Կյանքը de factoՀամայնքներ

«Մեր պայքարը հանուն արդարության է». Հակոբ Մելքոնյան

4views

 

Հոկտեմբերի 25-ին ՀՀ մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում, սպասվում են ավագանու ընտրություններ: Այստեղ, ինչպես արդեն տեղեկացրել էինք, մրցակցում են երկու քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Արդարություն» կուսակցությունների դաշինքը։ Հավատարիմ մնալով օբյեկտիվ և բազմակողմանի լուսաբանման մեր սկզբունքին՝ ընտրողներին նախընտրական ծրագրերն ու մրցող ուժերի մոտեցումները ներկայացնելու նպատակով այս անգամ զրուցել ենք «Արդարություն» դաշինքի թեկնածու Հակոբ Մելքոնյանի հետ՝ հասկանալու համայնքային կառավարման նրա տեսլականը և առկա խնդիրների լուծման գործնական ուղիները։

Տեղեկացնենք, որ «Արդարություն» կուսակցությունների դաշինքը գրանցված ընտրական միավորում է, որի ցուցակը գլխավորում է Հակոբ Մելքոնյանը: Դաշինքի ավագանու թեկնածուների ցուցակում ընդգրկված են Արաքսի և հարակից 12 բնակավայրերի ներկայացուցիչներ, տեղի ակտիվիստներ ու համայնքի զարգացմամբ մտահոգ քաղաքացիներ: Դաշինքի առաջնորդի քաղաքացիական ու քաղաքական պայքարը սկսվել է դեռ տարիներ առաջ: Տեղական իշխանությունների, գեներալների ու օլիգարխիկ համակարգի ճնշումներից ու արատավոր մթնոլորտից դժգոհ՝ նա մշտապես եղել է պայքարի ակունքներում. 2016 թվականին առաջադրել է իր թեկնածությունը տեղական ընտրություններում, իսկ «Սասնա Ծռերի» և 2017թ. «ՕՐՈ» դաշինքի իրադարձությունների ժամանակ ակտիվորեն պաշտպանել է տղաներին, ինչի պատճառով ենթարկվել է հետապնդումների, իսկ իր և համակիրների դեմ նույնիսկ քրեական գործեր են հարուցվել: 2018 թվականի Թավշյա հեղափոխության օրերին նա եղել է մարզի ամենաակտիվ կազմակերպիչներից ու պայքարողներից մեկը: Հեղափոխությունից հետո, համարելով, որ երկիրն ազատվել է լարված ու անարդար վիճակից, նա հեռացել է քաղաքականությունից և նվիրվել իր բիզնեսին ու սպորտային դպրոցին:

Սակայն հետհեղափոխական շրջանն ու հատկապես 2020 թվականի պատերազմն ու դրան հաջորդած իրադարձությունները ամբողջությամբ փոխեցին իրավիճակը: Անդրադառնալով իր հասցեին հնչող քննադատություններին ու «քոչարյանական» լինելու պիտակավորումներին՝ Հակոբ Մելքոնյանը պարզաբանեց, որ 2021 թվականի ընտրություններին ինքը դեմ է եղել Քոչարյանին, սակայն հետագայում, երբ երկիրը հայտնվեց քաղաքական փակուղում, ստիպված էր վերլուծել իրավիճակը: Նրա խոսքով՝ ամենացավոտն ու վիրավորականը Արցախի կորուստն էր և դրան հաջորդած քայլերը, ինչպիսիք էին՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին Արցախի մասին գիրք նվիրելու համար կամ Սարդարապատի դպրոցի տնօրենին Փառքի անկյունում Արցախի դրոշի պատճառով աշխատանքից ազատելը: Այդ իրադարձություններից հետո նա վերջնականապես համոզվել է, որ գործող իշխանության հետ հետդարձի ճանապարհ չկա, և որոշել է աջակցել Ռոբերտ Քոչարյանին՝ նրան համարելով պետականամետ ու հայամետ գործիչ՝ արժևորելով նրա կառավարման մոդելն ու արդյունքները:

Խոսելով նախընտրական շրջանում տիրող անհավասար մրցակցության և վարչական ճնշումների մասին՝ Հակոբ Մելքոնյանը նշեց, որ պետական ու համայնքային ոլորտի աշխատակիցների մեծ մասը ստիպված է գործել սարսափի ու ճնշումների մթնոլորտում: Նրա փոխանցմամբ՝ իշխանությունները դիմում են ամենաստոր միջոցներին. երբ քաղաքացիները նույնիսկ մասնավոր տարածքներում փակցնում են իրենց նախընտրական պաստառները, հաջորդ իսկ օրը սկսվում են սպառնալիքներն ու վախեցնելու փորձերը: Աշխատողներին կանչում են ու ազատման դիմումներ պահանջում, իսկ որոշ դեպքերում մարդկանց ընտանիքների վրա լծակներ բանեցնելով՝ ընդհուպ անձնական ու ընտանեկան լուրջ խնդիրներ են առաջացնում քաղաքացիների համար:

Անդրադառնալով քարոզարշավի ընթացքին՝ Հակոբ Մելքոնյանը նշեց, որ իրենց գլխավոր նպատակը համախոհներ հավաքելն ու մարդկանց մեջ արդարության հույսը վերականգնելն է: Հենց այս գաղափարի շուրջ էլ ձևավորվել է իրենց թիմի՝ «Ո՛չ վախ, ո՛չ լռություն» կարգախոսը. «Մեր կարգախոսը պատահական չէ ընտրված. մենք կոչ ենք անում մարդկանց հաղթահարել վախի մթնոլորտը և չլռել անարդարությունների դեմ: Մենք ո՛չ ֆինանսական ռեսուրսներ ունենք, ո՛չ էլ վարչական լծակներ, բայց մի քանի օրվա քարոզարշավի, երթերի ու անմիջական շփումների շնորհիվ կարողացել ենք կոտրել այդ պատնեշը: Ինձ համար ամենամեծ պատասխանատվությունը զոհված տղաների հիշատակն է. երբ մտածում ես, որ մարդիկ իրենց կյանքն են տվել հանուն ապագայի, դա քեզ մղում է անկոտրում պայքարի»,— ընդգծեց թեկնածուն:

Մելքոնյանի խոսքով՝ իշխող թիմը տարիներ շարունակ կտրված է եղել բնակիչներից, և հիմա, չկարողանալով անմիջականորեն շփվել մարդկանց հետ, ստիպված է դիմել վարչական ռեսուրսին. «Իրենց հավաքներին մարզպետին են հրավիրում և դպրոցներից ու մանկապարտեզներից ստիպողաբար, պարտադրանքով աշխատակիցների են բերում, որպեսզի մարդաշատություն ապահովեն: Բայց մարդիկ արդեն հոգնել են այդ ամենից, իսկ մեր հաղթելու շանսերը շատ բարձր են, որովհետև բնակիչներն իրական փոփոխություն են ուզում»:

Միևնույն ժամանակ, թեկնածուն շեշտեց, որ Արաքս համայնքում ավագանու ընտրությունները ոչ թե արտաքին քաղաքականության կամ բանակաշինության հարցեր են լուծում, այլ վերաբերում են համայնքային բյուջեի արդյունավետ ծախսմանն ու առողջ միջավայրի ձևավորմանը: Այստեղ որոշվելու է, թե ինչպես են ծախսվելու համայնքին հասանելի միջոցները և ինչպիսի միջավայրում է մեծանալու մատաղ սերունդը: Նրա փոխանցմամբ՝ իրենց համայնքում արդեն իսկ օրինակելի վիճակ է. չկան գողություններ կամ թմրանյութերի շրջանառություն, իսկ իրենք գալիս են ապահովելու արդար կառավարում: Սա իրենց թիմի երդումն է, և եթե որևէ մեկը խախտի արդարության սկզբունքը, տեղ չի ունենա թիմում:

Հակոբ Մելքոնյանը նշեց, որ իր համար աշխատանքը համայնքապետի պաշտոնում ծառայություն է. «Ես անմնացորդ աշխատելու եմ համայնքի համար, քանի որ զոհված տղաներն իրենց կյանքն են տվել այս հողի համար, և հիմա մեր հերթն է արդարացնելու նրանց սպասումները՝ շենացնելով մեր համայնքը»,— ասաց Մելքոնյանը:

Անդրադառնալով վաղվա քաղաքական ու բարոյական մթնոլորտին՝ թեկնածուն շեշտեց, որ իր ընտրվելու դեպքում որևէ համայնքային աշխատակից՝ փոխհամայնքապետից մինչև հավաքարար, չի ենթարկվելու վարչական ճնշումների, և գործընթացը հիմնված է լինելու բացառապես գաղափարների վրա: Իր համար ֆինանսն արժեք չէ, արժեքը հայ մարդն է, ուստի նա կոչ արեց Արաքսի և հարակից 12 բնակավայրերի բնակիչներին՝ առանց վախենալու գնալ ընտրատեղամասեր, պահանջել արդարություն և կատարել քվեարկություն՝ վստահ ու առանց վախի:

Հեղինակ՝ Մերի Եղիազարյան

Leave a Response