ԱրժեքներԳլխավոր

Գազաքիմիան հեռանկարային ուղղություն է Հայաստանի համար. Լ. Թավադյան

685views

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սույն թվականի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ «Քիմիական ֆիզիկայի արդի խնդիրները» V միջազգային գիտաժողովը` նվիրված ՀՀ ԳԱԱ-ի հիմնադրման 75-ամյակին և ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի հիմնադիր ակադեմիկոս Արամ Նալբանդյանի 110-ամյականին: Գիտաժողովում արծարծվող խնդիրների, հյուրերի, արդյունքների, համատեղ համագործակցությունների հեռանկարների մասին զրուցում ենք ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ՀՀ ԳԱԱ քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Թավադյանի հետ:

Պարոն Թավադյան, մինչ բուն թեմային անցնելը նախ սկսենք Կառավարության փոփոխությունից. ի՞նչ ազդեցություն ունեցավ այն գիտական ոլորտի վրա, ի՞նչ նոր պահանջմունքներ և հեռանկարներ կան:

Գիտությունն ինքը մշակույթ է, որը ոչ միայն իրականացնում է իր գործառույթներն, այլև ներկայացնում է պետությունը հանրապետությունից դուրս, ապահովում է բարձր որակի կրթություն, ինչպես նաև գիտությունը որոշիչ ազդեցություն պետք է ունենա տնտեսության զարգացման վրա, որն էլ հենց մեր ու Կառավարության մտահոգությունն է և այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ:

Կայացավ «Քիմիական ֆիզիկայի արդի խնդիրները» 5-րդ միջազգային գիտաժողովը. ի՞նչ խնդիրներ կան գիտական այս ոլորտում, ո՞ր հարցերն էին օրակարգային:

Մինչ բուն թեմային անցնելը նախ մի փոքր տեղեկատվական ակնարկ անեմ. Քիմիական ֆիզիկան քիմիական ռեակցիաների ֆիզիկան է, որն ուղղված է քիմիական պրոցեսների էության պարզաբանման ու դրա հիման վրա իրականացվող նոր նյութերի սինթեզին և քիմիական պրոցեսների կառավարմանը: Արդեն ավանդական դարձած թվով 5-րդ միջազգային գիտաժողովի շրջանակներում շոշափվեցին ոչ միայն զուտ քիմիական ֆիզիկային վերաբերվող հարցեր՝ քիմիական ռեակցիաների մեխանիզմների ուսումնասիրություն, այդ նպատակով համակարգչային թվային եղանակների օգտագործում, այնպես էլ խնդիրներ, որոնք հարակից են այլ գիտական ուղղություններին, այսինքն՝ եթե քիմիական ֆիզիկան միջառարկայական գիտություն է, ապա այդ պարագայում արդեն դառնում է բազմաառարկայական և ներդաշնակ այդ խնդիրները լուծելու համար, մասնավորապես՝ այրման պրոցեսները, ներառյալ՝ շարժիչներ, զանազան սարքերում վառելիքի այրումը, հատուկ նշանակության նոր նյութերի ստեղծում: Բավականին մանրամասն ներկայացվեց կատալիզը, որտեղ օգտագործում են քիմիական ռեակցիաներն արագացնող նյութեր: Շնորհիվ նոր տիպի՝ նանոչափի կատալիզատորների, որոնց ակտիվությունը զգալի մեծ է ՝ ստացվում են նպատակային արգասիքները: Հաջորդ ուղղությունը դա գազաքիմիան է, որը նպատակաուղղված է բնական գազից ստանալ արժեքավոր նպատակային նյութեր: Մեր կարծիքով դա հեռանկարային է Հայաստանի համար:  Գիտաժողովին մասնակցող համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականները նույնպես խոսեցին  դրա մասին և եկանք այն եզրահանգման, որ, այսպես կոչված, մեծ քիմիան կարող է նաև հենվել այդ ուղղության վրա, քանի որ բնական գազը, ի տարբերություն ածխի և նավթի, ավելի հեշտ է ներմուծել Հայաստան:

Ներկայացված են աշխատանքներ նաև կյանքի մասին գիտության վերաբերյալ, մասնավորապես հետազոտություններ՝ կապված դեղամիջոցների, ներառյալ բնական ծագում ունեցող նյութերի և ԴՆԹ-ի միջև փոխազդեցության ուսումնասիրություններին: Մեծ հետաքրքություն ներկայացրեց պրոֆեսոր Վ.Ս. Պետրոսյանի զեկուցումը, որը վերաբերվում էր կանցեռոգեններին՝ քաղցկեղածին թունավոր նյութերին, որոնք հարուցում են օնկոլոգիական հիվանդություններ և հենց Հայաստանի օրինակով այն բավականին մեծ ուշադրության արժանացավ, հետաքրքրվեցին նաև Բնապահպանության և Առողջապահության նախարարությունները:

Պարոն Թավադյան, ի՞նչ աշխարհագրություն ուներ գիտաժողովը, թվով որքա՞ն գիտնականներ էին մասնակցում դրան:

