ԳլխավորԿյանքը de factoՀամայնքներ

Քասախն ինտելեկտուալ համայնք է. Արա Մկրտչյան

79.7kviews

Այժմ, երբ Ցեղասպանության 100-ամյա տարելիցից գրեթե մեկ ամիս է անցել գյուղապետ Արա Մկրտչյանի հետ մեր հերթական զրույցից պարզ է դառնում, որ վերոնշյալ ծրագիրը, ի վերջո, կյանքի է կոչվել. ‹‹Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ամբողջ շարքից անմասն չմնաց նաև Քասախի բնակչությունը: Գյուղում, ապրիլի 20-ին, ցեղասպանության 100 ամյակին նվիրված, տեղադրվեցին երկու խաչքարեր: Խաչքարերից մեկը գյուղապետարանի ջանքերով և միջոցներով է կանգնեցվել, մյուսը՝ Մելքոնյան գերդաստանի: Բացման արարողությանը մասնակցեցին Քասախի ամբողջ բնակչությունը, ‹‹Նիգ Ապարան›› հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը՝ իր խորհրդի կազմով, Երկրապահ կամավորականների միության մարզային խորհրդի նախագահը, խորհրդի ամբողջ կազմը, նաև՝ Նաիրի տարածաշրջանի համայնքների ղեկավարները: Օծման արարողակարգը կատարեց Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել Սրբազանը: Այդ կարևորագույն և բազմախորհուրդ օրը հայտարարվեց նաև Քասախ գյուղում կառուցվող եկեղեցու և վերջինիս կառուցման հետ կապված դրամահավաքության մասին. հրապարակվեց պատկերը, բաժանվեցին բուկլետները, որտեղ պատկերված է եկեղեցին, եկեղեցու ներքին կտրվածքը և ուղերձը Քասախի ամբողջ բնակչությանը՝ ինչպես բնիկ, այնպես էլ երևանաբնակ, նաև բոլոր այն բարերարներին, ովքեր կկարողանան և ցանկություն կունենան իրենց ներդրումն ունենալու այս Սուրբ գործում: Դրա համար Քասախ բարեգործական հիմնադրամով բացված է հաշվեհամար (AMD-2478101704790000, EUR-2478101704790020, USD-2478101704790010):

