ԳլխավորԿյանքը de factoՀամայնքներ

‹‹Մենք աշխատում  ենք, որ ոչ մի օր, ոչ մի ժամ խնդիր չունենանք››. Մերձավանում նախընտրական տրամադրություններ են

106.7kviews

Արմավիրի մարզի Մերձավան համայնքում, ինչպես և ՀՀ մի շարք համայնքներում, սույն թվականի սեպտեմբերին 18-ին տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ: Այս առթիվ՝ հավատարիմ մնալով մեր սկզբունքներին՝ այցելեցինք Մերձավան, զրուցեցինք բնակչության, գյուղապետարանի աշխատակազմի, համայնքի ներկայիս ղեկավար, համայնքի ղեկավարի թեկնածու Լ. Գրիգորյանի հետ, շրջեցինք համայնքում՝ այս ամբողջ ընթացքում կատարված աշխատանքների մասին լսելուց զատ, նաև սեփական աչքերով տեսնելու դրանք, ծանոթացանք նախընտրական տրամադրություններին:

Նշենք, որ արդեն երկար տարիներ՝  1996թ.-ից մինչ այսօր Մերձավանի գյուղապետն է Լևոն Գրիգորյանը, ով, ինչպես փաստում են բնակիչներն ու համայնքապետարանի աշխատակիցներն, այս ամբողջ ընթացքում ջանասիրաբար աշխատել է և եթե սկսեն թվարկել նրա կատարած աշխատանքները, հանկարծ կարող է ինչ-որ բան մոռանան: Նրանց խոսքերով՝  գյուղապետ Գրիգորյանի ընտրվելու առաջին իսկ օրվանից համայնքի առջև դրված խնդիրներից առաջնայինը եղել է խմելու ջրի և ջրագծի հարցը, որի արդյունքում այսօրվա դրությամբ ջրի հարցն ամբողջովին կարգավորված է: Նշվեց նաև, որ ուշադրության կենտրոնում մշտապես եղել են մանկապարտեզն ու դպրոցը. Մինչ օրս համայնքը դպրոցում մշտապես ներդրումներ է կատարել, որի արդյունքում իրականացվել են վերանորոգման մի շարք աշխատանքներ՝ տանիքի, դահլիճի, սպորտդահլիճի,սանհանգույցի, պատուհանների և այլն: Բոլորը հպարտությամբ խոսեցին գյուղի մանկապարտեզի մասին՝ ամբողջովին, կատարյալվերանորոգված, ապահովված ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային բոլոր հարմարություններով, սանիտարահիգիենիկ, ուսումնադաստիարակչական պայմաններով: Այն անցած տարի ճանաչվել է Արմավիրի մարզի ‹‹Լավագույն մանկապարտեզը» (մենք եղել ենք նաև մանկապարտեզում, որի մասին վերջում առանձին կանդրադառնանք):

Անդրադառնալով քառամյա ծրագրերով նախատեսված աշխատանքներին գյուղապետի տեղակալ Արևհատ Եսայանն ասաց. ‹‹Քառամյա ծրագրից բացի, որը Ձեզ մեծ սիրով կտրամադրենք, նաև ընթացիկ հարցեր են եղել, ներառված գործընթացներից բացի ավելին է կատարվել: Ամենօրյա աշխատանքի արդյունքում առաջ են գալիս խնդիրներ, որոնք կատարման կարիք ունեն և գյուղապետն իր աշխատակազմի և  լծակների օգնությամբ ամենասեղմ ժամկետներում կատարում է: Յուրաքանչյուր աշխատակից ունի համապատասխան հանձնարարություն, որն իրականացվում է ամենայն պատասխանատվությամբ և, ամենակարևորը, ժամանակին ››:

Համայնքի ղեկավար Լևոն Գրիգորյանն  էլ մեզ հետ զրույցում առաջնահերթ նշեց, որ իրենք աշխատում են տարվա սկզբից մինչև տարեվերջ, ամեն օր՝ մշտապես լուծում տալով բոլոր հարցերին. ‹‹Չկա մի բնագավառ, որ գյուղապետարանի ուշադրությունից դուրս լինի: Մենք աշխատում  ենք, որ ոչ մի օր, ոչ մի ժամ խնդիր չունենանք:

Քանի որ այս ընթացքում բազմաթիվ գործեր են արվել, ես դրանցից կառանձնացնեմ մի քանիսը՝ ելնելով ժամանակային և ծավալային նկատառումներից.  խմելու ջրի ջրատարը 1.7 կմ. երկարությամբ փոխվել է պլաստմասե խողովակներով, գյուղն ամբողջությամբ ապահովված է ջրով:  Մենք ունենք ջրամաբար՝ 300 տոննա տարողությամբ և ջուր տրվում է բնակչությանը սահող գրաֆիկով՝  անհրաժեշտ ուղղություններով:

Ոռոգման ցանցում ևս մեծ աշխատանքներ են տարվել. ‹‹Հազարամյակների մարտահրավերներ›› ծրագրի շրջանակներում  համայնքի կողմից 20%ներդրումների առկայությամբ խողովակաշարեր են անցկացվել՝ 1.6 կմ, և մեր նպատակն է այս տարի նորոգման կարիք ունեցող որոշակի հատվածներում էլ աշխատանքներ իրականացնենք, որպեսզի ավելի լավ ցանց ունենանք:

Կենտրոնական բոլոր փողոցները լուսավորված են, աշխատանքներ մշտապես տարվում են: Եկող տարվա պլանների մեջ է մտնում նաև էկոնոմ լապտերներին անցնելը, որը թույլ կտա խնայել էլ.էներգիան, իսկ արդյունքում խնայված գումարները կուղղվեն այլ նպատակների համար:

Նշեմ, որ համայնքի մանկապարտեզն այն եզակիներից է, որ գործում է նաև ձմռանը, այսինքն՝ ապահովված է ջեռուցմամբ: Ասեմ, որ չորրորդ խումբն էլ է արդեն գործում, ընդհանուր առմամբ 120 երեխա ունենք:

Միջնակարգ դպրոցում ևս վերանորոգումը կատարված է, պատուհաններն ու դռները փոխված են,  ջեռուցման համակարգը անցկացվել է,  ապահովվել ենք սանիտահարահիգիենիկ  բոլոր պայմաններով, մնում է միայն պատերի ներքին հարդարման աշխատանքները կատարել՝  ներառյալ հատակը: Բոլորովին վերջերս փոխել ենք ուսուցչանոցի սեղանները:

Գլխավոր փողոցները ասֆալտապատված են, մշտապես կատարվում են փոսալցման աշխատանքներ: Այս տարվա առաջին կիսամյակում վերանորոգվել են խաղահրապարակները:

Համայնքի կոյուղին շատ հին է և հաճախակի է նորոգման կարիք ունենում. այս շրջանակներում 2016թ.-ի առաջին կիսամյակում շուրջ 150 գծամետր կոյուղու ջրագիծ է մաքրվել: Աղբահանությունն էլ կատարվում է պարտադիր շաբաթական երկու անգամ: Պետք է նշեմ, որ այն կատարվում էր դեռ 90-ականներին, երբ հացի խնդիր կար:

Մշակութային կյանքին էլ մի փոքր անդրադարձ կատարելով նշեմ, որ մշակույթի տունը ևս վերանորոգվել է: Այնտեղ գործում են ֆուտբոլի, պարի, նկարչության, կարատեի ինքնագործ խմբակներ: Բոլոր միջոցառումների կազմակերպմանը և մասնակիցների տեղափոխմանն աջակցում է համայնքապետարանը: Հպարտությամբ ընդգծեմ, որ ‹‹Մերձավան 98» ֆուտբոլային թիմը մշտապես մասնակցում է հանրապետական, մարզային առաջնություններին, ֆուտբոլի փնջային մրցաշարերին՝ բազմիցս արժանանալով պատվոգրերի:

Ունենք հատուկ սոցիալական օգնության ֆոնդ, որի շրջանակներում բոլոր բնակիչներին հավասարաչափ, ըստ պատկանելության, ըստ անհրաժեշտության աջակցում ենք:

Կատարվածի և կատարվելիքի այս շարքը կարելի է անվերջ համալրել, բայց, թերևս, այն ավարտեմ  համայնքի 2016թ.-ի հիմնախնդիրներով, որոնց կատարման ուղղությամբ այժմ աշխատում  ենք: Դրանք  են՝

  1. Դպրոցի շենքի մասնակի վերանորոգում
  2. Ոռոգման համակարգի որոշակի հատվածի վերակառուցում
  3. Փողոցների մասնակի ասֆալտապատում››:

Աշխատակազմի քարտուղար Հրանտուհի Գևորգյանն էլ ընդգծեց համայնքի ղեկավարի՝ մեծ բարեգործ լինելու անժխտելի փաստը. ‹‹Մարդիկ, ովքեր առողջական խնդիրներ և բժշկական միջամտության դիմելու կարիք ունեն՝ պարոն Գրիգորյանը, բացի համայնքի ղեկավարի կամավոր լիազորություններից, նրանց օգնում է ֆինանսապես: Մշակույթի տան փողոցն էլ վերջերս, մի երկու ամիս առաջ իր անձնական միջոցների հաշվին ասֆալտապատեց: Բացի այս ամենը՝ նա պարտադիր ամեն զինակոչիկին անձամբ է ճանապարհում հայոց բանակ: Ապրիլյան դեպքերի հետ կապված էլ կամավորներին իր մեքենայով է տարել, էլ չեմ խոսում այդ օրերին նյութապես և ֆինանսապես աջակցելու մասին››:

Վերջին տեղեկության հետ կապված նշենք, որ քառօրյա պատերազմի ժամանակ առաջացած վնասներն ու ավերածությունները վերականգնելու նպատակով Լեռնային Ղարաբաղի հանրապետությանը որպես օգնություն, համայնքապետարանը տրամադրել է 200.000 ՀՀ դրամ: Նույն նպատակի համար համայնքի ղեկավարի, ավագանու անդամների, համագյուղացիների, անհատ կամավորների նախաձեռնությամբ երկու անգամ՝ համապատասխանաբար 2 300 000 ՀՀ դրամ, 1 500 000 ՀՀ դրամ արժողությամբ սնունդ, հագուստ և դեղորայք է ուղարկվել Արցախ, իսկ կամավորական ջոկատ կազմած մերձավանցի տասներեք մասնակիցներին համայնքապետարանը, որպես խրախուսանք, հատկացրել է 70 000-ական ՀՀ դրամ:

‹‹Ես ընդհանրապես խոստումներ չեմ տալիս, պարզապես գործում եմ, որը տեսնում են բոլորը, և որը միշտ է այդպես լինելու››,- ահա նման նախընտրական խոսքով ավարտեց մեզ հետ զրույցը Մերձավան համայնքի ղեկավար Լ.Գրիգորյանը:

Վերջում, ինչպես արդեն նշել էի, եղանք նաև այդքան գովելի մանկապարտեզում, զրուցեցինք տնօրեն Գայանե Սարգսյանի հետ. ‹‹Մանկապարտեզը նախատեսված է 120 երեխայի համար և նույնիսկ ավելին:  Ապահովված ենք ամեն ինչով, ինչպես և տեսնում եք: Սնունդը տենդերով հաստատված է, մատակարարվում է Երևանից, միշտ որակյալ և համով սնունդ ենք տալիս երեխաներին, եթե այն որակյալ չի լինում, բնականաբար հետ ենք ուղարկում: Լոկալ ջեռուցում ունենք, որն ապահովում է գյուղապետարանը, մենք ընդհանրապես գումարից տեղյակ չենք: Այստեղ ես ոչինչ չունեմ արած, ամեն ինչը՝ ներառյալ նաև բակի նորոգումը գյուղապետի արածն է: Եթե որոշենք մանկապարտեզի ֆոնդով անել ինչ-որ բան՝ այն չի բավականացնի: Մեզ մոտ արդեն ավանդույթ է դարձել  երեխաների ծննդյան տարեդարձները նշել հեքիաթների հերոսների հետ, որը մեծ բավականություն  է պարգևում փոքրիկներին: Բացի այդ, տարին չորս անգամ Տիկնիկային թատրոնից գալիս են այստեղ, մեր դահլիճում ներկայացումներ են խաղում: Սա նույնպես պարոն Գրիգորյանի նախաձեռնությունն է, որի, ինչպես նաև ցանկացած այլ նախաձեռնության համար ոչ մի ծնող գումար չի վճարում››:

Ստորև ներկայացնում ենք մանկապարտեզում արված լուսանկարները:

 

Ընտրությունների հետագա զարգացումների մասին կներկայացնենք մեր հետագա հրապարակումներում:

Հեղինակ՝ Մերի Եղիազարյան

Leave a Response