Կյանքը de facto

Մենք չունենք ԱԳ նախարարի պաշտոնակատար, քանի որ պաշտոնակատարի որոշում առկա չէ, ունենք օրենքի ուժով պարտականություն կատարող. ԱԳՆ

618views

Մենք չունենք Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար, ունենք օրենքի ուժով պարտականություններ կատարող, քանի որ պաշտոնակատարի որոշում առկա չէ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ Սերոբ Բեջանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ով է այս պահին հանդիսանում արտգործնախարարի պաշտոնակատարը, քանի որ ԱԳ նախարար Արա Այվազյանը հրաժարական է տվել:

«Պարտականությունները իրականցնում է ամենաերկար պաշտոնավարող տեղակալներից մեկը։ Անուն չեմ կարող նշել, քանի որ դրա վերաբերյալ չկա իրավական որոշում։ Փոխնախարարներից մեկը, ով ամենաերկարն է պաշտոնավարել, օրենքի ուժով իրականացնում է այդ պարտականությունները»,- նշեց Սերոբ Բեջանյանը։

Ուսումնասիրելով նախարարի տեղակալների պաշտոնավարելու ժամանակահատվածը՝ տեղեկացանք, որ փոխնախարարներից ամենաերկարը պաշտոնավարել է Արտակ Ապիտոնյանը, ով նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ 2018թ. դեկտեմբերի 28-ին։ Մյուս տեղակալներից Ավետ Ադոնցը նախարարի տեղակալ է նշանակվել 2019 թվականի հունվարի 29-ին, Արմեն Ղևոնդյանը՝ 2020թ․ նոյեմբերի 27-ին, իսկ Գագիկ Ղալաչյանը, ով օրերս ազատման դիմում է ներկայացրել, բայց դեռ շարունակում է իր պաշտոնավարումը, քանի որ ազատման որոշումը չի ստորագրվել, նախարարի տեղակալ է նշանակվել 2020թ. դեկտեմբերի 28-ին։

Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող տեղեկություններին, որ մյուս երեք փոխնախարարներն էլ են հրաժարականի դիմում ներկայացրել, Tert.am-ին ԱԳՆ-ից հայտնեցին. «Իրենց ազատվելու մասին պետք է լինի համապատասխան որոշում, եթե չկա այդ որոշումը, ուրեմն՝ բոլորը կատարում են իրենց պարտականությունները»:

Leave a Response