Միջազգային

«Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերություններում իրավիճակի բարդ զարգացմանը». Լավրով

1.4kviews

Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերություններում իրավիճակի բարդ զարգացմանը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ria.ru-ն։

«Այնպես որ, իրավիճակը (ԱՄՆ-ի հետ հարաբերություններում) իրականում հեշտ չէ, բայց մենք պատրաստ ենք իրադարձությունների նման զարգացմանը»,- Գորչակովի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ասել է Լավրովը։

Նա հիշեցրել է ավելի վաղ հնչեցված դիրքորոշումն այն մասին, որ ՌԴ-ն պատրաստ կլինի համագործակցել ԱՄՆ-ի հետ «միայն այն ոլորտներում, որոնք հետաքրքրում են ՌԴ-ին, և միայն երկրին ձեռնտու պայմաններով»։

Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ABC News-ին տված հարցազրույցը, որտեղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «կվճարի 2020 թվականին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին միջամտելու համար», երկու երկրների հարաբերություններում դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել։

Հարցին, թե արդյոք կարծում է, որ ՌԴ նախագահը մարդասպան է, վերջինս պատասխանել էր․ «Այո»։

Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ իրեն «մարդասպան» որակելուն ի պատասխան վերջինիս առողջություն էր մաղթել։

«Ինչ վերաբերում է իմ ամերիկացի գործընկերոջ հայտարարությանը, մենք իսկապես, ինչպես նշել է նա, անձամբ ծանոթ ենք։ Ես կպատասխանեի նրան՝ առողջ եղեք»,-ասել էր Վլադիմիր Պուտինը՝ ընդգծելով, որ դա ասում է «առանց հեգնանքի և կատակի»։

ՌԴ նախագահը նաև հավելել էր․ «Ով նման վիրավորական բան է ասում, հենց ինքն է այդպիսին»։

Պուտինը Բայդենին նաև առաջարկել էր ուղիղ եթերում բաց երկխոսություն անցկացնել։

«Ցանկանում եմ նախագահ Բայդենին առաջարկել շարունակել մեր քննարկումները, սակայն պայմանով, որ մենք դա կանենք գործնականում ուղիղ եթերում, այսինքն՝ առցանց: Սակայն առանց հապաղումների, ուղիղ և բաց, անմիջական քննարկումներ»,- ասել էր Պուտինը՝ ելույթ ունենալով «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:

Leave a Response