ԳլխավորԿյանքը de factoՀամայնքներ

‹‹Եթե անհրաժեշտություն լինի՝ բոլորս էլ կգնանք››

67.1kviews

 

gmpress.am-ն իր հրապարակումներում բազմիցս անդրադարձել է ապրիլ ամսին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին թշնամու կողմից սկսած լայնածավալ ռազմական գործողություններին՝ իրենց զարգացումներով, հետևանքներով ու ելքով՝ ներկայացնելով նաև բոլոր այն օգնությունների մասին տեղեկատվությունը, որ ուղարկվում է սահման: Այս անգամ Արարատի մարզ մեր հերթական այցելության ժամանակ՝ մինչ Ազատավանի գյուղապետ Ս. Խաչատրյանի հետ կանցնեինք բուն զրույցին՝ համայնքի վիճակի, առօրյայի և խնդիրների մասին՝ առաջնահերթ զրուցեցինք, բնականաբար, սահմանային իրավիճակի շուրջ: Ինչպես փաստում է գյուղապետը, բոլորի պես իրենք ևս իրենց լուման են ներդրել այդ կարևորագույն գործում՝ աջակցություն ցուցաբերելով ԼՂՀ-ին, մեր քաջ զինվորներին՝ սնունդ, ծխախոտ և առաջին անհրաժեշտության իրեր ուղարկելով սահման: ‹‹Այս պահին սահմանին գյուղից 20 և ավելի զինվոր ունենք, չորս կամավոր, բարեբախտաբար, վիրավորներ և զոհեր չունենք: Մենք համայնքի ղեկավարներով ցանկություն ենք հայտնել սահման գնալու, բայց ասվել է, որ այստեղ մեր օգնության կարիքն ավելի շատ կա. եթե անհրաժեշտություն լինի բոլորս էլ կգնանք, երկու տղա էլ ես ունեմ, որոնք ամեն վայրկյան պատրաստ են մեկնելու հայրենիքի պաշտպանության սուրբ գործին››- ասաց գյուղապետը:

Վերադառնալով համայնքի առօրյային՝ նշենք, որ մայրաքաղաք Երևանից 22 կիլոմետր դեպի հարավ գտնվող Ազատավանում բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն է, մասնավորապես՝ այգեգործությունը, խաղողագործությունը, բանջարաբուծությունը, շատ քիչ՝ նաև անասնապահությունը: Անդրադառնալով ասֆալտապատման ու փողոցային լուսավորության, ոռոգման և խմելու ջրերի խնդրին՝ Ս.Խաչատրյանն ասաց. ‹‹Խմելու ջրագծերի մոտ 80 տոկոսն անցած տարի փոխվել են, ջուրը բնակչությանը մատակարարվում է ամեն օր՝ ժամը 9-ից 16-ը: Ոռոգման ջրի խնդիր չունենք: Խճապատված են գյուղի համարյա բոլոր փողոցները, միայն գլխավոր, պետական ճանապարհը՝ Երևան-Արտաշատ մայրուղին է ասֆալտապատ: Ասֆալտապատումը թանկ հաճույք է, մեր միջոցներով այն իրականացնելն անհնար է: Միայն դպրոցի ճանապարհն ենք ասֆալտապատել՝ գյուղապետարանի միջոցներով:

Գլխավոր մայրուղու լուսավորության աշխատանքները վաղուց ենք կատարել, խնդիր, որպես այդպիսին չունենք, հիմա անցել ենք գյուղամիջյան փողոցների լուսավորությանը››:

‹‹Ունենք դպրոց՝ վերանորոգված, ջեռուցման համակարգով, որի մեջ մեր լուման ունենք՝ գազաֆիկացումը գյուղապետարանի միջոցներով ենք կատարել: Մանկապարտեզ չունենք, ցավոք սրտի, բայց նախագծում ենք նաև մանկապարտեզի կառուցումը. ունենք խորհրդային տարիների կիսակառույց, տիպային մանկապարտեզ, որը հիմա նպատակ ունենք վերակառուցելու: Հանդիսությունների սրահ ենք նախագծել կառուցել՝ նախատեսված մոտավորապես 180-200 հոգու համար՝ իր բոլոր հարմարություններով, որի փաստաթղթային աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Եթե ամեն ինչ լավ լինի, ընթանա ըստ պլանավորածի՝ մտադիր ենք աշխատանքներն ավարտին հասցնել ընթացիկ տարում: Կենտրոնական մասի այգին ևս բարեկարգելու ենք: Այնտեղ ունենք խաչքար ՝ Եղեռնի զոհերի և հուշակոթող՝ Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին նվիրված, որոնք կմնան, իսկ հետևում արդեն այդ բարեկարգման աշխատանքները կկատարվեն: Նշեմ, որ նախագիծն արդեն արված է:

 

Ունենք բուժամբուլատորիա, որի տանիքը վերանորոգել ենք, և այս տարվա կատարվելիք աշխատանքների մեջ է մտնում նաև դրա ներքին հարդարման, վերանորոգման աշխատանքները: Գյուղապետարանի շենքն, ինչպես տեսնում եք, լավ վերանորոգել ենք՝ տանիքից մինչև նկուղ››,- խոսելով քառամյա ծրագրով, մինչև տարեվերջ նախատեսված աշխատանքների մասին ասաց համայնքապետը:

Վերջում մեր բովանդակալից, կարճատև զրույցն Ազատավան համայնքի ղեկավարն ավարտեց պարզ ու անկեղծ ցանկությամբ. ‹‹Ես կուզենայի, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին այս լարված իրավիճակն իր լուծումը գտնի խաղաղ, բանակցային ճանապարհով, որ մեր ժողովուրդն անցնի իր բնականոն, հանգիստ կյանքին, լարվածությունն անցնի, այլևս մարդկային նման անդառնալի կորուստներ չունենանք›› :

Հեղինակ՝ Մերի Եղիազարյան

Leave a Response