ԱռողջապահությունԳլխավոր

Ամեն ինչ պլաստիկ վիրաբուժության մասին. հարցազրույց դիմածնոտային վիրաբույժ Աշոտ Հարությունյանի հետ

1.3kviews

Ժամանակի հետ համահունչ լինելու կարևորագույն քայլերից մեկն այսօր, թերևս, պլաստիկ վիրահատությունների դիմելն է, որ տարեցտարի զարգացման ավելի մեծ տեմպեր է գրանցում՝ հնարավորություն ընձեռելով առաջին հերթին, գերազանցապես, կանանց և աղջիկներին կատարելու պլաստիկ, կոսմետիկ շտկումներ ինչպես դեմքի, այնպես էլ մարմնի ցանկացած այլ հատվածների համար: Վիճակագրական տվյալների համաձայն  Հայաստանում կատարվող պլաստիկ վիրահատությունների շարքում առաջին տեղն է զբաղեցնում ռինոպլաստիկան (քթի ձևի շտկումը), որը տարեցտարի ավելանում է 5-10 տոկոսով:

Այս և ոլորտին վերաբերող այլ հարցերի շուրջ զրուցում ենք Հայաստանի առաջատար բժշկական կենտրոններից մեկի՝ «Աստղիկ» բ/կ-ի դիմածնոտային վիրաբույժ, Դիմածնոտային Վիրաբույժների Եվրոպական Ասոցիացիայի, Հայաստանի Բերանի Խոռոչի և Դիմածնոտային Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի իրական անդամ Աշոտ Էդուարդի Հարությունյանի հետ:

Նշենք, որ Աշոտ Հարությունյանը 2006թ.-ին ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, 2006-2009թթ. կլինիկական օրդինատուրան՝ Դիմածնոտային վիրաբուժություն մասնագիտությամբ անցել է Երրորդ հիվանդանոցում՝ Գրիգորի Էմիլի Խաչատրյանի ղեկավարությամբ, այնուհետև աշխատել է նույն հիվանդանոցում, որից հետո Երևանի կայազորային զինվորական հոսպիտալում՝ որպես Դիմածնոտային ծառայության ղեկավար: 2011թ.-ին Արմեն Հարությունյանի հետ միասին տեղափոխվել են «Մալաթիա» բ/կ՝ հիմնադրելով Դիմածնոտային ծառայությունը՝ աշխատելով առ այսօր: 2012-ից սկսել է աշխատել նաև «ՎիկՄեդ» բժշկական կենտրոնում՝ որպես դիմածնոտային վիրաբույժ:

Աշոտ Էդուարդովիչ, վերջին տարիներին Հայաստանում պլաստիկ վիրաբուժական  միջամտության դիմողների քանակը, կարծես թե, ավելացել է, կարո՞ղ եք վիճակագրական տվյալներ ներկայացնել, նաև՝ ավելի շատ կանայք թե տղամարդիկ են դիմում պլաստիկ միջամտության և ինչո՞վ է դա պայմանավորված:

Վիրահատությունների քանակն, իսկ ավելի կոնկրետ՝ ռինոպլասիտկայի տենդենցը գնալով աճում է, զարգանում է նաև վիրահատական տեխնիկան, տեխնոլոգիան, պլաստիկ վիրաբույժների քանակն էլ է ավելացել. այս ամենն էլ հենց առողջ մրցակցություն են ապահովում՝ նպաստելով որակի բարձրացմանը, որն ինձ համար շատ ողջունելի է: Պլաստիկ վիրահատության դիմողների քանակի աճը նաև կապում եմ որակի բարձրացման հետ, մարդիկ ավելի շատ են լավ արդյունքներ տեսնում և ցանկություն է առաջանում վիրահատվելու՝ ինչպես էսթետիկ, այնպես էլ  ֆունկցիոնալ նկատառումներով: Շնչառական ֆունկցիան ոչ մի դեպքում  չպետք է տուժի, եթե նման խնդիր կա, ապա այն միանշանակ պետք է լուծվի, այսինքն՝ այնպես չէ, որ եթե ունենք շնչառական խնդիր, իսկ պացիենտը ուզում  է միայն էսթետիկ վիրահատություն անել, ուրեմն միայն դա պետք է անենք. շնչառական ֆունկցիան ուղղելը պարտադիր է: Բնականաբար, կանայք և աղջիկներն ավելի շատ են դիմում պլաստիկ միջամտության, բայց վերջին տարիներին տենդենց կա նաև տղամարդկանց դիմելիության աճի: Պատճառները տարբեր են, տղաների մոտ ավելի շատ հետտրավմատիկ բնույթի կոտրվածքներ են լինում, նաև՝ զուտ  էսթետիկ շտկումներ էլ են ցանկանում անել համար, որն էլ իր հերթին, թերևս, ժամանակի թելադրանքն է: Ոմանք կարիք ունենում են, ոմանք այդքան էլ չէ, բայց, ամեն դեպքում, մեր կողմից պրոֆեսոիոնալ խորհուրդ են ստանում, ժամանակ են ունենում մտածելու, ինչու չէ՝ նաև այլ մասնագետների կարծիք լսելու, մի խոսքով՝  ընտրություն ունեն:

Ինչպես արդեն ասացիք՝ մասնագետները շատ են և  մրցակցությունն էլ բավականին մեծ, կարո՞ղ եք ասել՝ ինչու՞ հատկապես պետք է ընտրեն հենց Ձեզ, գուցե գնային քաղաքականությունն է պետք  հաշվի առնել այստեղ:

Գնային քաղաքականությունը տարբեր է և նույնիսկ մի կլինիկայի մասնագետները տարբեր գներով են  նույն վիրահատությունը կատարում: Չեմ կարծում, որ մասնագետի ընտրությունը կապված է գումարի հետ, ամեն դեպքում, ես դա ճիշտ չեմ համարում, մասնագետին պետք է ընտրել՝ հաշվի առնելով միայն մասնագիտական որակներն ու փորձառությունը: Այսօր, ցավոք սրտի, մարդիկ կան, որ գումարի խնդիր ունեն, որի պատճառով էլ ստիպված մատչելի տարբերակներն են փնտրում, բայց իրականում բժշկության մեջ ես խորհուրդ կտայի մասնագետի ընտրության ժամանակ գումարի կրիտերիան թողնել ամենավերջում: Իսկ հարցին, թե ինչու հենց ինձ դիմեն, թերևս, չպատասխանեմ, ինձ համար էլ ցանկալի կլինի, որ Ձեր հարցի պատասխանը լսեմ իմ պացիենտներից:

Բացի քթի վիրահատությունից վերջերս սկսել են նաև մեծ թափով իրականացնել  պլաստիկ այլ միջամտություններ ևս՝ մամոպլաստիկա, դեմքի օվալի փոփոխություն և այլն. վերոնշյալներից ո՞րոնց համար  են ավելի շատ դիմում և ինչո՞վ է դա պայմանավորված:

Մամոպլաստիկայի համար էլ բավականին շատ են դիմում, որը կրկին պետք է կապեմ նմանատիպ վիրահատությունների որակի բարձրացման, բարելավման  հետ, այսինքն՝ մասնագետների մասնագիտական որակի բարձրացման, վիրահատական տեխնիկայի զարգացման  հետ է կապված լավ արդյունքը, որն էլ իր հերթին  բերում է  դիմելիության աճի: Համաձայնենք՝ տրամաբանական է այն հանգամանքը,  որ երբ մարդիկ լավ արդյունք են տեսնում, իրենց մոտ էլ ցանկություն է առաջանում նման արդյունքի հասնելու: Այսօր պլաստիկ վիրաբուժությունը շատ մեծ տեմպերով է զարգանում, տարբեր գործարաններում պատրաստվում, մշակվում են իմպլանտի տարբեր տեսակներ: Պետք է նշեմ, որ ես ինքս տարին 2-3 անգամ մասնակցում եմ համաշխարհային տարբեր կոնֆերանսների և թրեյնինգների, որի շրջանակներում ցուցադրությունների ժամանակ էլ շատ-շատ առաջարկներ են լինում տարբեր բրենդերից, ֆիրմաներից և ամեն մեկն իր հերթին աշխատում է այդ ուղղությամբ: Դա շատ է օգնում  վիրաբույժներին և ինչու չէ նաև պացիենտներին:

Աշոտ Էդուարդովիչ, անդրադառնանք նաև մարդկանց ամենաշատը հուզող հարցերին, մասնավորապես՝ Ձեզ մոտ անվճար հիմունքներով վիրահատություններ կատարվու՞մ են:

