ԳլխավորԿյանքը de factoՀամայնքներ

Առաջիկայում կունենանք էլ ավելի ծաղկուն, գեղեցիկ և միասնական համայնք. Կ. Ղազարյան

289.2kviews

Հայաստանի հանրապետությունը գտնվում է բերքահավաքի, բերքի մթերման եռուն շրջանում, սակայն այս տարի ևս եղանակային անոմալ պայմանները մեծ վնաս են հասցրել գյուղատնտեսությանը, մասնավորապես՝ ծիրանի բերքին: Այս և գյուղին, գյուղացուն վերաբերող այլ թեմաներով արդեն իսկ այցելել ենք մի շարք համայնքներ, այս անգամ էլ հանգրվանեցինք Արարատի մարզի Արարարտ (նախկին՝ Դավալու) գյուղում: Այստեղ, բարեբախտաբար, կարկուտից վնասներ չեն եղել, քանի որ գյուղում հակակարկտային երկշերտ կայանք կա, ինչպես փաստում է գյուղատնտեսության մասնագետը, մի քիչ վնաս եղել է ձմռանը՝ գրանցելով խաղողի բերքի մոտավորապես 90 տոկոս ցրտահարություն, որի մի մասը քանդվել է, մյուս հատվածը՝ էտվել. «Ծիրանի բերքի արտահանումը նորմալ կատարվում է, միակ խնդիրը գների անկման հետ է կապված: Մասսայական բերքահավաքը մեզ մոտ սովորականից ավելի ուշ է սկսվել այս տարի, այդ ընթացքում ով հասցրել է թանկով վաճառել է բերքը: Գները մեզ մոտ 800-ից սկսվել է, այնուհետև 700, 600, ու միանգամից ընկել է 350-250: 250-350 հիմնականում վերցրել է «Սպայկա» ընկերությունը, իսկ մնացած վաճառքը մասնավոր է եղել: Ծիրանն այն մշակաբույսն է, որը շուտ պետք է իրացվի, իսկ այդ ընթացքում, ասենք, եթե գինը 100 դրամ էլ եղավ գյուղացին պետք է տա, եթե ոչ՝ կփչանա, որովհետև այն չի կարող պահել՝ հետո ծախելու նպատակով: Իսկ շուկա դուրս չեկող մնացած բերքի իրացումը ՝ մանր, վնասված՝ ընդունում են գործարանները՝ օղու, նաև չրանոցը, բնականաբար, դրա գինն արդեն էժան է: Ամբողջ խնդիրը նրանում է, որ այդ ցածր գնի պայմաններում էլ և օղու գործարանը և չրանոցը ջոկում են, վերցնում եղածի լավագույնը, մնացածն էլի մնում է գյուղացուն:

Մթերման այս ամբողջ գործընթացը կատարվում է գյուղապետի նախաձեռնությամբ և աջակցությամբ՝ և ֆուռերն ենք բերել այլ գյուղերից և մնացած բոլոր կազմակերպչական աշխատանքներն ենք արել: Ասեմ ավելին, կոնկրետ մեր գյուղում այդ հարցը շատ խիստ է դրված, որ կարող թե անկարող պետք է լինենք գյուղացու կողքին. դա մեր ամենակարևոր նախապայմաններից մեկն է: Սկսած վաղ գարնան աշխատանքներից մինչև ուշ աշուն ամեն ինչն էլ արվում է մեթոդական ցուցումներով՝ բուժումներ, պարարտացումներ, ջրում, մշակում և այլն»,- մեզ հետ զրույցում ասաց Արարատի համայնքապետարանի գյուղատնտես, գլխավոր մասնագետ Վահագան Մելոյանը:

Այս թեմայով համայնքի ղեկավար Կարեն Ղազարյանը ևս նշեց, որ իրենք ամեն հարցով աջակցում են գյուղացուն, ինչ որ առումով նաև համոզում, որ բոլոր միջոցառումները կատարվեն ճիշտ ժամանակին: Արդեն իսկ սկսել են հացահատիկի հավաքի նախապատրաստական աշխատանքները, որ խնդիրներ չառաջանան: Քանի որ գյուղում կոմբայններ չկան, պայմանավորվել են հարևան մարզերի համայնքերի հետ: Իսկ ինչ վերաբերվում է թեմայի հետ ուղիղ և անմիջական կապ ունեցող ջրի հարցին, համայնքի ղեկավարը նշեց, որ 2014թ-ին խմելու ջրագիծ է անցկացվել՝ ավելի քան 26կմ և կարելի է ասել, որ 95 տոկոսով համայնքում կենտրոնացված ջրամատակարարում կա, մնացել է միայն գյուղը սնող ջրագիծը, որն ընդգրկված է այս տարվա ծրագրի մեջ և որն արդեն ներկայացվել է «Վեոլիա ջուր» ընկերությանը, ովքեր խոստացել են շուտափույթ լուծում տալ խնդրին. «Ներհամայնքային ոռոգման ցանցի խնդիր ունենք, որի լուծման համար եզրեր ենք փնտրում՝ դա կլինի ասենք ինչ որ դրամաշնորհների, ծրագրերի շրջանակներում, որովհետև մեր ուժերով չենք կարողանա անել: Գյուղում արդեն խողովակաշարը կառուցվել է, որից հետո արդեն ներքին ցանցի կառուցումը պետք է սկսվի, որի շնորհիվ ջրի կորուստներ չենք ունենա:

Ջրահեռացման խնդիր կա, ոչ բոլոր փողոցներում կա ջրահեռացման կայան. մաքրման կայան չունենք. այս հարցով ևս դիմել ենք ՀՀ վարչապետին և հույս ունենք, որ առաջիկայում այս խնդրին ևս լուծում կտրվի:

Պետք է նշեմ, որ մեր պատգամավոր Արայիկ Գրիգորյանի առաջարկով և ՀՀ նախագահի աջակցությամբ մեկնարկել է մի ծրագիր, որի արդյունքում կկառուցվի ջրամբար և գարնանային հալոցքի ջրերը կհավաքվեն այդտեղ, որը տարվա ընթացքում կբաժանվի բնակիչներին: Սա շատ կարևոր, մեծ ծրագիր է, որի աշխատանքներն արդեն մեկնարկել են»:

Շարունակելով խնդիրների, ինչպես նաև կատարած աշխատանքների թեման, համայնքապետն ընդգծեց, որ գերխնդիր, որպես այդպիսին, համայնքում չկա, այնպիսի հարցեր են, որոնք հետևողական և շարունակական աշխատանքների դեպքում իրենց լուծումը կստանան. «Հոյակապ սպորտային թիմեր ունենք, բայց մարզահրապարակ չունենք, այս խնդիրն էլ կլուծվի, որովհետև կան ծրագրեր, որոնք շուտով կյանքի կկոչվեն:

Վերջին մեկ տարվա ընթացքում հրաշալի, լավ լողավազան ենք հիմնավերանորոգել՝ բոլորիս միասնական ուժերով, ասենք՝ ավազը տրամադրել է ավազի հանքը, աշխատանքները մեր համագյուղացի շինարարն է արել և այլն:

Այս պահին ընթանում են մանկապարտեզի երրորդ մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները: Մեր նախկին զրույցների ժամանակ նշել էի, պատգամավոր Արայիկ Գրկգորյանի աջակցությամբ, ՀՀ նախագահի հանձնարարությամբ իրականացվել է մանկապարտեզի շարունակական հիմնանորոգման աշխատանքները, մասնավորապես՝ Հայաստանի տարածքային զարգացման Հիմնադրամի /նախկինում Սոցներդրումների հիմնադրամ/ և <<Կամրջակ>> ԲՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում վերաբացվելու է նաև 3-րդ մասնաշենքը, որով մինչև տարեվերջ կավարտենք մանկապարտեզի շինարարական աշխատանքները և այս խնդիրը վերջնականապես լուծված կհամարենք: Ավելին՝ <<Արաբկիր>> հիմնադրամի նախագահ պարոն Բաբլոյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մեր մարզում նախադեպը չունեցող ծրագիր ենք պատրաստվում իրականացնել, համաձայն որի՝ մանկապարտեզի մի մասնաշենքը ծառայելու է Սահմանափակ հնարավորությունների տեր երեխաների վերականգնողական մանկապարտեզի համար:

Երեք դպրոցներում ևս պարբերաբար կատարվել են վերականգնողական աշխատանքներ, համայնքապետարանի ֆինանսական միջոցներով արդեն ավանդույթ դարձած դասասենյակների ամենամյա վերանորոգման աշխատանքները շարունակվում են, նորոգվել է նաև ճաշարանն ու դահլիճ: Դպրոցներից մեկում դպրոցահեն նախակրթարան է գործում, որը բացվել է մեր համաֆինանսավորման շնորհիվ:

Կազմել ենք հնգամյա զարգացման ծրագիր, որի մեջ ներառել ենք տուրիզմ և բիզնես ոլորտները, ներկայացրել ենք վարչապետին, որն էլ արժանացել է հավանության: Կարծում եմ, առաջիկայում կատարելով բոլոր կետերը կունենանք էլ ավելի ծաղկուն, գեղեցիկ ևմիասնական համայնք: Հպարտությամբ նշեմ նաև, որ այս տարի վարչապետի կողմից «Չեմպիոն համայնք» ենք ճանաչվել»,- նշեց համայնքապետը:

Վերջում Կարեն Ղազարյանը ևս մեկ անգամ ընդգծեց միասնականության կարևորությունը՝ երկրի զարգացման գործում. «Երկրում խաղաղություն և միասնականություն լինի, մնացած բոլոր խնդիրները հաղթահարելի են: Մինչև մենք չսովորենք իրար սիրել, հարգել՝ ոչնչի չենք հասնի: Մեր գյուղի դրական տեղաշարժը հենց դրանից է, որ համայնք-գյուղացի հարաբերություններում կա վստահություն, հարգանք, սեր: Մենք էլ մեր հերթին ամեն ինչ անում ենք միասնականություն ստեղծելու համար: Օրինակի համար նշեմ, որ այս տարի «Վերջին զանգի» արարողությունը երեք դպրոցի շրջանավարտները միասին են անցկացրել Մշակույթի տանը: Մենք նրանց տրամադրել էինք տոնական միջոցառման համար անհրաժեշտ ողջ տեխնիկան և գույքը: Սա ևս մեկ անգամ առիթ էր բոլորով հավաքվելու, միմյանց ճանաչելու, հետագայում նաև՝ կյանքի տարբեր իրավիճակներում միմյանց օգնելու և սատար կանգնելու համար: Տոնական միջոցառումն այդքանով չեզրափակվեց, այն շարունակվեց նաև Սուրբ Հակոբ եկեղեցու բակում՝ ֆուրշետի, հյուրասիրության տեսքով: Մի խոսքով, նման նախաձեռնությունները շարունակական են լինելու և շատ լավ կլիներ, որ միասնականությանը միտված քայլեր կատարվեր ամբողջ հանրապետության մասշտաբով:

Զրուցեց՝ Մերի Եղիազարյանը

Leave a Response