Կյանքը de facto

Կայացած արտահերթ ընտրությունների ընթացքում ընտրական հանցագործություններ կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 47 անձի նկատմամբ, 40-ը՝ ընտրակաշառք տալու և ստանալու համար. ամփոփում

484views

Հանրային իրազեկումն ապահովելու նկատառումով ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում առերևույթ ընտրական հանցագործությունների, ինչպես նաև ընտրական չհանդիսացող, սակայն ընտրություններով պայմանավորված այլ բնույթի առերևույթ հանցավոր արարքների վերաբերյալ ստացված հաղորդումներով իր իրավասությունների շրջանակում դատախազության հսկողության ներքո իրավապահ մարմինների կողմից իրականացված աշխատանքների արդյունքները: Այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից։

Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ 2021թ. հունիսի 25-ի դրությամբ հարուցվել է 37 քրեական գործ:

Դրանցից՝

·               23-ը հարուցվել է առերևույթ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրակաշառքի միջնորդության հատկանիշներով, ընդ որում՝ դրանց գերակշիռ մասը՝ կատարված ծանրացուցիչ հանգամանքներում,

·               3-ը՝ ընտրողներին քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու կամ խոչընդոտելու,

·               2-ը՝ տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի,

·               1-ը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առերևույթ կեղծ քվեաթերթիկներ պատրաստելու և իրացնելու,

·               1-ը՝ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, նյութապես շահագրգռելով ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու,

·               1-ը՝ 2 և ավելի անձանց ընտրություններին մասնակցելուն, կուսակցությունների կամ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու,

·                 1-ը՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու,

·               1-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելու,

·               4-ը՝ կապված պաստառների վնասման հետ, գույքային վնաս հասցնելու հատկանիշներով:

Նշված քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել 47 անձանց նկատմամբ, որոնցից 26-ին առաջադրվել են մեղադրանքներ, իսկ 11 անձ ունի կասկածյալի դատավարական կարգավիճակ:

Նշված 47 անձանցից, մասնավորապես՝

·    22-ը մեղադրվում կամ կասկածվում է ընտրակաշառք տալու համար,

·    18-ը՝ ընտրակաշառք վերցնելու համար,

·    2-ը՝ մեղադրվում է քվեարկության գաղտնիությունը խախտելու համար,

·    1-ը՝ ընտրողներին քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու կամ խոչընդոտելու,

·    1-ը՝ քարոզչական պաստառի վնասմամբ գույքային վնաս պատճառելու համար,

·    1-ը՝ մի քանի անձանց ընտրություններին մասնակցելուն, կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու:

·    1 անձ կասկածվում է մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու մեջ,

·    1-ը՝ տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու մեջ,

Ընտրակաշառք տալու համար տարբեր քրեական գործերով մեղադրանքներ են առաջադրվել, ի թիվս վերոնշյալների, նաև հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 2 դաշիքնների և 1 կուսակցության պատգամավորության թեկնածուների ցուցակներում ընդգրկված 5 անձանց, իսկ թեկնածուներից մեկը, ում ձերբակալումը ոչ իրավաչափ էր ճանաչվել դատարանի որոշման արդյունքում, արգելանքից ազատ արձակվելուց հետո լքել է  ՀՀ տարածքը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Բոլոր 6 թեկնածուների, ինչպես նաև քրեական գործերով որպես մեղադրյալ ընդգրկված ևս 11 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հարուցված քրեական գործերով շարունակվում են քննչական, դատավարական, օպերատիվ-հետախուզական բազմածավալ միջոցառումները՝ հանցավոր դրսևորումներում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, հանցագործությունները լիարժեք բացահայտելու ուղղությամբ:

Բացի այդ, առերևույթ ընտրական հանցագործությունների վերաբերյալ բազմաթիվ հաղորդումների, ահազանգերի հիման վրա շարունակվում է քրեադատավարական կարգով նյութերի նախապատրաստման գործընթացը: Հաշվի առնելով այս հանգամանքները՝ ՀՀ գլխավոր դատախազությունն առաջիկայում ևս պարբերաբար կներկայացնի քրեական վարույթների շրջանակներում իրավապահ մարմինների աշխատանքների արդյունքները:

Leave a Response