«Քիմիական ֆիզիկայի արդի խնդիրները» 5-րդ միջազգային գիտաժողովին մասնակցում էին գիտնականներ Եվրոպայից, մասնավորապես՝ Ավստրիայից, ՌԴ տարբեր քաղաքների գիտական կենտրոններից, Ճապոնիայից, Կորեայից, Չինաստանից, թվով 66 հոգի: Բավականին ներկայացուցչական գիտաժողով էր, որի արդյունքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին համատեղ աշխատանքներ կատարելու և  համաձայնագրեր կնքելու տարբեր գիտական կենտրոնների հետ, մասնավորապես՝ ՌԴ Քիմիական ֆիզիկայի բնագավառում աշխատող ինստիտուտների և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի միջև: Քննարկվել են նաև համապատասխան ֆինանսական միջոցներ գտնելու ուղղությամբ ուղիներ՝ մեր գիտական համատեղ նախաձեռնությունները իրականացնելու նպատակով:

Գիտաժողովի շրջանակներում երիտասարդ գիտնականների համար նախատեսված էր  լավագույն զեկուցումների մրցույթ. ինչպես անցկացվեց այն, ովքե՞ր էին հաղթողներն ու հանձանժողովի անդամները:

Պետք է գոհունակությամբ նշեմ, որ երիտասարդների մասնակցության տոկոսը գիտաժողովում բավականին մեծ էր և այս մրցույթին էլ թվով 40 երիտասարդ գիտնականներ հանդես եկան բանավոր ու ստենդային զեկուցումներով: Հանձնաժողովը ներկայացուցչական էր, որի անդամներն արտասահմանցի գիտնականներն  էին: Ընտրվեց 16 գիտական աշխատանք, որից մրցանակներ  ստացան առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած անձինք: Նրանց շնորհվեցին հայկական օբսիդիանից՝ մեր պատվերով պատրաստված յուրահատուկ հուշանվերներ և համապատասխան հավաստագրեր: Նշեմ, որ գիտաժողովին մասնակցող բոլոր երիտասարդներին հանձնվեցին նաև մասնակցության հավաստագրեր՝ իմ և Մոսկվայի Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտական ղեկավար՝ ՌԴ ԳԱ ակադեմիկոս Ալ. Բեռլինի ստորագրությամբ: Նաև մեծ ուրախությամբ ու հպարտությամբ արձանագրեմ, որ երիտասարդները բարձր մակարդակի ու բովանդակալից աշխատանքներ էին ներկայացրել և մեծ ոգևորություն էին ապրում. սա շատ կարևոր հանգամանք է:

Պարոն Թավադյան, խոսեցիք երիտասարդների տեղի ու դերի կարևորության մասին, կասեք բացի վերոնշյալից ի՞նչ քայլեր եք ձեռնարկում երիտասարդներին գիտության մեջ ներգրավելու համար:

Ինչպես արդեն ասացի՝ պատրաստվում ենք համաձայնագրեր կնքել քիմիական ֆիզիկայի ինստիտուտների, Մոսկվայի Լոմոնոսովի անվ. Պետական համալսարանի քիմիական ֆակուլտետի հետ: Ունենք երկկողմանի պայմանագրեր, համաձայնագրեր տարբեր ուղղություններով աշխատող գիտական խմբերի հետ: Ունենք նաև երիտասարդների ‹‹փոխանակում կատարելու›› պայմանավորվածություն, որպեսզի նրանք առաջատար գիտական կենտրոններում ծանոթանան ընթացիկ աշխատանքներին, այնտեղի փորձը բերեն այստեղ, նրանց երիտասարդ գիտնականները ևս աշխատեն մեզ հետ և այսպես շարունակ, որը կարևոր  քայլ է երիտասարդներին ամբողջովին գիտության ոլորտում ներգրավելու համար:

Ամփոփելով գիտաժողովը՝ խոսենք արդյունքների, համագործակցության հեռանկարների, ինչպես նաև հյուրերի տպավորությունների մասին:

Ասեմ, որ բուն գիտական աշխատանքներից բացի, ծրագրում նաև էքսկուրսիաներ էին ներառված.  կային գիտնականներ, ովքեր եկել էին իրենց կանանց հետ (բնականաբար վերջիններս բուն գիտաժողովին չէին մանակցում, ներկա էին միայն դրա բացման օրը) և նրանց համար նախատեսված էր հատուկ էքսկուրսիոն ծրագիր՝ ինչպես քաղաք Երևանում՝ Մատենադարան, Կոնյակի գործարան, Ծիծեռնակաբերդ, Սարյանի, Փարաջանովի անվ. տուն-թանգարաններ, այնպես էլ քաղաքից դուրս՝ Հայոց այբուբենի հուշարձան, Սաղմոսավանք-Ամբերդ և Գառնի-Գեղարդ-Սևան հետաքրքիր ճանաչողական, շաբաթօրյա զբոսանք մաքուր օդում՝ գիտաժողովի փակումից հետո: Մարդիկ շատ շոյված էին նման վերաբերմունքից: Նրանցից շատերն առաջին անգամ էին Հայաստանում և գիտական մասից զատ, ծանոթացան նաև հայ ժողովրդի մշակույթին, որը ոչ պակաս կարևոր է:

Ամփոփելով՝ նշեմ նաև, որ եղան առաջարկներ և արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ մեր հաջորդ ավանդական դարձած գիտաժողովը, որը տեղի կունենա 3 տարի հետո, կունենա ավելի լայն աշխարհագրություն և այդ անգամ ևս հատուկ ուշադրություն կդարձվի կիրառական աշխատանքներին, որն ինչպես մեզ մոտ, այնպես էլ ողջ աշխարհում շեշտադրված  հարց է:

              Զրուցեց Մերի Եղիազարյանը

Leave a Response