ԱրժեքներԳլխավոր

<<Վստահորեն կարող ենք ասել, որ մեր գիտական արդյունքներն անշեղորեն աճել են>> . Ռադիկ Մարտիրոսյան

22.1kviews

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան ՀՀ-ում բարձրագույն գիտական ինքնակառավարվող պետական հաստատություն է: Այն միավորում է ԳԱԱ անդամներին և համակարգի գիտական հաստատությունների, հիմնարկների ու ձեռնարկությունների աշխատողներին, նաև կազմակերպում և իրականացնում է հիմնարար ու կիրառական գիտական հետազոտություններ, համակարգում հանրապետությունում կատարվող հիմնարար հետազոտությունները:

Հայաստանի գիտությունների ակադեմիան հիմնադրվել է 1943թ. նոյեմբերի 10-ին՝ 1935 թվականից գործող ԽՍՀՄ հայկական մասնաճյուղի հիման վրա: 1993թ.-ից դարձել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա:
Առաջին հիմնադիրներից մեկը և պրեզիդենտն էր ԽՍՀՄ ԳԱ և Հայաստանի ԳԱ իսկական անդամ Հովսեփ Օրբելին, իսկ 1947-1993 թթ.՝ ԽՍՀՄ ԳԱ և Հայաստանի ԳԱ իսկական անդամ Վիկտոր Համբարձումյանը: 1993-2006 թթ. ՀՀ ԳԱԱ-ն ղեկավարել է ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանը: 2006թ. մայիսի 17-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ է ընտրվել ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:

ՀՀ ԳԱԱ-ն, որպես պետական գիտական հաստատություն, գիտահետազոտական ինստիտուտների, նրանց հավասարեցված հաստատությունների, օժանդակ ծառայությունների և կառավարման մարմնի՝ նախագահության միասնությունն է: ՀՀ ԳԱԱ-ն միավորում է 34-ից ավելի գիտական ինստիտուտներ, հաստատություններ, ձեռնարկություններ և այլ կազմակերպություններ: ՀՀ ԳԱԱ նախագահությունն ըստ բնագավառների ունի գիտությունների հինգ բաժանմունք՝

· մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունք,

· ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունք,

· բնական գիտությունների բաժանմունք,

· քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունք,

·հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք:

Որոշ ինստիտուտներ ունեն փորձակայաններ, հատուկ կոնստրուկտորական բյուրոներ, բուսաբանական այգիներ և այլն:
Նախագահությանն առընթեր գործում են Գիտական գրադարանը, Գիտական տեղեկատվության կենտրոնը, Միջազգային գիտակրթական կենտրոնը, ՙԳիտություն՚ հրատարակչական-արտադրական միավորումը, տպարանը, ինչպես նաև օժանդակ ծառայություններ:

Ակադեմիայի աշխատակիցների ընդհանուր թիվը 4000-ից ավելին է, այդ թվում 53 ակադեմիկոս, 57 թղթակից անդամ, 330 գիտության դոկտոր, 1105 գիտության թեկնածու: Ակադեմիայի կազմում ընդգրկված են նաև 4 պատվավոր անդամ, 122 արտասահմանյան անդամ և 52 պատվավոր դոկտոր: ՀՀ ԳԱԱ անդամների ընտրությունն անց է կացվում, որպես կանոն, ոչ ուշ, քան 3 տարին մեկ անգամ, ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովում:

ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչական-արտադրական միավորումը տարեկան հրատարակում է շուրջ 30 մենագրություններ, աշխատությունների ժողովածուներ, գիտական աշխատություններ և այլն: ԳԱԱ հրատարակում է 18 գիտական ամսագրեր:

Իսկ թե ինչ վիճակում է գտնվում գիտությունը Հայաստանում, նյութական և աշխատանքային ինչ պայմաններով են ապահովված գիտաշխատողները, միջազգային ինչպիսի համագործակցություններ ունենք և բնագավառին վերաբերվող այլ թեմաների մասին ամբողջական պատկերացում կարող եք կազմել ԳԱԱ պրեզիդենտ, ռադիոֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի հետ ունեցած մեր հարցազրույցից:

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:

Պարոն Մարտիրոսյան, համաշխարհային մակարդակով զարգացվածության ի՞նչ աստիճանի վրա է գտնվում հայաստանյան գիտությունը:

Պարզ է, որ գիտության մակարդակը որոշվում է գիտական հանրության կողմից ճանաչված արդյունքներով, այսինքն՝ եթե արտասահմանյան բարձր մակարդակ ունեցող գիտական կենտրոնները գիտեն այդ մասին, ավելին՝ դրանով հղումներ, ցիտումներ են անում, այսինքն՝ օգտվում են դրանցից, օգտագործում են սեփական հետազոտությունների և աշխատանքների մեջ, դա նշանակում է, որ այդ աշխատանքները կատարված են բարձր մակարդակով: Ինչքան բարձր լինեն այդպիսի աշխատանքների արդյունքները, այնքան բարձր կլինի ընդհանուր գիտության մակարդակը:

Մեր ԳԱԱ-ն միշտ եղել է ամենահայտնի կառույցներից մեկը, որտեղ կատարվել են բարձր որակի գիտական աշխատանքներ: Նախկինում գնահատման չափանիշներ չկային, բայց այսօր ամբողջ աշխարհում գիտական աշխատանքները չափելու համար ուղղություն կա, որը կոչվում է գիտաչափություն` наукометрия: Դա մի գործիք է, չափանիշ, որի օգնությամբ կարողանում ենք ասել, oրինակի համար` տվյալ հիմնարկը ավելի ակտիվ է աշխատում, կամ գիտնականը ավելի լավ արդյունքներ է ցուցաբերել և այլն: Այս ամենն էլ հիմնականում կախված է նրանից, թե այդ գիտական արդյունքներն ինչպիսի ամսագրերում են տպագրվել: Գիտական ամսագրերն էլ իրենց հերթին տարբերվում են բովանդակությամբ և ընթերցանության քանակով: Տարին մեկ անգամ ամեն ամսագիր հաշվում է իր վարկանիշը, մակարդակը, այլ խոսքով ասած՝ импат-фактор-ը: Աշխարհում կան հատուկ հայտնի շտեմարաններ, որոնք կատարում են այդ հաշվման գործընթացը: Ամբողջ աշխարհում կան նման բարձր վարկանիշ ունեցող 30, 40 ամսագրեր, օրինակ՝ <>, <>: Ռուսաստանի որոշ ամսագրեր ևս ունեն այդպիսի բարձր импат-фактор-ներ: Այսպիսով, այսօր դա փաստորեն չափման գործիք է, որով կարող ենք ասել, թե մեր գիտությունը կոնկրետ ինչ մակարդակի վրա է գտնվում: Ասվածը ապացուցեմ փաստերով. Unescon ամեն հինգ տարին մեկ անգամ տպում է մի մեծ ժողովածու, որը կոչվում է <>, որտեղ տպվում են աշխարհի տարբեր երկրների գիտական աշխատանքների արդյունքները. օրինակի համար Կենտրոնական և Միջին Ասիայի երկրների ( Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Իսրայել, Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղզստան, Մոնղոլիա, Թուրքմենստան, Տաջիկստան) շարքում սկսած 2003թ.-ից մինչև 2008թ.-ը մեր արդյունքները հավասար են 544-ի: Մյուս երկրների հետ համեմատած՝ զիջում ենք միայն Իսրայելին:

Ավելի թարմ արդյունքներ էլ կան. Ֆրանսիայի Կրթության և գիտության նախարարության աշխատակիցը հայ- ֆրանսիական համագործակցությանը նվիրված իր աշխատության մեջ նշել է, որ մենք եթե 2005թ.-ին ունեցել ենք 550 աշխատանքներ՝ տպագրված բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում, ապա 2012թ.-ին այն կրկնապատկվել է ՝ հասնելով 1050-ի: Վստահորեն կարող ենք ասել, որ մեր գիտական արդյունքներն անշեղորեն աճել են:

Մեկ այլ ցուցանիշով էլ ԱՊՀ երկրների հետ համեմատած, ասենք, Ադրբեջանի գիտնականների աշխատանքների ցիտումը 2448 է, մերը՝ 9197՝ չորս անգամ ավելի, ընդ որում , սա այն դեպքում , երբ մեր դոկտորների թիվը երկու անգամ ավելի քիչ է, քան նրանցը: Այստեղ միայն ՌԴ-ի գիտական արդյունքներն են գերազանցում մերին:

Այսպիսով, այս և նմանատիպ մյուս արդյունքները վկայում են այն մասին, որ Ակադեմիայի կառույցներում՝ ինստիտուտներում, լաբորատորիաներում, գիտական կենտրոններում կատարվում են գիտական բարձր մակարդակի աշխատանքներ՝ բարձրորակ մասնագետների շնորհիվ:

Մի փոքր պատմեք բարձրորակ գիտաշխատողների աշխատանքներից ստացված արդյունքների մասին, որքանո՞վ են դրանք գործածվում կյանքի տարբեր ոլորտներում:

Մեր ինստիտուտների կողմից ստացված արդյունքների մի մասը ձգտում ենք կիրառել տնտեսության մեջ, որվհետև այսօր դա գիտական գործունեության կարևորագույն պահանջն է: Գիտական արդյունքը պետք է օգտագործվի:

Ակադեմիայում հիմնականում ուսումնասիրությունները կատարվում են հիմնարար հետազոտությունների ուղղությամբ, այսինքն՝ նոր գաղափարի, որն իրագործելու համար երկար ճանապարհ պետք է անցնել, և որը կրկին նյութական միջոցներ է պահանջում: Մենք աշխատում ենք ունեցած հնարավորություններով: Այսօր դեղատներում կան դեղեր, որոնք արտադրվել են Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի կողմից, Կենսատեխնոլոգիայի կենտրոնում էլ արտադրվել է «Նարինե» մանկական սնունդը:

Կենսատեխնոլոգիայի ինստիտուտում մշակվել են նոր տիպի պարարտանյութեր, որոնք էկոլոգիապես ավելի մաքուր են և խթանում են բարձր բերքատվությանը:

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի աշխատողների կողմից ստացվել է խոզերի դաբաղի դեմ դեղորայք: Բացի դրանից Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտներում աշխատանքներ են տարվում մեր երկրի պաշտպանության ուղղությամբ: Սա պիտի լինի մեր գործունեության հիմնական ուղղություններից մեկը, որը դեռ ավելի պետք է զարգացնել;

Միջազգային ինչպիսի՞ համագործակցություններ, համատեղ ծրագրեր կան՝ գիտության զարգացմանը միտված:

Մենք պատրաստում ենք 2014թ.-ի տարեկան հաշվետվությունը, թե ինչ արդյունքներ ենք ունեցել ընթացիկ տարում: Արդեն իսկ ունենք աշխարհի տարբեր երկրների հետ 85 տարբեր ծրագրեր՝ դրամաշնորհներ, համատեղ աշխատանքներ: Ունենք 32 տարբեր ինստիտուտներ և ստացվում է, որ միջինում ամեն մի ինստիտուտ 3 այդպիսի համագործակցության ծրագիր ունի: Հայտնի է նաև, որ այսօր պետությունը դժվարություններ ունի գիտությունը ֆինանսավորելու համար, որը տնտեսության և ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակից է գալիս, այսինքն՝ պետությունը չի կարողանում մեզ տրամադրել այնքան գումար, որն անհրաժեշտ է մինիմալ կարիքների համար: Այդ իսկ պատճառով էլ պակասը լրացնում ենք միջազգային համագործակցությունների միջոցով:

2009թ.-ին Ֆրանսիայի հետ ունեինք 100 համատեղ աշխատանք, իսկ արդեն 2012թ.-ին ՝350-ը, այսինքն մեր համագործակցության ծավալները վերջին տարիներին մոտ 3 անգամ աճել են: Ակտիվորեն համագործակցում ենք նաև ԱՄՆ-ի, Դանիայի, Իտալիայի և արտասահամնայան մի շարք այլ երկրների գիտնականների հետ:

