Միջազգային

ՌԴ բանակը հարված է նախապատրաստում Ուկրաինայի անվտանգության ծառայության տեխնոլոգիական օբյեկտների ուղղությամբ. ՌԴ ՊՆ

575views

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հարված են նախապատրաստում Ուկրաինայի Անվտանգության ծառայության տեխնոլոգիական օբյեկտների և Տեղեկատվական-հոգեբանական գործողությունների 72-րդ կենտրոնի ուղղությամբ, մարտի 1-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ինչպես գրում է Regnum գործակալությունը, հարվածը, որը կհասցվի ռուսական բանակի հատուկ ռազմական գործողության ընթացքում, նպատակ ունի կասեցնել Կիևի տեղեկատվական հարձակումները Ռուսաստանի դեմ։

«Ռուսաստանի դեմ տեղեկատվական հարձակումները ճնշելու համար ՈՒԱԾ-ի տեխնոլոգիական օբյեկտները և Կիևի Տեղեկատվական-հոգեբանական գործողությունների 72-րդ կենտրոնը կհարվածվեն բարձր ճշգրտության զենքերով»,- ասվում է հաղորդագրությունում։

Պաշտպանության նախարարությունն Ուկրաինայի քաղաքացիներին և Կիևի բնակիչներին, որոնք ապրում են ռելեային հանգույցների մոտ, կոչ է անում լքել իրենց տները։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը գերճշգրիտ զինատեսակներով խոցել են Ուկրաինայի երկու օդանավակայան և երեք ՀՕՊ ռադիոտեղորոշիչ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

Կոնաշենկովի խոսքով՝ Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայում ոչնչացրել են ընդհանուր առմամբ 1325 ռազմական ենթակառուցվածքային օբյեկտ։

«Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հարվածել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 1325 օբյեկտների, որոնցից 43-ը ուկրաինական զինված ուժերի կառավարման կետերն են ու կապի կենտրոնները», — ասել է նա։

Նաև, նրա խոսքով, ոչնչացվել է 395 տանկ և այլ զրահատեխնիկա, 59 բազմակի հրթիռային համակարգ, 179 դաշտային հրետանի և ականանետեր, 286 միավոր հատուկ ռազմական մեքենա։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Leave a Response