ԳլխավորԿյանքը de factoՀամայնքներ

Աշխատում ենք անել առավելագույնը, որ ժողովուրդն ամեն ինչ ունենա. Ա.Եսայան

88.5kviews

Ինչպես արդեն հայտնել ենք, այս տարի հանրապետությունում կմեկնարկի համայնքների խոշորացման ծրագիրը, որը կատարվելու է ըստ համայնքների միջև հեռավորության, բնակիչների թվի և համատեղելիության: Այս առթիվ եղել ենք ՀՀ մի շարք մարզերում, զրուցել համայնքի ղեկավարների, աշխատակիցների, բնակիչների հետ՝ նրանց կարծիքն ու տեսակետն իմանալու համար:
Այս անգամ եղանք ՀՀ Արմավիրի մարզի Մերձավան համայնքում: Վերոնշյալի և համայնքին վերաբերող այլ հարցերի շուրջ զրուցեցինք գյուղապետի տեղակալ Արևատ Եսայանի հետ. «Համայնքի ղեկավար Լ.Գրիգորյանը Եվրոպայից վերադարձից հետո փորձի փոխանակաման արդյունքում ստացված իր տպավորություններով կիսվել է մեզ հետ՝ նկատելով, որ այնտեղ համայնքների խոշորացման ծրագիրն արդյունավետ կերպով ծառայում է իր նպատակին, քանի որ ամենափոքր համայնքը 3մլն.եվրո բյուջե ունի, բնականաբար, մեր պայմաններում ծրագիրն այդ նույն արդյունքը չի կարող ունենալ: Կոնկրետ մեզ հետ կապված ասեմ, որ Մերձավանը բավականին մեծ՝ 4000 բնակիչ ունեցող համայնք է, և մենք հրաշալի կերպով կարողանում ենք մանկապարտեզ պահել, դպրոցին օգնել, փողոցները տարվա մեջ մեկ-երկու անգամ եթե ոչ ասֆալտապատել, ապա գոնե փոսալցում անել, որպեսզի ժողովրդի ոտքը փոսի մեջ չընկնի: Հիմա՝ խոշորացման դեպքում եթե կենտրոնը մեզ մոտ չլինի, ապա կունենանք ասենք երկու, լավագույն դեպքում երեք աշխատող, այսինքն՝ լիազոր ներկայացուցիչ, օպերատոր և այլն: Արդյունքում՝ 10-13 համայնքային աշխատող կկորցնեն իրենց աշխատանքը, իսկ կոնկրետ մեր համայնքային ծառայողները բացառապես բարձրագույն կրթություն ունեն, նրանք անցել են աշխատանքի հատուկ մրցույթով, բոլորը փորձառու, երկարամյա աշխատակիցներ են: Բյուջեի առումով էլ չգիտեմ, թե այդ մի քանի համայնքներից մեկի շահը ինչպե՞ս կպաշտպանվի: Իմ կարծիքով մեր համայնքի շահը չեն կարող այնպես պաշտպանել, ինչպես մենք:
Արմավիրի մարզում ներքին փաստաթղթաշրջանառությամբ հարկերի հավաքագրմամբ ու շատ այլ առումներով համարվում ենք օրինակելի համայնք և հենց այդ հարկերը ժամանակին գանձելն էլ արդյունավետ կերպով նպատակաուղղում ենք արդյունավետ կառավարմանը՝ հասնելով նրան, որ համայնքի բյուջեից կարողանում ենք լրացուցիչ օգնել բնակիչներին՝ ասենք՝ մահացածի ընտանիքին 100 հազարական դրամ օգնություն ենք տրամադրում, նոր ծնված երեխայի ընտանիքին՝ 50 հազար դրամ որպես խրախուսանք և այսպես շարունակ ու չեմ կարծում, որ խոշորացման դեպքում այդպես կլինի: Եթե այո, ապա այստեղ կմնա միայն համայնքային աշխատողների աշխատանքից, հանապազօրյա հացը վաստակելու հնարավորությունից զրկելու խնդիրը և բնակիչների համար ստեղծված անհարմարությունները՝ մի թղթի համար կենտրոն հասնելը և այլն: Ամեն դեպքում, կարծում եմ, որ այդ գործը դեռ հում է: Սա շատ գլոբալ հարց է, իր մեջ բացի հնարավորություններից նաև շատ լուրջ խնդիրներ է պարունակում և միայն տարիների աշխատանքի, ոլորտն ավելի ճիշտ կազմակերպելու արդյունքնում նոր կարելի է համակարգը կիրառել: Ես կողմ եմ, որ երկիրն առաջընթաց ապրի, բայց նաև շատ մտահոգ եմ»:

Անդրադարձ կատարելով ներհամայնքային կյանքին, թե ինչ աշխատանքներ են կատարվել տարվա սկզբից և որոնք են նախատեսված ավարտել մինչև տարեվերջ ՝տիկին Եսայանն ընդգծեց, որ կենսական նշանակություն ունեցող հարցերը, որոնք են՝ խմելու, ոռոգման ջուրը, գազը, էլեկտրաէներգիան ծառայություններ մատուցող առանձին տնտեսություններ են, որոնց համար համապատասխան վճարումներով բնակիչներից գանձումներ են արվում, սակայն վերոնշյալ ուղղություններով էլ իրենք ևս աշխատանքներ են տանում՝ համահարթեցման նպատակով, որ ամեն ինչն իր հունով ընթանա. «Մենք օգնում ենք աշխատակիցներին, որոնք հիմնականում հենց մեր համայնքի բնակիչներն են, այսօր մեկի գազի խողովակը ծռվեց, մյուսի գազի խողովակը գյուղապետարանի միջոցներով պետք է անցկացնենք, որ գազի գրասենյակից գան գազ տան: Մեզ վրա, այսպես ասած, «լուծ» ենք դրել, որ կոնկրետ այս տարի 10-12 բնակիչ գազ ունենա, որի խողովակները համայնքի միջոցներով պետք է անցկացնենք. վերագազաֆիկացումից հետո գյուղում ով ուզում է գազ ունենա, ուրեմն պետք է ունենա:
Խմելու ջրի հետ կապված ասեմ, որ գլոբալ առումով խնդիր չունենք , բայց մեկ էլ տեսնում ես մի տեղից պայթեց, մինչև «Վեոլիա ջրի» աշխատակիցները կգան՝ այդ գիծը քանդում ենք, մեր ուժերով նորոգում, նույնը նաև՝ կապված հոսանքալարերի և մնացած այլ հարցերի հետ: Սա մեր հանձն առած ներքին գործառույթն է: Մենք աշխատում ենք անել առավելագույնը, որ ժողովուրդն ամեն ինչ ունենա, որ կես ժամից ավել առանց ջուր չմնա, հոսանքից չզրկվի: Եվ իսկապես, համայնքում այդպիսի միջավայր է ստեղծվել և արդեն այնպես է ստացվել, որ խնդիրների դեպքում համապատասխան ընկերություններին դիմելու փոխարեն մեզ են դիմում»:

Օրինակելի և նմանատիպ արտոնություններ ունեցող Մերձավանում խնդիրներ ևս կան, գլխավորապես՝ հիմնախնդիրներից մեկը Հայաստանի գրեթե բոլոր համայնքներին բնորոշ ասֆալտապատման հարցն է: Այստեղ ճանապարհների մոտավորապես 70 տոկոսն ասֆալտապատ են, դրանից զուրկ են ներհամայնքային փողոցները՝ մոտ 20կմ, որը մեծ գումարների հետ է կապված և համայնքային բյուջեով դա անել չենք կարողանում, բայց, այդուհանդերձ, տարվա մեջ 1-2 անգամ փոսալցման աշխատանքներ են կատարվում: Ոռոգման ջրի հետ ևս խնդիր կա, որի արդյունքում հարյուրավոր հեկտար հողակտորներ չեն ջրվում:
Խնդիրներ կա դպրոցի ներքին հարդարման հետ կապված: Համայնքապետարանի միջոցներով փոխվել են դպրոցի լուսամուտները, դռները, տանիքը (վերջինս 20 տոկոս սոցներդրումներ օգնությամբ), զուգարանն ու միջանցքներն են վերանորոգվել, լոկալ ջեռուցում է անցկացվել, սակայն արդեն ՝ 7000ք.մ տարածքի ներքին հարդարման աշխատանքներն իրենց ուժերով չեն կարողանում անել. «Ճիշտ է, դա գյուղապետարանի ենթակայության օբյեկտ չէ, ՊՈԱԿ է, բայց չէ որ մեր երեխաներն են այնտեղ հաճախում: Ամբողջովին, կատարյալ վերանորոգված մանկապարտեզ ունենք՝ ապահովված շենքային բոլոր հարմարություններով, ուսումնադաստիարակչական պայմաններով: Առայժմ դրա հետ կապված խնդիր չկա, մի քիչ գույքային խնդիր ունենք, բայց մտածում ենք, ասենք, օրինակ, այդ սեղանի վրա երեխան դեռ կարող է հաց ուտել, իսկ այնտեղ շենքային հարմարություններ են պետք ստեղծել դպրոցականների համար:
Մեր ուշադրության կենտրոնում հիմա հինգ հարկանի շենքի տանիքի հարցն է: Քամին պոկել է տանիքի 1/3 մասը՝ հասցնելով մոտավորապես 500-600 հազար դրամի վնաս: Ավագանու անդամների հետ միասին փորձում ենք այդ գումարը մի ֆոնդից տեղափոխել մեկ այլ ֆոնդ, որպեսզի կարողանանք գոնե կամ փայտը գնել կամ թիթեղը, որ մինչև ձմեռ տանիքը ծածկենք: Սա հոգս է մեզ համար, չենք կարող ամբողջովին տանիքը վերականգնել, մարզպետարանը չի կարողանում օգնել, բնակիչը չունի, պետք է տեսնենք՝ ինչ ենք կարող անել:
Ասեմ նաև, որ աշխատատեղի խնդիր չունենք. համայնքում մոտ 40 ձեռնարկություններ, կազմակերպություններ ունենք, հանքեր, արտադրամասեր՝ կարի, օղու և այլն, մակարոնի գործարան, Երևանին մոտ գտնվելը ևս նպաստավոր պայման է ստեղծում դրա համար: Աշխատել ցանկացողն այստեղ այն ունի»,- ասաց գյուղապետի տեղակալը:

Նշենք, որ համայնքի ղեկավար Լ.Գրիգորյանը նաև բարեգործ է և բացի համայնքի բյուջեից՝ նա  իր միջոցներով էլ է օգնում բնակիչներին, ինչպես փաստում է տիկին Եսայանը՝ նա ժողովրդի ընկերն է. «Բնակիչները կգան ամեն մեկը մի հոգսով, մի հարցող, ամեն մեկին փորձում ենք օգնել, նա հանձնարարականներ է տալիս: Հարկ եղած դեպքում իր մեքենայով է բնակչին տանում համապատասխան տեղեր, ինքն անձամբ է զբաղվում նրանց հարցով, նյութապես է օգնում, վիրահատությունների, հետազոտությունների համար է գումարներ տրամադրում: Բացի գյուղապետի բարեգործ լինելուց սոցիալական ֆոնդ էլ ունենք, դրանից էլ կարողանում ենք սոցիալական իրավիճակը ստուգող հատուկ հանձնաժողովի և ավագանու որոշմամբ համապատասխան օգնություն տրամադրել:
Մենք ակտիվ ենք, ինքն էլ բարեգործ է, սիրում է իր ժողովրդին
Հուսանք, որ ավելի լավ կլինի, փորձենք մեր բնակչին ավելի պիտանի լինել և ոչ մի ծրագիր հանկարծ չխանգարի դրան»:

Զրուցեց ՝ Մերի Եղիազարյանը

Leave a Response