ԱռողջապահությունԳլխավոր

Կայացավ Ներքին Հիվանդությունների Բժշկության Հայկական Ասոցիացիայի առաջին ժողովը

898views

Ինչպես վաղօրոք տեղեկացրել էինք, սույն թվականի ապրիլի 25-ին տեղի ունեցավ Ներքին Հիվանդությունների Բժշկության Հայկական Ասոցիացիայի անդրանիկ ժողովը՝ թերապևտ-սրտաբան Լամարա Մանուկյանի նախաձեռնությամբ և նախագահությամբ: Ժողովին ներկա էին Հայկական բժշկական ասոցիացիայի և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, բ.գ.դ. Արմեն Սողոյանը, Գերիատրիայի և գերոնտոլոգիայի ասոցիացիայի նախագահ Արթուր Թորոսյանը և փոխնախագահ Լիլիթ Մուրադյանը, Երիտասարդ Բժիշկների Հայկական Ասոցիացիայի նախագահ Եվա Չիչոյանը և մյուս անդամները, ԵՊԲՀ-ի պուլմո-նևֆրոլոգիայի (նախկին թերապիայի թիվ 3) ամբիոնի վարիչ, բ.գ.դ․, պրոֆեսոր Արմինե Մինասյանը, ԵՊԲՀ-ի Թերապիայի կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., ԵՊԲՀ-ի ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի (նախկին թերապիայի թիվ 2) ամբիոնի վարիչ,  դոցենտ Զինաիդա Ջնդոյանը, ԵՊԲՀ-ի պոլիկլինիկայի ղեկավար Աննա Բալյանը, թիվ 2 Բուժմիավորման բուժական գծով տեղակալ՝ Հասմիկ Կակոսյանը, չգործող վաստակավոր թերապևտ, սպորտային բժիշկ՝ Սուսաննա Մուրադյան, ընդհանուր պրոֆիլի բժիշկներ, թերապևտներ, նեղ մասնագետներ և այլոք:

Լուսանկարը՝ gmpress.am-ի

Միջոցառման բացումը պաշտոնապես ազդարարվեց «ՆՀԲՀԱ»ՀԿ-ի նախագահ Լամարա Մանուկյանի ելույթով, ով ողջունելով ներկաներին՝ ընդգծեց, որ սա ոչ թե գիտաժողով է, այլ հանդիպում սիրելի թերապևտների հետ, այնուհետև տեղեկացրեց, որ «Թերապիայի հայկական ասոցիացիան» լուծարվել է 2016թ.-ին և  խորհրդակցելով ասոցիացիայի նախկին նախագահ՝ Մ.Նարիմանյանի հետ որոշվեց ոչ թե վերականգնել այն, այլ բացել նորը՝ նոր ձևաչափով. «Ես ուզում եմ, որ այս ոլորտը Հայաստանում վերջապես հասնի միջազգային այն մակարդակի, երբ թերապիան զիջի իր տեղը ինտերնոլոգիային, և թերապևտը կարողանա բուժել ու վարել համակցված ախտահարումներով հիվանդներին՝ կանխելով ռիսկի գործոնները և վաղաժամ  ծերությունը, ապահովելով բարձր կյանքի որակ: Ես, լինելով  Թերապևտների Եվրասիական Ասոցիացիայի Պատվավոր անդամ և Հայաստանի տարածաշրջանի նախագահ, միշտ հիացել եմ նրանց թերապևտների աշխատելաոճով, երբ տեղամասային թերապևտը՝ առողջության առաջնային պահպանման օղակի բժիկը ինքնուրույն է վարում տարիներ շարունակ քրոնիկ համակցված հիվանդություններ ունեցող բուժառուին և հազվագյուտ դեպքերում է դիմում նեղ մասնագետին՝  համատեղ խորհրդատվության։ Իսկ այսօր մեզ մոտ առաջնային օղակը հիմնականում կոորդինատորի դեր է իրականացնում՝ հիվանդին ուղղորդելով մեկ մասնագետից մյուսի մոտ, որից հետո հենց ինքը՝ թերապևտը հասկանում է, որ այդ քանակի դեղորայքը ստեղծում է անհարմարավետություն (պոլիպրագմազիա) ՝  հատկապես տարեց հիվանդների մոտ և չի իմանում, թե ինչպես վարի նման հիվանդին, իսկ նրանք,  հիմնականում, խրոնիկ հիվանդներն են, ովքեր երկարատև բուժման  և վարման կարիք ունեն: Վերոնշյալ և նմանատիպ բոլոր միջազգային կառույցների հետ պատրաստվում ենք համագործակցել ու նրանց աշխատանքի ոճը, կրթության, ուսուցանելու, բուժելու, վարելու հմտությունները անպայման կներդնենք Հայաստանում, և ես հուսով եմ, որ կբարձրանա թերապևտի, այսինքն՝ ինտերնիստի, ներքին հիվանդությունների բժիշկի  հանդեպ վստահությունն ու հարգանքը:

Պետք է նշեմ, որ ասոցիացիան բացվել է մարտի 5-ին, ինձ համար շատ նշանակալից օր՝ աղջկաս ծննդյան օրը։  Ակնկալում եմ համատեղ բեղուն աշխատանք և ակտիվ անդամագրություն։ ՆՀԲՀԱ անդամները ինքստինքյան դառնում են ԹԵԱ անդամ » , — նշեց բժշկուհի Մանուկյանը:
Բժշկուհին ընթերցեց նաև ասոցիացիայի  կանոնադրությամբ հաստատված նպատակները, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
1) նպաստել առողջապահության առաջընթացին, հասարակության ֆիզիկական և հոգևոր զարգացմանը,
2) աջակցել ներքին հիվանդությունների բժշկության բնագավառում ձեռք բերված գիտելիքների, գիտության և տեխնիկայի նվաճումների, միջազգային առողջապահության փորձի ներդրմանը ՀՀ-ում,
3) նպաստել առողջության առաջնային պահպանման / ԱԱՊ / օղակի և ընտանեկան
բժիշկների, թերապևտների գիտելիքների և մասնագիտական հմտւթյունների
բարձրացմանը՝ համաձայն միջազգային չափորոշիչների և ուղեցույցների,
4) մշակել և կիրառել ներքին հիվանդությունների համակցված ախտահարումների
/կոմորբիդ / և ախտաբանական վիճակների /պոլիմորբիդ / բուժման եղանակները և
վարման մարտավարությունը՝ համապատասխան արդի բժշկության պահանջներին,
5) նստեղծել երիտասարդ և ուսումնառող թերապևտների սեկցիա,
6) մասնակցել տվյալ ասոցիացիայի պրոֆիլին վերաբերվող օրենսդրական և այլ
նորմատիվային ակտերի մշակմանը,
7) նպաստել բուժհիմնարկների գիտական և նյութատեխնիկական բազայի
ամրապնդմանը և բարելավմանը,
8) գտնել համագործակցության ուղիներ և կապեր հաստատել արտերկրյա
մասնագետների, ընկերությունների, միությունների և բժշկական կենտրոնների
հետ՝ հնարավորութjուն տալով երիտասարդ բժիշկներին մասնագիտացում
ստանալ և վերապատրաստվել ՀՀ-ից դուրս,
9) կազմակերպել գիտաժողովներ, սիմպոզիումներ, գործնական սեմինարներ,
ինչպես նաև՝ մասնակցել միջազգային բժշկության ասսպարեզում ներքին
հիվանդություններին վերաբերվող միջոցառումներին,
10) օրենքով սահմանված կարգով իրականացնել պարբերական
հրապարակումներ, ինչպես հայկական, այնպես էլ միջազգային
հրատարակչություններում,
11) ամենուրեք ապահովել ասոցիացիայի անդամների սոցիալ — իրավական և
բարոյական պաշտպանությունը,
12) ակտիվորեն մասնակցել ՀՀ ազգաբնակչության բժշկական օգնության
ցուցաբերմանը՝ կազմակերպելով խորհրդատվություններ բարեգործական
հիմունքներով տարբեր մարզերում՝ տարեցների և անապահոով խավերի համար,
13) բարձրացնել ազգաբնակչության իրազեկվածությունը հիվանդությունների
մասին և պատասխանատվությունը առողջության պահպանման հարցում,
14) աջակցել կանխարգելիչ բժշկության զարգացմանը ՀՀ-ում՝ նվազեցնելով
սիրտ-անոթային պատահարները, շաքարային դիաբետի նոր դեպքերը,
օնկոհիվանդությունները, ՔԹՕՀ-երը և այլն, ինչպես նաև՝ կանխելով վաղաժամ
ծերությունը՝ ապահովել տարեցների կյանքի բարձր որակ, առողջ և ակտիվ
երկարակեցություն,
15) նպաստել ՀՀ-ում առողջ ապրելակերպի քարոզչությանը ։

