ԳլխավորՄիջազգային

Ռուսաստանը հատուկ պատասխանատվություն է զգում ԼՂ հակամարտության կարգավորման համար. Պուտին

2kviews

Ռուսաստանը հատուկ պատասխանատվություն է զգում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, սակայն նրան աջակցություն է անհրաժեշտ, այդ թվում նաև ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Վալդայ» քննարկումների ակումբում:

«Ես, ցավոք, պատասխան չունեմ հարցին, թե արդյոք պետք է փոխել ԼՂ հակամարտության կարգավորման հարցով խմբի ձևաչափը: Մի շարք օբյեկտիվ պատճառներով, հասկանում ենք, որ Ռուսաստանն այստեղ է՝ մոտակայքում, որ մեր հարևաններն են, մենք հատուկ հարաբերություններ ունենք այդ երկրների հետ, այդ ժողովուրդների հետ: Ազդեցությունը շատ մեծ է»,- ասել է Պուտինը:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ խիստ տարբերվում են երկրների՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի հետ հարաբերություններից: «Այդ իսկ պատճառով մենք իհարկե հատուկ պատասխանատվություն ենք զգում, և այդ առնչությամբ մենք պետք է շատ զգույշ վարվենք: Սակայն այս համատեքստում մեզ համար կարևոր է նաև Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի աջակցությունը»,- ասել է Պուտինը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 22-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 202 անօդաչու թռչող սարք, 580 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6459 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 900 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Leave a Response