվի հնարավորինս արագ եւ իրենց համար հարմարավետ, եւ երկրորդը՝ պրոթեզների որակը բերել բարձր մակարդակի. «Կոնկրետ այս խմբի շահառուների կարիքները հոգում ենք պետական բյուջեի միջոցներով»:

Leave a Response