Ելույթով հանդես եկավ նաև ‹‹Հայկական բժշկական ասոցիացիայի›› և «Հայկական հոգեբուժական ասոցիացիայի» նախագահ՝ Արմեն Սողոյանը, ով ողջունելով  նախաձեռնությունը, կարևորեց ներքին հիվանդությունների ոլորտում գիտական մակարդակի և  մասնագիտական հմտությունների բարձրացումը և ասաց, որ, այն մասնագետները, ովքեր իրոք կկարողանան զբաղվել ներկայացված հարցերով՝ ֆինանսական խնդիր ևս չեն ունենա, եթե ճիշտ աշխատեն և գրագետ մատուցեն։    «Այս գործընթացը, որ սկսում ենք, միանշանակ, զարգացման հեռանկարներ ունի, մնում է միասին համատեղ աշխատենք ու իրագործենք: Ցանկանում եմ ձեզ համոզվածությամբ վարակել, որ հետևողական աշխատանքը չի կարող անարդյունք մնալ»,- նշեց նա:

Իր շնորհավորանքի խոսքով և ՆՀԲՀԱ –ին աջակցելու պատրաստակամությամբ հանդես եկավ պրոֆեսոր Արմինե Մինասյանը՝ բարձրաձայնելով ներքին հիվանդությունների  ներկա հիմնախնդիրները և զարգացման ուղիները Հայաստանում։

Լուսանկարը՝ gmpress.am-ի
Լուսանկարը՝ gmpress.am-ի

Ելույթներն ուղեկցվեցին ակտիվ հարց ու պատասխանով և առաջարկներով, որոնց հաջորդեցին անդամագրությունները, գիտական և գործադիր խորհրդի և այլ պաշտոնների ընտրության արարողությունները: Ասոցիացիայի պատվավոր անդամներ ընտրվեցին Արմինե Մինասյանը, Զինաիդա Ջնդոյանը, Աննա Բալյանը, Հասմիկ Կակոսյանը և Սուսաննա Մուրադյանը։

Այնուհետև համագործակցության հուշագրեր կնքվեցին Գերիատրիայի և Գերոնտոլոգիայի Հայկական Ասոցիացիայի  և Երիտասարդ Բժիշկների Հայկական Ասոցիացիայի  միջև :

Լուսանկարը՝ gmpress.am-ի

Բժշկուհի Մանուկյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին  ներկայության և աջակցության, ինչպես նաև՝ բարձր հետաքրքրություն ցուցաբերելու համար՝ ներքին հիվանդությունների ոլորտի հանդեպ և, հատկապես, առանձնահատուկ շնորհակալությունն ուղղեց 50-ամյա թերապևտի փորձ ունեցող իր մայրիկին՝ բժշկուհի Մուրադյանին՝ կարևորելով նրա դերը իր մասնագիտության  ընտրության, գիտելիքների  ձեռքբերման գործում:

gmpress.am-ի դիտարկմանը, թե ընտրված է ամենաբարդ ոլորտը՝ մասնագիտական գիտելիքների և հմտությունների բարձրացմանը և թերապևտների հանդեպ մարդկանց վստահության և հարգանքի վերականգման առումով արդյո՞ք չեն վախենում դժվարություններից, բժշկուհի Մանուկյանը պատասխանեց, որ բացարձակապես չի վախենում և գիտի, որ հաղթահարվելու է ցանկացած դժվարություն, որովհետև իր շուրջն արդեն շատ մեծ թիմ է հավաքվել և սա այն «ծարավն» է թերապևտիկ աշխարհում, որ իրենք՝ ինտերնիստները պետք է լրացնեն, կոչ անելով համապատասխան մասնագետներին ու կառույցներին միանալ ‹‹Ներքին Հիվանդությունների Բժշկության Հայկական Ասոցիացիայի››-ին ՝ միասին իրականացնելու այդ պատասխանատու և կարևորագույն գործը:
Ժողովն ավարտվեց «ՆՀԲՀԱ»ՀԿ ծննդյան և հյուրասիրություն գեղեցիկ արարողությամբ:

Լուսանկարը՝ gmpress.am-ի
Լուսանկարը՝ gmpress.am-ի
Լուսանկարը՝ gmpress.am-ի

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հեղինակ՝ Մերի Եղիազարյան

Leave a Response