«Համայնքի զարգացման շարունակականությունն ապահովելու համար կարևոր է յուրաքանչյուր քվե». Ղազար Ղազարյան

Հոկտեմբերի 25-ին ՀՀ մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում, սպասվում են ավագանու ընտրություններ: Այստեղ մրցակցում են երկու քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Արդարություն» կուսակցությունների դաշինքը։
Հավատարիմ մնալով օբյեկտիվ և բազմակողմանի լուսաբանման մեր սկզբունքին՝ ընտրողներին նախընտրական ծրագրերն ու մրցող ուժերի մոտեցումները ներկայացնելու նպատակով այս անգամ զրուցել ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Արաքսի գործող համայնքապետ Ղազար Ղազարյանի հետ՝ հասկանալու համայնքային կառավարման նրա տեսլականը և առկա խնդիրների լուծման գործնական ուղիները։
Ղազար Ղազարյանը, ով 2021 թվականից ղեկավարում է համայնքը, մեզ հետ զրույցում, անդրադառնալով կատարված աշխատանքներին, ընդգծեց, որ որդեգրել են համաչափ զարգացման մոդել՝ ռեսուրսները հավասարապես ուղղելով բոլոր բնակավայրերի կարիքներին։ Անդրադառնալով համայնքային բյուջեի կատարողականին և սուբվենցիոն ծրագրերին՝ նա նշեց, որ համայնքը դրանց իրականացման համար զգալի համաֆինանսավորում է հատկացնում, իսկ բյուջետային ցուցանիշները տարիների ընթացքում ոչ միայն կատարվել, այլև գերակատարվել են՝ հասնելով 100 տոկոսից ավելիի։
Նրա խոսքով՝ պետական աջակցության, սուբվենցիոն ծրագրերի և պետական կառույցների հետ համագործակցության արդյունքում համայնքում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ։ Գազաֆիկացման ուղղությամբ Արաքս, Մեծամոր և Հայկաշեն բնակավայրերում կառուցվել են նոր գազատարներ՝ Հայկաշենում 3.52 կմ երկարությամբ, ինչի արդյունքում լուծվել են տարիներ շարունակ առկա խնդիրները։
Ծավալուն աշխատանքներ են տարվել նաև ճանապարհաշինության ոլորտում․ Գրիբոյեդովում ասֆալտապատվել է 960 մետր ճանապարհ, իսկ 2026 թվականին Արաքս բնակավայրի Սևակի փողոցում իրականացվել է ավելի քան 62 միլիոն դրամի ասֆալտապատում (770 մետր)։ Միևնույն ժամանակ, մի շարք միջբնակավայրային և դեպի դպրոցներ, մանկապարտեզներ ու գերեզմանատներ տանող ճանապարհահատվածների ասֆալտապատման հարցերը գտնվում են մրցույթների, նախագծման կամ փորձաքննության փուլերում։ Ղազար Ղազարյանը նաև նշեց, որ աշխատանքներ են տարվում ուսանողների համար անվճար տրանսպորտ ապահովելու ուղղությամբ։
Զուգահեռաբար մեծ ուշադրություն է դարձվել կրթական, մշակութային և համայնքային ենթակառուցվածքներին․ Ջրառատի մանկապարտեզը հիմնանորոգվել ու ջեռուցվել է, Ակնաշենում մեկնարկել է բոլորովին նոր մանկապարտեզի կառուցումը, իսկ Մեծամորի և Առատաշենի մանկապարտեզների բակերը բարեկարգվել են։ Գայում հիմնանորոգվել է համայնքապետարանը, Արաքսում՝ մշակույթի տան այգին։ Պետական ծրագրերով նոր դպրոցներ են կառուցվում Ջրարբիում, Ջրառատում, Հայկաշենում, ավարտվել է Մեծամորի դպրոցի շինարարությունը, իսկ վեց բնակավայրերում վերանորոգվում են մշակույթի տները։
Գյուղատնտեսության և ոռոգման ոլորտում մեկնարկել է Արաքս բնակավայրի 94.8 միլիոն դրամ արժողությամբ պոմպակայանի կառուցումը, որը նոր շունչ կտա հողագործներին, ինչպես նաև արդիականացվել են խմելու և ոռոգման ջրի համակարգերը։ Իսկ արդիական կառավարման շրջանակում Կառավարության և GIZ-ի հետ համագործակցությամբ ստեղծվել է Քաղաքացիների սպասարկման ժամանակակից գրասենյակ, որն արմատապես փոխել է սպասարկման մշակույթը:
Մեր այն հարցին, թե ինչպես է իրականացվում ֆինանսական միջոցների կառավարումն ու խնայողությունների արդյունավետ բաշխումը, Ղազար Ղազարյանն ընդգծեց, որ պարզապես պետք է գումարների լավ կառավարում իրականացնել, միաժամանակ նշելով, որ յուրաքանչյուր լումա ներդրումը որտեղից էլ եկավ՝ կընդունեն, իսկ յուրաքանչյուր խնայողություն ուղղվում է միայն համայնքի կարիքներին։
Անդրադառնալով քարոզարշավի կազմակերպմանը՝ Արաքսի գործող համայնքապետն ասաց, որ հանդիպումներն անցկացնում են հիմնականում շաբաթ և կիրակի օրերին՝ հնարավորինս շատ բնակիչների հետ հանդիպելու նպատակով, նշելով, որ ակտիվ քարոզարշավը դեռ շարունակվում է, իսկ եզրափակիչ հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 23-ին՝ Գայ գյուղում։
Խոսելով բնակիչների հետ շփումների մասին՝ նա հավելեց, որ գյուղացիները վստահում են իրենց փորձին, իսկ քարոզարշավի ընթացքում բացասական արձագանքներ չեն ստացել․ «Անկեղծ ասած, գյուղացին այլևս մեզ ոչինչ չի ասում, միայն ասում են՝ մեզանից լավ գիտեք` մեզ ինչ է պետք»։
Ինչպես փաստեց Ղազարյանը, բնակչության հետ անմիջական կապը պահպանվում է նաև ամենօրյա աշխատանքի ընթացքում․ համայնքապետարանն ու ղեկավար կազմը մշտապես բաց են քաղաքացիների համար, թեև ընդունելության համար նախատեսված է առանձին օր՝ չորեքշաբթին։
Ընտրական շանսերի և մրցակցի վերաբերյալ Ղազար Ղազարյանը զուսպ էր՝ նշելով, որ վերջնական խոսքը ընտրողինն է․ «Ժողովուրդն իր խոսքը կասի ամսի 25-ին։ Թող յուրաքանչյուրն իր ծրագիրը ներկայացնի, իսկ բնակիչներն ընտրեն այն տարբերակը, որն առավել կհավանեն:
Զրույցի ավարտին Ղազար Ղազարյանը Արաքս համայնքի բնակիչներին կոչ արեց անպայման մասնակցել ընտրություններին՝ նշելով, որ համայնքի զարգացման շարունակականությունն ապահովելու համար կարևոր է յուրաքանչյուր քվե։
Հավելենք նաև, որ մեր իրականացրած սոցիոլոգիական հարցումների արդյունքները ևս փաստեցին բնակչության շրջանում համայնքապետարանի կատարած աշխատանքների վերաբերյալ ձևավորված դրական տրամադրություններն ու տեսանելի փոփոխությունների գնահատումը։
Հեղինակ՝ Մերի Եղիազարյան





