
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն է ստացել «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ինչպես նաև հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են ծառայության գործունեության առաջին տարիների փորձով և նպատակ ունեն հստակեցնել իրավակարգավորումները, բարձրացնել արդյունավետությունը և կարգավորել սոցիալական երաշխիքների շրջանակը։
«2022 թվականի դեկտեմբերին Ազգային ժողովի կողմից ընդունվել է օրենքը, 2023 թվականին հիմնադրվել է ծառայությունը, և այս ընթացքում կուտակված փորձը ցույց է տվել որոշ կարգավորումների կատարելագործման անհրաժեշտություն»,– նշել է Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ առաջարկվող փոփոխություններից մեկը վերաբերում է ծառայողների նշանակման և տեղափոխման իրավական հիմքերի հստակեցմանը՝ ապահովելով համադրելիություն աշխատանքային և հանրային ծառայության ոլորտի ընդհանուր օրենսդրության հետ։
Փաթեթով առաջարկվում է նաև ծառայողների համար սահմանել հայրության արձակուրդի հնարավորություն՝ այն համապատասխանեցնելով գործող աշխատանքային օրենսդրությանը և միջազգային փորձին։
Առանձին փոփոխություններով նախատեսվում է հստակեցնել ծառայողների կողմից զենքի և հատուկ միջոցների կրման, հաշվառման և պահպանման կարգը՝ իրավական հստակ հիմքերի ստեղծմամբ։
Նախագծով նաև առաջարկվում է վերանայել կադրերի ռեզերվի ձևավորման և այնտեղ գտնվելու ժամկետների հաշվարկման կարգավորումները, ինչպես նաև ընդլայնել խրախուսանքի տեսակները՝ հնարավորություն տալով որոշ դեպքերում վաղաժամկետ հանել կարգապահական տույժերը։
Գրիգորյանը նշել է, որ առաջարկվում է նաև սահմանել, որ ծառայության պետի և նրա տեղակալների պաշտոններում նշանակվող անձինք պետք է լինեն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։
Փաթեթում ներառված փոփոխություններով նախատեսվում է նաև ծառայողների մասնագիտական վերապատրաստման հետ կապված իրավական մեխանիզմների ներդրում՝ սահմանելով նվազագույն ծառայության ժամկետ կամ փոխհատուցման կարգ՝ պետական միջոցներով վերապատրաստվելուց հետո ծառայությունը վաղաժամկետ թողնելու դեպքում։
Նախագծով առաջարկվում է նաև անցում կատարել զինվորական կոչումների համակարգից դեպի դասային աստիճանների համակարգ, որը կիրառվում է նաև այլ պետական ծառայություններում՝ ապահովելով համակարգային համաչափություն։
Առանձին կարգավորումներով նախատեսվում է հստակեցնել արտաքին հետախուզության ծառայողների սոցիալական երաշխիքները՝ ներառելով բնակելի տարածքի անվտանգության ապահովում, ծառայողական գործունեությամբ պայմանավորված գույքային վնասների փոխհատուցում, ինչպես նաև երկարամյա ծառայությունից հետո միանվագ նպաստի տրամադրում։
Փաթեթով առաջարկվում է նաև փոփոխություն կատարել Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենքում՝ նախատեսելով արտաքին հետախուզության ծառայությանը հեռախոսային հաղորդակցության վերահսկման միջոցառումները ինքնուրույն իրականացնելու հնարավորություն։ Այս դրույթի ուժի մեջ մտնելը նախատեսվում է 2028 թվականի հունվարի 1-ից։
Հարակից օրենքներում առաջարկվող փոփոխությունները վերաբերում են ծառայողների վարձատրության, սոցիալական փաթեթի և կենսաթոշակային ապահովման հարցերի կարգավորմանը։
Քրիստինե Գրիգորյանը հանձնաժողովին առաջարկել է օրենսդրական փաթեթը քննարկել արագացված՝ առաջինից երկրորդ ընթերցում 24-ժամյա ռեժիմով։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախագծերի փաթեթին տվել է դրական եզրակացություն։




