Փարաքարում մշակութային կյանքը շատ լավ հիմքերի վրա է դրված. Սամվել Վարդանյան
Արմավիրի մարզի Փարաքար գյուղի ղեկավար Ս.Վարդանյանի հետ զրուցում ենք գյուղի առօրյայի, խնդիրների, հոգսերի, կատարված և կատարվելիք աշխատանքների մասին:
Պարոն Վարդանյան , ինչպե՞ս է այսօր ապրում Փարաքար գյուղը, փարաքարցին, ի՞նչ աշխատատեղեր կան և որքանո՞վ է դրան նպաստում քաղաքին մոտ լինելու հանգամանքը:
Այստեղ մարդիկ հիմնականում զբաղվում են անսանապահությամբ: Աշխատավոր ժողովրդի հիմնական մասն աշխատում է Երևան և Էջմիածին քաղաքներում, գյուղում կան արտադրամասեր՝ մի քանիսը փայտի, պլաստամասե գործիքների, ռեստորաններ, կահույք խանութների վերափոխված կազինենրը, որտեղ ևս մարդիկ աշխատում են այլն: Գյուղատնտեսությամբ բնակիչները շատ քիչ են զբաղվում, որովհետև հողակտորները փոքր են և նպատակահարմար չի դրա համար:
Ձեր նախընտրական խոստումների ո՞ր մասն եք հասցրել կատարել անցած ժամանակահատվածում և մերօրյա բարդացող սոցիալ-տնտեսական պայմաններում դեռ որո՞նք են մնացել կատարելու:
Բացի խոստումներ տալը, մենք նաև ունենք քառամյա ծրագիր, որը սկզբում եռամյա էր: 2001թ.-ից ես աշխատում եմ, բավականին մեծ աշխատանք է կատարվել գյուղում, կարելի է ասել լուծվել է խմելու ջրի հարցը, Թայրով գյուղում 24 ժամյա ջրամատակարաում է ապահովված, Փարաքարում 8 ժամ գրաֆիկով տալիս ենք տարբեր թաղամասեր: Ունենք նաև ջրամբար, որտեղ կուտակում ենք և այդ նոր կառուցված թաղամասերում ջրամբարից էլի որոշակի ժամերի ջուր ենք տալիս: Կարելի է ասել՝ գյուղն ամբողջությամբ ապահովված է գրաֆիկով ջրամատակարարմամբ: Լուծվել են գազաֆիկացման հարցերը, վերանորոգվել են երկու Մշակույթի տները, վերանորոգվել և ջեռուցվել են մեր երկու մանկապարտեզները: Ձմեռվա ամիսներին ևս երեխաները հաճախում են մանկապարտեզ և որևէ խնդիր չկա:
ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի ուժերով և ջանքերով ջեռուցվել են երեք դպրոցները. անցկացվել է լոկալ ջեռուցման համակարգ:
Վերանորոգվել են նաև Սպորտ դպրոցները: Ունենք շատ լավ Արվեստի դպրոց: Մեր երեխաները տարբեր մրցույթ-փառատոնների են մասնակցում և բավականին հաջողություններ ունենք: Անցած տարի Վանաձորում ‹‹EXPO 2013››-ի շրջանակներում արժանացել ենք <<Լավագույն մշակութային համայնք>> -ի կոչմանը: Անցած տարի Գյումրիում ‹‹Լավագույն մշակությային դպրոց›› ճանաչվեց մեր Արվեստի դպրոցը: Վերջին 4 տարվա ընթացքում արժանացել ենք ‹‹Լավագույն սպորտային գյուղական համայնք›› նախագահի մրցանակին:
Ունենք շատ լավ պարի խմբեր: ‹‹Թիթեռնիկներ›› պարային համույթն այս տարի Մակեդոնիայում արժանավան Գրան Պրիի: Անցած տարի եղել են նաև Վլադիկովկասում, Ռումինիայում են եղել նաև: Բավականին հաջողություններ ունի նաև Թայրովի պարի խումբը, որն արդեն հինգերորդ տարին է մասնակցում է Բաթումիում կազմակերպված փառատոնների՝ ամեն անգամ վերադառնալով բավականին գոհացուցիչ արդյունքներով:
Կառուցել ենք կոյուղու մաքրման կայան, արդեն համարյա ավարտին ենք հասցրել: 2010թ.-ին առաջին փուլն արեցինք. կառուցեցինք, որի արդյունքներն արդեն իսկ բավականին լավ են. կոյուղու կեղտաջրերը մենք տանում ենք այդ լիճ (այնտեղ երկու լիճ ունենք կառուցած), այնտեղ օդի, թթվածնի միջոցով մղում ենք այդ կեղտաջրերի մեջ, իրականացնում դրանց մաքրումը, հեռացումը և այդ ջուրը գարնանը կօգտագործենք: Այս տարի այն օգտագործել ենք որպես ոռոգման ջուր;
Գլխավորապես ի՞նչ խնդիրներ ունի Փարաքար համայնքը:
Խնդիրները գյուղի միշտ էլ կան, այսօր մենք ճանապարհների վերանորոգման խնդիր ունենք:
Նոր փողոցներ կան, որտեղ պարզապես չենք կարողանում ֆինանսապես կազմակերպել նորոգումը: Այս տարի լիճը կառուցելու պատճառով չկարողացանք նույնիսկ փոսային նորոգումներ անել:
Փողոցային լուսավորության հարցը լուծված է մասնակիորեն: Կենտրոնական փողոցը և օդանավակայան տանող ճանապարհն է լուսավորված, իսկ գյուղում՝ մասնակիորեն:
Հիմնական խնդիրն է հին ճանապարհների վերանորոգումը և նորերի կառուցումը: Ասեմ, որ ամեն տարի փոսային նորոգումներ անում ենք, բայց գարնանը նորից դրս անհրաժեշտությունը լինում է:
Ապրիլի 24-ին Փարաքարի Հայրենական մեծ պատրեազմի զոհերի հուշարձանի մոտ մենք հայտարարեցինք ցեղասպանության հարյուրամյակին նվիրված հուշակոթողի շինարարության սկիզբը: Հեղինակը մեր գյուղապետարանի ճարտարապետ Վահան Մարգարյանն է: Ամբողջ Փարաքարի բնակչությանը կոչ ենք արել մասնակից լինելու շինարարությանը՝ ով ինչով կարողանում է: Հուշարձանը պետք է մինչև 2015թ.-ի ապրիլի 24-ը պատրաստ լինի: Բավականին աշխատանքներ արդեն կատարված են, ամբողջ նյութերը, քարերը արդեն բերել ենք, շինարարները մեր գյուղի տղաներ են: Բավականին գեղեցիկ շինություն է լինելու:
Ապրիլի 24-ին հուշարձանը կնվիրենք ցեղասպանության զոհերի հիշատակին:
Կառավարության կողմից Հրատապ ծրագրի շրջանակներում ի՞նչ ծրագրեր են իրականացվել Ձեր գյուղում:
Մենք բազմաբնակարան 10 շենք ունենք, երեքի տանիքները վերանորոգվեցին այս քանի տարիների ընթացքում, չնայած բնակիչների սեփականությունն է դա, իրենք պետք է իրենց բնակարանների մասին հոգ տանեն, բայց խոստումներ եղան և մի երկու շենք հրատապ լուծումներ պահանջող ծրագրով իրականացվեց:
ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի ջանքերով և միջոցներով վերանորոգվեց հինգ հարականի բազմաբնակարան շենքի տանիքը:
Տարածաշրջանի մյուս գյուղերից ինչո՞վ է առանձնանում Փարաքարը:
Երևի թե նրանով, որ գյուղատնտեսությամբ չենք զբաղվում: Մենք մայրաքաղաքին մոտ ենք և ավելի շատ քաղաքի կյանքով ենք ապրում, քան ասենք, Արմավիրի: Մշակութային կյանքը մեզ մոտ շատ լավ հիմքերի վրա է դրված: ՈՒնենք պարի խմբեր, ժող. գործիքավորողների, դհոլահարների խմբեր: 250-ից ավել երեխա է հաճախում արվեստի դպրոց՝մի մասը պետպատվերով, մի մասն էլ համայնքի միջոցներով: Արվեստի դպրոցի վերանորոգումը կատարվել է պարսկահայ գրող, երաժիշտ Հովիկ Էդգարյանի և Համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի միջոցներով:
Հանդեսներ ենք անում մանկապարտեզներում, դպրոցներում:
Ժամանցային որևէ հաստատություն ունե՞ք գյուղում:
Մեր մշակույթի տանն այսօր գործում է երկու հասարակական կազմակերպություն: Առաջինը ‹‹VMSY›› է՝ երիտասարդ մարդկանց քրիստոնեական կազմակերպությունը: Դպրոցի բարձր դասարանցիները, նույնիսկ արդեն ավարտածները շաբաթ, կիրակի օրերին հավաքվում են, կազմակերպում տարբեր միջոցառումներ: Նրանք գնում են նաև Սպիտակ, որտեղ ևս կա այս կազմակերպությունը, հետո էլ Փամբակ գյուղում ճամբար կա: Մի քանի տարի առաջ 15 հոգանոց երիտասարդների խումբ Գերմանիա մեկնեցին: Այնտեղ երկու շաբաթ մասնակցելով փառատոնի, կառնավալի՝ վերադարձան բարձր տրամադրությամբ և լավ տպավորություններով:
Երկրորդը՝ ‹‹Փարաքարի կանայք›› հասարակական կազմակերպությունն է, որի շրջանակներում էլի ամեն շաբաթ-կիրակի, հիմնականում տարեց կանայք, օրվա երկրորդ կեսին հավաքվում են՝ իրենց ժամանցն անցկացնելով հայկական, ավանդական խոսակցություններով՝ թեյի սեղանի շուրջ: Նրանց ապահովել ենք նաև թելերով և մեծ մասը զբաղվում է ձեռագործությամբ: Աշխատում են նաև կարի մեքենայով և հնարավոր է, որ այս Ամանորին իրենց ձեռքերով կարած գոգնոցները կնվիրեն տարեկիցներին:
Ամանորի կապակցությամբ որևէ անակնկալ պատրաստե՞լ եք գյուղացիներին:
Ինչպես միշտ տոնածառ ենք դնելու Մշակույթի տան հարապարակում: Մանակապարտեզի և դպրոցի առաջին, երկրորդ դասարանների երեխաների համար նվերներ ենք պատրաստել, կլինի նաև ամանորյա հանդես: Հրավիրել ենք դերասաններ, ծաղրածուներ, կենդանիներ վարժեցնողներ, որոնք իսկական տոնի կվերածեն օրը: Մոտ 1000 երեխա ամեն տարի ամենաքիչը մասնակցում է միջոցառմանը:
Որևէ մաղթանք ունե՞ք մոտալուտ Ամանորի կապակցությամբ:
Ամենակարևորը այն է, որ պահպանվի այդքան դժվարությամբ ձեռք բերված խաղաղությունը, որ նոր զոհեր էլ չլինեն. պատերազմը երբեք իր հետևից լավ բաներ չի բերում: Թող խաղաղություն լինի աշխարհին և աշխատանք: Ժողովուրդն աշխատասեր է ,իսկ դրա բացակայության դեպքում սկիզբ է առնում արտագաղթը, որն արհավիրք է մեզ համար:
Նոր տարին թող իր հետ նոր աշխատատեղեր բերի:
Զրուցեց Մերի Եղիազարյանը