ԳլխավորԿյանքը de factoՀամայնքներ

‹‹Եթե միասնական չլինենք՝ առանձին դժվար կլինի ապրելը››

70.2kviews

Կոտայքի մարզի Զովք գյուղում բնակչության (1040 մարդ) հիմնական զբաղվածությունը դաշտավարությունն է, այգեգործությունն  ու անասնապահությունը։ Քաղաքին մոտ գտնվելու հանգամանքն առավելություն է զովքեցիների համար, քանզի այդպիսով ապրանքի իրացումն ավելի հեշտ է կատարվում: Գյուղում գործում է նաև ‹‹Չանախ›› պանրի գործարանը. բնակիչների մի մասն այստեղ է հանձնում կաթնամթերքը, մնացածը՝ Երևանի շուկաներում:

‹‹Դժվար է գյուղի կյանքը, բայց դե ինչ արած, մարդիկ ապրում են, արարում, վարում, ցանում: Մեր կլիման այնպիսին է, որ ջրվող տարածքներ քիչ ունենք, բայց դե մշակում ենք, եկամուտ թեկուզ քիչ, բայց կա, մարդիկ կարողանում են գոյատևել: Զբաղվածությունը հիմնականում անասնապահությունն է, հողագործությունը. ցանում են բոլոր տեսակի մշակաբույսեր՝ ցորեն, գարի, հաճար և այլն: Երևան քաղաքին մոտ գտնվելու հանգամանքն էլ  նպաստավոր է շատ հարցերում, նաև՝ աշխատանքի առումով››,- մեզ հետ զրույցում ասաց Զովք համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանը:
Գյուղապետի խոսքով՝ համայնքում մշտապես կատարվել և կատարվում են համապատասխան աշխատանքներ, սակայն, այդուհանդերձ, բազմաթիվ խնդիրներ կան, որոնք բնորոշ են շատ գյուղական համայնքների, մասնավորապես՝ ասֆալտապատման վիճակն է այսօրվա դրությամբ գլխավոր խնդիրներից մեկը: Համայնքապատկան ճանապարհները ասֆալտապատված չեն, սակայն մշտապես ավազով խճալցման աշխատանքներ են կատարվում, բայց քանի որ գյուղի հիմնական մասը թեքության վրա է գտնվում՝ անձրևներից հետո (առավելապես այս տարի տեղումնառատ է), նորից այդ թեքությունից ավազը մաքրվում է: Ճանապարհային վիճակն անմխիթար է, պետք է ասֆալտապատվի, բայց, ինչպես ցավով նշում է գյուղապետը, դա մեծ ծախսերի հետ է կապված, համենայնդեպս, այս տարի  չեն կարող անել:

Խմելու ջրի վիճակն, ընդհանուր առմամբ, նորմալ է, հիմա բնակչությունն ինքնահոս ջուր ունի: Կառուցված նոր թաղամասում միայն ջրի կարիք կա, բայց, ամենայն հավանականությամբ, խորքային հորերով կապահովվի այդ հատվածի ջրամատակարարումը ևս:  Խնդիրներ կան ոռոգման ջրերի հետ կապված. ջրի քչություն կա:

Աղբահանությունն իրականացվում է համայնքապատկան մեքենայով՝ շաբաթը մեկ անգամ, կիրակի օրը, որը փոքր գյուղի պարագայում նորմալ է:

Խնդիրների հետ մեկտեղ պարոն Գևորգյանը մեզ հետ կիսվեց նաև ներկայումս իրականացվող շատ կարևոր գործի լուրով. ‹‹Համայնքի ուժերով հանդիսությունների սրահ ենք կառուցում, հունիս-հուլիս ամիսներին նախատեսում ենք ավարտել, գումար ունեինք, բայց դե խնդիրները շատ էին՝ մանկապարտեզի վերանորոգման խնդիր ունենք, դպրոցն վէլ մի լավ վիճակում չի, ասֆալտապատումը, ջուրը, մի խոսքով խնդիրները շատ են, ուղղակի որ համայնքի բնակիչների հետ միասին ժողովի ժամանակ որոշեցինք, որ այս սրահն ավելի կարևոր է, քանզի արարողությունների համար տեղ չունեինք, դպրոցի՝ ֆիզկուլտուրայի համար նախատեսված սրահում էինք անում, մի քիչ անհարմար էր, ասենք, սգո արարողություն իրականացնելն այնտեղ, ստիպված մեր բոլոր ջանքերը ներդրեցինք՝ համապատասխան սրահ կառուցելու համար››:

‹‹Փողոցային լուսավորություն ունենք, հիմնականում կենտրոնական մասը լուսավորված է, բայց երկու փողոց կա՝ համայնքի ներսի երկրորդական փողոցներից, որ լուսավորված չեն:

Դպրոցի վիճակը լավ չի, տանիքը տեղ-տեղ կոտրված է, ջուրը ներս է լցվում, վերջերս քամուց տանիքի թիթեղյա ծածկույթը մի քիչ պոկվել էր՝ դա ենք դրել, բայց դեռ ահագին գործ ունենք այդտեղ: Դպրոցում ջեռուցում կա, բայց դե պատուհանները փայտյա են, հին, մեծ անցքերով որն էլ տաքությունը չի պահում ներսում: Տաքությունը պետք է կարողանանք պաշտպանել, այսպես ասած, որ այն դուրս չգա, իսկ ցուրտը՝ ներս չգա:

Մանկապարտեզի շենքն ամբողջությամբ քանդված է, շատ անմխիթար վիճակում է գտնվում, այնքան, որ չի գործում և երեխաներին մարդիկ ստիպված հարևան Ձորաղբյուրի և այլ մանկապարտեզներ են տանում: Տանիքի թիթեղից մի հատված, կեսը բյուջեի միջոցներով փոխել ենք, բայց մյուսն այս տարվա ընթացքում կանենք, հետո արդեն վերանորոգում է պետք անել, որը բավականին մեծ աշխատանք է պահանջում  և, բնականաբար, սա ևս այս տարի հնարավոր չէ իրականացնել:

Խնդիրներով հանդերձ՝ մեր ժողովուրդը շատ աշխատասեր է ու համախմբված, բողոք չկա, ինչքան հնարավորություն ունենում ենք՝ իրենց կողքին կանգնած ենք, իրենք էլ համայնքին են օգնում ցանկացած հարցով: Ինչպես ասում են՝ մեկս մյուսով, օրինակ՝ այսօր մի քսան հոգի գնացել են արոտավայրերի շարքից դուրս եկած ջրի խողովակները նորոգելու: Մարդիկ անհատույց, իրենց կամքով միասին գալիս-գնում, օգնում են իրար, դե այսօր բոլորի վիճակն էլ այնպիսին է, որ եթե միասնական չլինենք՝ առանձին դժվար կլինի ապրելը››,- հոգսերի շարանը այսպիսի  լավատեսական նոտայով եզրափակեց համայնքի ղեկավարը, ինչպես նաև, որպես իսկական հայ, իր սրտի անկեղծ խոսքն ու ցանկությունն ուղղեց բոլորիս. ‹‹Կուզեի, որ աշխարհում խաղաղություն լինի, մասնավորապես մեր երկրում և գլխավորապես սահմանամերձ շրջաններում: Ուզում եմ, որ Ղարաբաղյան հարցն ի շահ մեզ լուծվի, մեր զինվորներն էլ ողջ ու առողջ վերադառնան իրենց ծնողներին: Թող կորուստներ չունենանք այլևս, ափսոս, քիչ ենք, մենք շատ  քիչ ենք:

Կուզենայի նաև, որ Հայաստանի տնտեսական վիճակը լավ լիներ, մարդիկ բարվոք ապրեին, արտագաղթ չլիներ››:

Հեղինակ՝ Մերի Եղիազարյան

Leave a Response