Կյանքը de factoՀասարակություն

Վթարի մեղավորը պարտավոր է վճարել ապահովագրության չհատուցած գումարը

73views

Վթարի հետևանքով ձեր մեքենան վնասվել է, իսկ ապահովագրական ընկերության հաշվարկած հատուցումը չի բավարարում այն վերանորոգելու համար։ Արդյո՞ք ստիպված եք ինքներդ վճարել ամբողջ տարբերությունը, թե՞ կարող եք այն պահանջել վթարի մեղավոր վարորդից։

«Iravaban.net ուսումնասիրել է օրենսդրական կարգավորումները և ներկայացնում է՝ ինչ իրավունքներ ունի տուժած վարորդը, ով է պատասխանատու չհատուցված վնասի համար և ինչ պետք է հաշվի առնել նման իրավիճակում։

 

 

Ե՞րբ է տարբերությունը վճարում վթարի մեղավոր վարորդը

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե տուժողի փաստացի կրած վնասը հատուցելու համար ապահովագրական հատուցումը բավարար չէ, ապա հատուցման և վնասի փաստացի չափերի միջև եղած տարբերությունը վճարում է վնաս պատճառած անձը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1066-րդ հոդվածի համաձայն։

 

 

 

Այսինքն՝ ԱՊՊԱ-ի շրջանակում ապահովագրական ընկերության վճարած գումարը միշտ չէ, որ սահմանափակում է տուժողի՝ վնասի փոխհատուցում պահանջելու իրավունքը։ Եթե վնասի ամբողջական հատուցման համար ապահովագրական վճարը բավարար չէ, ապա օրենքով սահմանված պայմանների առկայության դեպքում չհատուցված մասը կարող է պահանջվել վթարի հետևանքով վնաս պատճառած անձից։

 

Օրինակ՝ ինչպե՞ս է հաշվարկվում տարբերությունը․

 

Ենթադրենք՝ վթարից հետո մեքենայի վերանորոգման անհրաժեշտ ծախսերը գնահատվել են 2 միլիոն դրամ, իսկ ԱՊՊԱ-ի շրջանակում հատուցվել է 1 միլիոն 500 հազար դրամ։

 

Եթե 2 միլիոն դրամը վնասի իրավաչափորեն որոշված և ապացուցված չափն է, ապա չհատուցված տարբերությունը կազմում է 500 հազար դրամ։ Այդ գումարը կարող է պահանջվել վնաս պատճառած անձից՝ օրենքով սահմանված կարգով։

 

Սակայն կարևոր է հաշվի առնել, որ վերանորոգման արժեքը միայն բավարար չէ պահանջվող գումարի չափը հիմնավորելու համար․ անհրաժեշտ է նաև պարզել վնասի փաստացի չափը, դրա գնահատման հիմքերը և ապահովագրական հատուցման հաշվարկը։

 

Իսկ եթե մեքենայի վերանորոգումը տնտեսապես նպատակահարմար չէ՞

 

Օրենքը նախատեսում է նաև այն դեպքը, երբ մեքենայի վերանորոգումը նպատակահարմար չէ։ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մեքենան համարվում է ոչնչացված, եթե դրա վերանորոգումը տեխնիկապես անհնար է կամ տնտեսապես չհիմնավորված։ Այդպիսի իրավիճակ է համարվում նաև այն դեպքը, երբ վերանորոգման ծախսերը գերազանցում են մեքենայի՝ մինչև վթարը ունեցած արժեքի 80 տոկոսը։Այս դեպքում հատուցման հաշվարկը կատարվում է ոչ թե պարզապես վերանորոգման հաշվի հիման վրա, այլ՝ մինչև վթարը մեքենայի գնահատված արժեքի և դրա մնացորդային արժեքի տարբերությամբ՝ ապահովագրական գումարի սահմաններում։

 

Հետևաբար, եթե վերանորոգման նախահաշիվը գերազանցում է մեքենայի նախավթարային արժեքի 80 տոկոսը, անհրաժեշտ է պարզել՝ արդյոք տվյալ դեպքում կիրառելի է մեքենան ոչնչացված համարելու կարգավորումը։ Սա կարող է էականորեն ազդել հատուցման չափի հաշվարկի վրա։

 

Ի՞նչ անել, եթե ապահովագրական հատուցումը բավարար չէ

Եթե կարծում եք, որ հատուցումը չի ծածկում վթարի հետևանքով պատճառված վնասը, նպատակահարմար է՝

ապահովագրական ընկերությունից ստանալ վնասի գնահատման և հատուցման հաշվարկի վերաբերյալ փաստաթղթերը,

պահպանել մեքենայի վնասվածքները, վերանորոգման նախահաշիվը, հաշիվները և կատարված ծախսերը հաստատող փաստաթղթերը,

անհրաժեշտության դեպքում ստանալ մասնագիտական գնահատում՝ վնասի փաստացի չափը հիմնավորելու համար,

չհատուցված վնասի տարբերության պահանջով դիմել վնաս պատճառած անձին, իսկ համաձայնության չգալու դեպքում՝ քննարկել դատական պաշտպանության հնարավորությունը։

Եթե ապահովագրական ընկերության գնահատման կամ հաշվարկի հետ համաձայն չեք, պետք է առանձին պարզել՝ արդյոք առկա են հատուցման չափը վիճարկելու հիմքեր։ Վնասի փաստացի չափը, դրա պատճառահետևանքային կապը վթարի հետ և պահանջվող գումարի հիմնավորվածությունը կարող են էական նշանակություն ունենալ վեճի լուծման համար։

Իսկ եթե ունեք ԿԱՍԿՈ ապահովագրությո՞ւն

 

Եթե ձեր մեքենան ապահովագրված է նաև կամավոր ապահովագրությամբ՝ ԿԱՍԿՈ-ով, ապա հնարավոր հատուցումը և դրա պայմանները պետք է ստուգել համապատասխան պայմանագրով։ ԿԱՍԿՈ-ի առկայությունը ինքնին չի նշանակում, որ ցանկացած լրացուցիչ ծախս ամբողջությամբ կփոխհատուցվի․ կարևոր են ապահովագրական ծածկույթը, բացառությունները, սահմանաչափերը և պայմանագրի մյուս դրույթները։

Այսպիսով, եթե վթարից հետո մեքենայի վնասի հատուցումը բավարար չէ, տուժած վարորդը պարտադիր չէ, որ բոլոր դեպքերում ինքնուրույն կրի ամբողջ տարբերությունը։ ԱՊՊԱ-ի հատուցման և վնասի փաստացի չափի միջև եղած տարբերությունը, օրենքով նախատեսված պայմանների առկայության դեպքում, ենթակա է հատուցման վնաս պատճառած անձի կողմից։ Միաժամանակ պետք է ճիշտ որոշել վնասի չափը՝ հաշվի առնելով նաև մեքենան ոչնչացված համարելու վերաբերյալ օրենսդրական կանոնները,– տեղեկացնում է կայքը։

Leave a Response