Ռուսաստանի Հիմնարար հետազոտությունների հիմնադրամի հետ մեր պետական կոմիտեն պայմանագիր ունի, համաձայն որի՝ երկու կողմերի կոլեգաների հետ համատեղ ծրագրեր ենք իրականացնում, ասենք՝ այստեղի ֆիզիկոսը Ռուսաստանի մի ուրիշ ֆիզիկոսի հետ որոշում են ուսումնասիրել նույն խնդիրը կամ գիտական պրոբլեմը և այս դեպքում, ըստ այդ պայմանագրի, ամեն պետություն ինքն է վճարում իր գիտնականաին՝ կատարված աշխատանքի համար: Իհարկե, հույս ունենք, որ Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակներում որոշակի դրական փոփոխություններ ևս կլինեն: Ամեն դեպքում մենք այսօր Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի 23 տարբեր ինստիտուտներից առաջարկներ ունենք, որոնք արդեն ընթացքի մեջ են:

Այսօր, կարելի է ասել, Հայաստանի Հանրապետության գիտությունը ամենաբարձր մակարդակի վրա է դրված, այդուհանդերձ, ունենալով նման արդյունքներ ՝ արդյո՞ք ունենք համաշխարհային բոլոր ստանդարտներին համապատասխան սարքավորումներ և իր կատարած բարձրորակ աշխատանքի դիմաց ըստ արժանվույն աշխատավարձ ստացող գիտնական:

Այսօր գիտական աշխատողի սոցիալական խնդիրն է նրա աշխատանքային պայմանները և նյութականը , ավելի կոնկրետ՝ աշխատավարձը: Պետք է ասել, որ ըստ էության, գիտնականի, գիտաշխատողի աշխատավարձը բավականին ցածր է: Այս մասին շատ է խոսվել, սա երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակի հետևանքն է :

Այսօր Ակադեմիայի համակարգում մոտավորապես 35000 մարդ է աշխատում, որոնցից առնվազն կեսը գիտական աշխատողներ են: Միջին աշխատավարձը մեր համակարգի համար 2014թ.-ի տվյալներով 115.000 դրամ է, որը ցածր է նունիսկ հանրապետության միջին արդյունքից: Բայց, ինչպես արդեն ասացի, ունենք մի շարք միջազգային ծրագրեր, որի շրջանակներում ընդգրկված աշխատողները ստանում են լրացուցիչ միջոցներ: Բացի դրանից, սոցիալական հարցերի մեջ է մտնում նաև աշխատանքային պայմանները: Մեր ինստիտուտի գիտական, հետազոտական հենքը՝ շենքերը, սարքավորումները, նյութերը բարոյապես և ֆիզիկապես մաշվել են, որովհետև երկար ժամանակ է , ինչ ի վիճակի չենք ձեռք բերելու ժամանակակից գիտական սարքավորումներ. սա մեր գլխավոր խնդիրներից մեկն է: Դրամաշնորհների միջոցով, իհարկե, կարողանում ենք համեստ քանակով ձեռք բերել , բայց դա բավարար չէ:

Ակադեմիայի արտասահմանյան անդամներ ունենք, ովքեր ապրում և աշխատում են արտասահմանում, բայց մեզ հետ սերտորեն համագործակցում են: Այս առումով սփյուռքի մեր հայրենակիցներին էլ ենք ներգրավվում ծրագրերում և նրանց օգնությամբ ու նաև միջոցներով իրականացնում աշխատանքներ, որի հնարավորությունն այստեղ չունենք: Ասենք, եթե տվյալ հետազոտության համար համապատասխան սարքավորումներ չունենք, մեր գիտնականը գնում և նրանց լաբորատորիայում է աշխատում:

Արտասահմանյան այդպիսի անդամներ ունենք աշխարհի 23 տարբեր երկրներից, ամեն 3-4 տարին մեկ անգամ նոր ընտրություն ենք կատարում: Սա մեզ բավականաչափ օգնում է լուծելու որոշակի խնդիրներ:

Ի դեպ այս տարի՝ 2015թ.-ին մեր նախագահի աջակցությամբ շահագործման կհանձնվի 2 խոշոր բնակելի շենք՝ հիմնականում երիտասարդ գիտաշխատողների համար՝ բավականաչափ մատչելի պայմաններով:

Զրուցեց Մերի Եղիազարյանը

Leave a Response