Օտարերկրյա լրագրողները Ստեփանակերտում «Սմերչ»-ի չպայթած արկեր են գտել․ «ՌԻԱ Նովոստի»
Ստեփանակերտում աշխատող եվրոպացի լրագրողների խմբի անդամները «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի երկու չպայթած արկ են գտել իրենց հյուրանոցի հարևանությամբ, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության թղթակիցը:
Գործակալության փոխանցմամբ՝ այժմ Ստեփանակերտում գտնվող լրագրողները արձանագրում են ավերածությունները, շփվում քաղաքացիների հետ։ Շվեյցարացի սիրողական լուսանկարիչը և ֆրանսիական ռադիոյի թղթակիցը իրենց հյուրանոցից 50 և 70 մետր հեռավորության վրա հայտնաբերել են «Սմերչ»-ի չպայթած երկու արկ:
«Դժվար է պատկերացնել, թե ինչ կլիներ հյուրանոցի և այլ տների հետ, եթե նրանցից գոնե մեկը պայթեր»,- ասել են եվրոպացիները «ՌԻԱ Նովոստի»-ին:
Գործակալությունը նշում է, որ «մոտակայքում պայթել է ևս մեկ «Սմերչ»՝ բառացիորեն ոչնչացնելով տեղի բնակիչ Սուրիկ Հովհաննիսյանի տունը։ Թեթև վնասվածքներ է ստացել նրա ազգականը, որը հասցրել է թաքնվել նկուղում։ Տուժել են նաև հարևան տները։
Գործակալությունը հիշեցնում է, որ նախօրեին Ստեփանակերտը հրետանային գնդակոծության էր ենթարկվել ադրբեջանական զորքերի կողմից։ ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ Ստեփանակերտի ուղղությամբ արձակվել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի ավելի քան 100 հրթիռ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 6-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։