Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
118views
Աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել Կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչի ժամկետը երկարաձգել մինչև 2031 թ․ դեկտեմբերի 31-ը։
Միաժամանակ, նախատեսվում է ծրագրում կատարել որոշակի փոփոխություններ՝
- աջակցության չափը սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից և հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի չափից,
- ընտանիքի՝ այլ գույք չունենալու պայմանն առավել նպատակային կիրառելու համար, պայմանի ստուգումն իրականացնել դիմելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների կտրվածքով, որպեսզի բացառվեն գույքի պայմանական օտարումները,
- անշարժ գույքի արժեքի սահմանաչափն անկախ երեխայի կարգաթվից սահմանել 40 մլն դրամ՝ հաշվի առնելով անշարժ գույքի շուկայում տեղի ունեցած գնաճը,
- հաշվի չառնել դիմելու օրվա դրությամբ 12 ամիս մարումների առկայությունը և հնարավորություն տալ շահառուներին երեխայի ծնվելուց հետո՝ մինչև նրա 1 տարին լրանալը դիմել և ստանալ աջակցությունը։
Նախագծի հաստատումից հետո այն ուժի մեջ կմտնի 2027 թ․ հունվարի 1-ից։
add a comment





