Մեծ պահանջարկ ունեցող նոր համարանիշերը կարժենան 250 հազարից 8 միլիոն դրամ և կտրամադրվեն առանց աճուրդի. ՆԳՆ

Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող, նոր չափորոշիչներին համապատասխանող համարանիշերի արժեքը կկազմի 250 հազարից մինչև 8 միլիոն դրամ։ Դրանք հնարավոր կլինի ձեռք բերել ուղղակի վճարմամբ՝ առանց էլեկտրոնային աճուրդի մասնակցելու։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ներքին գործերի նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը։
Մարանդյանն ընդգծեց, որ փոփոխությունները չեն վերաբերում առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերին։
«Առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի հետ կապված աճուրդային կարգավորումները ինչպես եղել են, այնպես էլ շարունակելու են գործել։ Այդ չափորոշիչներում որևէ փոփոխություն չի կատարվել։ Խոսքը բացառապես հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի մասին է»,- ասաց Մարանդյանը։
Նրա պարզաբանմամբ՝ առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերում առկա է հինգ զրո կամ չորս զրո և մեկ այլ թիվ։ Նոր չափորոշիչները վերաբերում են այն համադրություններին, որոնք նախկինում ընդգրկված չէին մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի շարքում, սակայն հետաքրքրություն էին ներկայացնում քաղաքացիների համար։
Նոր չափորոշիչներով համարանիշի մի կողմում լինելու են զրոներ՝ ֆիզիկական անձանց համար երկու, իսկ իրավաբանական անձանց համար՝ երեք զրո։ Մյուս կողմում երեք թվերը կարող են լինել միևնույն թվի կրկնություն, օրինակ՝ 111, կամ երեք թվերից երկուսը կարող են կրկնվել, օրինակ՝ 121։ Լատինական տառերը կարող են լինել ինչպես միևնույնը, այնպես էլ տարբեր։
«Գնային սեգմենտը սահմանվել է 250 հազարից մինչև 8 միլիոն դրամի միջակայքում։ Ընդհանուր առմամբ՝ մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի նվազագույն գինը սկսվում է 60 հազար դրամից և հասնում մինչև 8 միլիոն դրամ, սակայն նոր չափորոշիչներ ավելացվել են միայն 250 հազարից 8 միլիոն դրամ գնային հատվածում»,- նշեց Մարանդյանը։
ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետի տեղակալ Տիգրան Գևորգյանն ընդգծեց, որ առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերը հնարավոր է ձեռք բերել միայն էլեկտրոնային աճուրդի միջոցով, մինչդեռ նոր չափորոշիչներով մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը կտրամադրվեն ուղիղ ձեռքբերմամբ։
«Քաղաքացին տրանսպորտային միջոցի հաշվառման գործընթացի ժամանակ կարող է վճարել հստակ սահմանված արժեքը և ստանալ համարանիշը։ Այստեղ խոսքը ուղիղ ձեռքբերման, այլ ոչ թե աճուրդի մասին է»,- ասաց Գևորգյանը։
Նոր համարանիշերի նկատմամբ կգործեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի համար արդեն սահմանված կանոնները։ Տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելուց հետո համարանիշի օգտագործման իրավունքը վեց ամիս կպահպանվի դրա ձեռքբերողի անունով։
Այդ ընթացքում քաղաքացին կարող է համարանիշը տեղադրել իր մեկ այլ տրանսպորտային միջոցի վրա կամ տրամադրել մերձավոր ազգականին։ Եթե վեց ամսվա ընթացքում համարանիշը չօգտագործվի, այն կներառվի ազատ համարանիշերի ցանկում և կարող է ձեռք բերվել այլ քաղաքացու կողմից։




