Կյանքը de facto

Կիրակի օրերին Երևանի Ա և Բ գոտիների կարմիր գծերում կայանելն անվճար կլինի․ նախագիծն ընդունվեց

313views

Երևանի ավագանին 34 կողմ և 0 դեմ ձայների հարաբերակցությամբ կողմ քվեարկեց մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղերում կիրակի օրերին կայանելու նպատակով արտոնություն կիրառելու որոշմանը։ Նախագիծը Երևանի ավագանու՝ փետրվարի 7-ի արտահերթ նիստին ներկայացրեց առաջարկի հեղինակ, «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը:

Ըստ այդմ՝ Երևանի Ա և Բ գոտիների վճարովի ավտոկայանատեղիներում կիրակի օրերին կսահմանվի արտոնություն 2024 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ՝ ազատելով վարորդներին ավտոկայանատեղիներում տեղական վճարի վճարումից:

«Այսպիսի լավ առաջարկներով ենք հանդես գալիս, ոչ թե բոյկոտ ենք անում»,- հայտարարեց Վահան Ավագյանը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ «Հանրային ձայնի» առաջարկը տրամաբանական է և համահունչ այն նպատակներին, որոնք իշխող ուժն իր առջև դրել էր:

«Այս որոշումն ընդունելի է, քանի որ մենք ի սկզբանե հայտարարել էինք, որ որոշումը հավելյալ գումարներ հավաքագրելու համար չէ»,– ասաց Ավինյանը։

Նա նաև հիշեցրեց որ կարմիր գծերի հետ կապված կարգավորումները հիմնականում ուղղված են կարմիր գծերում կայանման հնարավորություն ստեղծելուն, այսինքն՝ ազատ տեղեր ունենալուն, և, իհարկե, որոշ չափով քաղաքի Կենտրոնը որոշակի բեռնաթափելուն

«Իհարկե, մենք կունենանք դեռևս ապագայում ավելի տեսանելի արդյունքներ: Գարնանը մի փոքր ավելի բացահայտ կլինի, թե ինչ արդյունք է ունեցել հենց կոնկրետ միայն այս նախագիծը, իսկ ընդհանուր առմամբ կիրակի օրերին կարմիր գծերն անվճար դարձնելու նախագիծն իրապես ընդունելի է, որովհետև մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ այս որոշումները հավելյալ գումարների հավաքագրման համար չեն արվում, այլ իրականում այլ նպատակներ են հետապնդում. հետապնդում են քաղաքը բեռնաթափելու նպատակը»,- ասաց Ավինյանը:

Leave a Response