Միջազգային

Թուրքիայի նախագահը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին

752views

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, Թուրքիայի նախագահը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ տարածաշրջանում խաղաղության առումով Թուրքիայի կողմից դրական ազդակներ կան, ասել է, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորմանը։

Էրդողանն ասել է, որ տարածաշրջանին կառուցողական մոտեցում է պետք։ «Եթե նույնիսկ կան տարաձայնություններ, հարևանների հետ հարաբերությունները պետք է զարգացնել տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը հարգելու հիման վրա։ Մենք կարող ենք աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, որի նոր կառավարությունը հայտարարել է այդ ուղղությամբ շարժվելու պատրաստակամության մասին»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահի խոսքով՝ տնտեսական զարգացման հարցերով զբաղվելը և համագործակցության համար պայմաններ ստեղծելը հնարավոր են միայն կայուն խաղաղության ապահովումից հետո։

Էրդողանը կրկին անդրադարձել է այսպես կոչված «Վեցի հարթակ»-ին, որին կարող են մասնակցություն ունենալ Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը, Հայաստանը, Վրաստանը։ Նրա խոսքով՝ եթե այդպիսի հարթակի կազմակերպումը հնարավոր դառնա, տարածաշրջանում շատ ավելի հանգիստ կլինի։

Նա հավելել է, որ տարածաշրջանում անհրաժեշտ է երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ կառուցել, «որոնք երկրների կկապեն, և այդպիսով շատ խնդիրներ կհաղթահարվեն»։

Օգոստոսի 27-ին ՀՀ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ տարածաշրջանային խաղաղության առումով Թուրքիայի կողմից որոշակի դրական ազդակներ կան։ «Մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանենք»,- ասել էր ՀՀ վարչապետը։

Leave a Response