Այո, իհարկե, եթե դիմողի մոտ կան առողջական խնդիրներ, չնայած դիմածնոտային վիրաբուժության սպեկտրը բավականին լայն է, բայց ես օրինակ բերեմ քթային շնչառության հետ կապված. ենթադրենք եթե պացիենտն ունի շնչառության հետ կապված խնդիր, ապա այս դեպքում պետպատվերը միանշանակ գործում է: Այստեղ  ունենք այդ հարցերով զբաղվող գրասենյակներ և մենք պացիենտրների համար ուղեգրեր ենք գրում, նրանք դիմում են համապատասխան կաբինետ, այնտեղից արդեն պատասխանը ստացված գալիս են և  արդեն մեր գրաֆիկով հերթագրում ենք ու վիրահատում;

Այսօր բավականին տարածված են ռինոպլաստիկայի այլընտրանքնային տարբերակները՝ տարատեսակ ներարկումներով, թելերի օգնությամբ և այլն, արդյո՞ք պլաստիկ վիրաբուժական միջամտությամբ քթի տեսքը ընդմիշտ պահպանվում է և վերոնշյալ տարբերակներից  ո՞րն է ավելի հարմար:

Եթե խոսքը քթի ձևի առաջնային, այսինքն՝ առաջին անգամ իրականացվող փոփոխության մասին է՝  ես հակված եմ վիրաբուժական մեթոդին (իհարկե դա ինդիվիդուալ է), բայց լինում են դեպքեր, երբ կարիք է լինում նաև  ալտերնատիվ մեթոդների դիմելը՝ նույն այդ թելերով ձգումը, ֆիլլերների օգտագործումը .  տարբեր են դեպքերը, տարբեր են և մեթոդները:  Շատ լավ է, որ ունենք լայն հնարավորություններ տարբեր մեթոդներ կիրառելու և պետք է դրանք  փորձել օպտիմիզացնելով կիրառել՝ լավագույն արդյունք ստանալու և պացիենտին գոհացնելու  համար: Ֆիլլերներից  հիմնականում օգտվում եմ այն ժամանակ, երբ հետվիրահատական շրջանում ինչ-որ փոքր  շտկումների, կորեկցիաների կարիք է լինում, բայց առաջնային շտկման ժամանակ ճիշտ եմ համարում միայն վիրահատական միջամտությունը: Վիրահատական մեթոդով քթի վերջնական տեսքը ձևավորվում է 1-1.5 տարվա ընթացքում և պահպանվում մինչև կյանքի վերջ, եթե չեն լինում տրավմաներ, լուրջ վնասվածքներ, շնչառական խնդիրներ, որն էլի շատ տարբեր է և  ինդիվիդուալ: Մեր փորձի արդյունքում ձեռք բերված ստատիստիկ տվյալների համաձայն՝ այդ ժամկետն էլ իրականում հարաբերական է, պացիենտներ կան, որ քիթը 5-6 ամիս հետո արդեն վերջնական տեսք ունի, լինում է և հակառակը, դա մարդու անատոմիայի առանձնահատկություններից է կախված և վիրահատական ու հետվիրահատական խնամքից:

Առողջական ի՞նչ խնդիրների դեպքում է հակացուցված ռինոպլաստիկան:

Մեզ մոտ վիրահատությունից առաջ պացիենտը հետազոտություննների մի ողջ փունջ է անցնում, անալիզներ հանձնում և որևիցէ մի ցուցանիշից աննշան իսկ շեղումն էլ կարող է պատճառ հանդիսանալ վիրահատության հետաձգման և նույնիսկ հակացուցման՝ կախված խնդրից: Օրինակի համար կարող եմ նշել շաքարային դիաբետը:

Տարվա ո՞ր սեզոնին է ավելի նապատակահարմար վիրահատություններ կատարել:

Մեզ մոտ վիրահատությունները կատարվում են կլոր տարի և սեզոնային որևէ առանձնահատկություն չենք դնում, կան ցուցումներ և հակացուցումներ՝ պացիենտի կոմֆորտի և դիսկոմֆորտի հետ կապված, բայց բժշկական տեսանկյունից հակացուցում չկա:

Մեր հարցերն այսքանն էին, կա՞ որևէ բան, որի մասին ինքներդ կցանկանայիք խոսել կամ գուցե որևէ նորությու՞ն ունեք:

Այս պահին դեռ ոչինչ չեմ կարող ասել, նորություն լինելու է, միայն նշեմ կատարվող աշխատանքների մասին, որոնք արդեն իսկ ընթացքի մեջ են, և որի մասին լրացուցիչ կխոսեմ, երբ արդեն ամեն ինչ պատրաստ լինի:

 

Զրուցեց Մերի Եղիազարյանը

Leave a Response