Ասեմ նաև, որ կազմակերպել էինք ցուցահանդես-վաճառք՝ կրկին ցեղասպանության թեմատիկայով և հատկանշական է, որ դպրոցականները 4000 դրամի չափով առևտուր էին արել, հանգանակություն կազմակերպել. դա երեխաների կողմից ներդրած առաջին գումարն էր: Ցուցահանդես-վաճառքից հետո Մշակույթի պալատում տեղի ունեցավ ժամ և կես տևողությամբ միջոցառում՝ պալատի սաների մասնակցությամբ: Վերջում յուրաքանչյուր մասնակից մի կտոր մատաղ համտեսեց:
Ապրիլի 24-ին ինչպես համայնքային կազմով, այնպես էլ առանձին՝ Պատանի և Երիտասարդ Երկրապահներով այցելեցինք Ծիծեռնակաբերդ՝ մեր հարգանքի տուրքը մատուցելու անմեղ զոհերի հիշատակին, իսկ արդեն Քասախում, երեկոյան ժամը ութին, ամբողջ համայնքով մոմովառություն և խնկարկում կազմակերպեցինք՝ նվիրված Եղեռնի զոհերի հիշատակին՝ հենց խաչքարերի մոտ:
Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ մեր նորակառույց դպրոցի տարածքում 100+1 ծառատունկ կատարվեց››.- ամփոփելով 100-ամյակի քասախյան միջոցառումներն ասաց գյուղապետը:
Մայիսի 8-ի և 9-ի հաղթական տոնակատարությունները ևս քասախցիները մեծ շուքով են նշել: Մայիսի ութին՝ Երկրապահի օրվա կապակցությամբ ողջ կազմով մասնակցեցին Երկրապահ կամավորականների, Երիտասարդ և Պատանի Երկրապահների, այսինքն՝ եռասերունդ Երկրապահների ներկայացուցիչների կողմից կազմակերպված խաչքարերի բացման արարողությանը՝ Երկրապահ կամավորականների միության վարչության շենքի մոտ: Այս առիթով քասախցիները ներկա գտնվեցին նաև Մայր Տաճարում ձեռամբ Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի մատուցմաբ Սուրբ և Անմահ Պատարագին:
Մայիսի իննին՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ Քասախում ամբողջ բնակչությամբ և եռասերունդ Երկրապահներով իրենց հարգանքի տուրքն են մատուցել արցախյան հերոսամարտում զոհված քասախցիների հիշատակին՝ պանթեոնում և Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհված քասախցիների հուշահամալիրի մոտ: Եռաբլուր պանթեոնում ևս քասախցիներն հարգանքի տուրք են մատուցել իրենց կյանքի գնով հաղթանակ կերտած հերոսների հիշատակին: Քասախում զոհվածների, վիրավորների և ազատամարտիկների ընտանիքի անդամները դրամական օգնություններ են ստացել՝ թե՛ համայնքի և թե՛ մարզպետարանի կողմից: Այնուհետև, նրանցից 25-30 հոգի, մասնակցել են գյուղապետարանի կողմից կազմակերպած հյուրասիրությանը՝ երևանյան ռեստորաններից մեկում:
Անդրադառնալով Վերջին զանգի արարողություններին և միջոցառումներին, հետագայում շրջանավարտների ընդունելության, մասնագիտությունների և իրենց գործով գյուղում ունեցած ներդրումների մասին հարցերին՝ պարոն Մկրտչյանն ասաց. ‹‹Քասախում արդեն տեղի են ունեցել Վերջին զանգի արարողությունները: Ինչպես և ամեն տարի, այս անգամ ևս դրանք անցան մեծ շուքով և ոգևորությամբ: Այդ օրը շրջանավարտներին տրամադրել էինք Մշակույթի պալատը՝ ողջ տեխնիկայով՝ ստեղծելով բոլոր նպաստավոր պայմանները՝ միջոցառումները լիարժեք անցկացնելու համար:

Քասախն ինտելեկտուալ համայնք է, այսինքն՝ մեզ մոտ ավելի շեշտադրված է կրթության ու մշակույթի զարգացումը: Այդ իսկ առումով մեր շրջանավարտների ճնշող մեծամասնությունը հենց այդ ոլորտներին վերաբերող մասնագիտացումներ էլ ունենում են և համայնքում նմանատիպ գիտական պոտենցիալի պակաս, բաց չենք ունենում, ինչու, որովհետև այդ նույն շրջանավարտները մի քանի տարի հետո վերադառնում են և կվերադառնան՝ իրենց ծննդավայրը՝ կրթադաստիարակչական, առողջապահական և այլ կարևորագույն ոլորտները սեփական գիտելիքներով ծաղկեցնելու համար: Այսօր Քասախ համայնքի մսուր-մանկապարտեզում, պոլիկլինիկայում, դպրոցներում աշխատում են մեր երիտասարդները, այսինքն՝ համայնքն ապահովված է կրթական բարձր մակարդակ ունեցող մարդկանցով:
Մենք շատ լավ կադրեր ենք ունեցել և ունենք, էլ չեմ ասում, որ գյուղում իրենց ակտիվ գործունեությունն են ծավալում տարբեր գիտությունների գծով թեկնածուները, օրինակ՝ մեր աշխատակազմի ղեկավարը տնտեսական գիտությունների թեկնածու է, ֆինանսիստը գյուղատնտեսական ակադեմիայում դասախոսում է՝ էլի տնտեսագիտության թեմայով: Ունենք նաև բանասիրական, պատմագիտական գիտությունների թեկնածուներ››:
Մի փոքր անդրադարձ էլ կատարելով հետագա ծրագրերին՝ գյուղապետը հավելեց.
‹‹Ինչպես արդեն ասացի՝ եկեղեցու դրամահավաքության, բարերարների աջակցության ծրագրերը բարեհաջող իրականացնելուց հետո լայն թափով սկսելու ենք եկեղեցու շինարարական աշխատանքները: Ես զգում եմ, որ այսօր համայնքին հոգևոր կենտրոն ունենալը շատ է անհրաժեշտ , որովհետև միայն 6000 և ավել գրանցված թվով բնակիչներ ունեցող Քասախի ժողովրդին, մատաղ սերնդին հոգևոր դաստիարակությունը շատ կարևոր է: Չլինի այդ դաստիարակությունը՝ աղանդներն՝ իրենց ահավոր ներգործությամբ կարող են կործանել մեր վաղվա սերունդը: Այս ամենից բացի կլուծվեն նաև պսկադրությունների, կնունքների և, հեռու տնից տեղից, սգո արարողությունների տեղի հարցը: Նման արարողակարգերի համար հիմա հոգևոր կառույց, տարածք չունենք, միայն գյուղապետարանի ջանքերով հատուկ դահլիճ է կառուցել, իսկ սովորաբար մարդիկ իրենց տներում են իրականացնում համապատասխան արարողությունները: Բայց որ եկեղեցի ունենայինք՝ հոգևոր կյանքը իր ծաղկման գագաթնակետին կհասներ Քասախում, որն էլ իր հերթին, ինչպես արդեն ասացի՝ գալիքի, մեր լավ ապագայի երաշխիքը կլիներ:
Ասեմ նաև, որ օրացույցում նշված և չնշված բոլոր տոները մեզ համար կրկնակի տոն են և մեծ շուքով ենք նշում բոլորն էլ: Օրերս մեր հայրենի գյուղում ավարտեցինք Թուխ Մանուկ մատուռի վերակառուցումը, որը հրդեհվել էր և լրիվ ավերվել. մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության տոնին նվիրված, ամբողջ գյուղով նախ կմասնակցենք Ապարանում Բաշ Ապարանի հերոսամարտի տոնակատարությաններին, դրանից հետո՝ Բաշ Ապարանի հերոսամարտի հուշահամալիրում ևս մի միջոցառում էլ ենք նախատեսել՝ Պատանի Երկրապահների, Երիտասարդ Երկրապահների և Երկրապահների պարգևատրման արարողությունը, որից հետո նախատեսվում է այց Թուխ Մանուկ:
Առաջիկայում՝ հունիսի մեկին, Երեխաների պաշտպանության միջազգային օրն է, որը մեզ մոտ, արդեն սովորույթ դարձած տոնակատարություն է. գյուղի բոլոր երեխաները հավաքում են ամառային դահլիճում՝ միջոցառմանը մասնակցելու համար, իսկ հրապարակում, համերգային ծրագրի հետ միասին նաև քաղցարվենքի հյուրասիրություն ենք կազմակերպում՝ մանկապարտեզի երեխաներից սկսած մինչև իրեն երեխա զգացող բոլոր մեծերի համար:
Համայքնի ներքին հարդարման աշխատանքներից էլ ասեմ, որ փոսային նորոգումներն արդեն արել ենք, գյուղի հարդարումը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է՝ և փողոցների ավլում-մաքրումը, և՛ կանաչապատումը, և՛ ծառերի մշակումը:
Վերջում ուզում եմ մաղթել բոլոր շրջանավարտներին կայունություն, որ նրանք կարողանան իրենց իսկ տեղն ու դերը ունենալ մեր հասարակության մեջ: Երկրին խաղաղություն թող լինի, որ մեր երեխաները կարողանան ապրել ու կենսագործել խաղաղ, կապույտ երկնքի ներքո, նաև՝ տնտեսական վերելք, որ յուրաքանչյուր մարդ ըստ արժանվույն կարողանա վաստակել ու ապրել, այլ ոչ թե գոյատևել››:
Մերի Եղիազարյան

74fe8bde172340fa2bfa562a66fc2626

cef013991673dfefa134c9092bd16744

e4bde53021fe6f415c45c023e9585ee7

Leave a Response